Միասին կանգնեցնելու ենք այս անվերջ թվացող աղետալի ընթացքը․ Սևակ Խաչատրյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի պատմության ամենանվիրական էջերից է։ 35 տարի առաջ այս օրը մենք միասնաբար ընտրեցինք Անկախությունը՝ հավատալով, որ ինքնիշխան պետականությունն է մեր ազգային ինքնության, անվտանգության և հարատևման միակ երաշխիքը։
Ցավոք, այսօր Անկախության տոնը դիմավորում ենք ոչ թե հպարտության, այլ խոր տագնապի ու ցավի զգացումով։
Այսօր մեր պետականության հիմքերը տատանվում են, իսկ օրվա իշխանությունները քայլ առ քայլ փորձում են մեզ զրկել մեր հիշողությունից, ինքնությունից և արժանապատվությունից։
Նրանք պատրաստ են հրաժարվել նույնիսկ մեր պետականության մայր փաստաթղթից՝ Անկախության հռչակագրից, որպեսզի հաճոյանան արտաքին թշնամուն և քողարկեն սեփական ձախողումները։ Հռչակագրից հրաժարվելը սովորական քաղաքական քայլ չէ. դա դավաճանություն է մեր անցյալին, մեր նահատակների հիշատակին և մեր երեխաների ապագային։
Անկախությունը պարզապես օրացուցային տոն չէ կամ հռետորաբանություն, այլ պայքար։ Պայքար՝ հանուն այն հողի, որի վրա ապրում ենք, հանուն այն արժեքների, որոնց համար սերունդներ են զոհվել, և հանուն այն պետության, որը չի ծնկում արտաքին ու ներքին ճնշումների առջև։
Մենք թույլ չենք տալու, որ մեր պետականության հիմնասյուները քանդվեն։
Հայաստանը եղել է, կա և մնալու է հայ ժողովրդի հավաքական կամքի ու արժանապատվության ամրոցը։
Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի առթիվ։ Մաղթում եմ մեզ ողջախոհություն, ամուր կամք և անկոտրում հավատ, որ միասին կանգնեցնելու ենք այս անվերջ թվացող աղետալի ընթացքը և վերականգնելու ենք մեր երկրի արժանապատիվ վերելքը։
Կեցցե՛ ազատ, անկախ և հզոր Հայաստանը…»։