Շատ համայնքներում «Քաղաքացիական պայմանագիրը» մասնակցում էր միայնակ։ Մենք ամիսներ շարունակ բարձրաձայնել ենք, որ համայնքներում ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ընդդիմադիր ուժերի և թեկնածուների նկատմամբ աննախադեպ ճնշումներ են տեղի ունենում: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ Սևակ Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ հոկտեմբերի 25-ին մի շարք համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրությունները, համայնքային խնդիրների լուծման փոխարեն, նոր հարցեր են առաջացրել ժողովրդավարության, քաղաքական մրցակցության և ընտրական գործընթացների վերաբերյալ։
Խաչատրյանը նշել է, որ ստեղծված իրավիճակի լրջության մասին էր վկայում նաև այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ քաղաքացիներին կոչ էր արել իրենց խնդիրներով դիմել իրեն։
«Սա կարևոր երկու հարց է առաջացնում՝ ինչո՞ւ քաղաքացին պետք է խնդրի լուծում փնտրի անձամբ վարչապետից, եթե դրա համար գոյություն ունեն իրավապահ մարմիններ և օրենքով սահմանված ընթացակարգեր։ Սա կա՛մ վկայում է իրավապահ համակարգի ինստիտուցիոնալ անգործության մասին, կա՛մ ստեղծում այնպիսի տպավորություն, որ խնդիրների լուծումը կախված է ոչ թե օրենքից, այլ մեկ մարդու որոշումից»,- ասել է նա։






