Հայաստանի ժուռնալիստների միությունը (ՀԺՄ) հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ հերթական ճեպազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին կորցրեց ինքնատիրապետումը, երբ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը նրան հարց ուղղեց Խորհրդարանում երեկ Փաշինյանի կիրառած բառապաշարի ու խոսքի մշակույթի վերաբերյալ: Հիշեցնենք՝ Ազգային ժողովի այդ նիստն ուղիղ էր հեռարձակվում:
Լրագրողը ճեպազրույցում այսօր հիշեցրեց Փաշինյանի մշտական խոսքերը՝ ուղղված իր ընդդիմախոսներին:
«8 տարի է՝ սպառնում եք՝ կկզցնեմ, կսատկցնեմ, ասֆալտ լիզել կտամ, կդոմփեմ, էս կանեմ, էն կանեմ, 18+ ինչքան խուժանական սպառնալիք կա, ասել եք, նախորդ ճեպազրույցում էլ ասել եք՝ սաղի ձեռքը կջարդեմ, պետք լինի՝ աթոռով, ու ձեր մազը չի ծռվել»,- հարցրեց լրագրողը:
«Դուք անձամբ և Ձեզ նման բազմաթիվ լրագրողներ և քաղաքական գործիչներ Եռաբլուրը դարձրել եք մանրադրամ ձեր նեղ լրագրողական և ձեր նեղ շահերի համար: Ես ուղիղ ասում եմ՝ Դուք, անձամբ Դուք, «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» խմբակցությունը, էլի քաղաքական շրջանակներ ու մարդիկ Եռաբլուրը տևական ժամանակ դարձրել եք քաղաքական և հանրային մանրադրամ: Դուք այդ ճանապարհին եղկելի եք պարզապես, եղկելի, որովհետև դուք ընդհանրապես ի՞նչ գիտեք Եռաբլուրից: Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրե՛ք ձեր եղկելի գործելակերպը (…) … Դուք եղկելի եք, եղկելի, եղկելի, եղկելի եք, անձամբ դուք…»,- այսպիսին էր Նիկոլ Փաշինյանի արձագանքը լրագրողի հարցին ի պատասխան՝ կրկին ուղիղ եթերում:
Փաստացի Նիկոլ Փաշինյանը ոչ միայն իրեն սանձարձակ է պահում քաղաքական ընդդիմախոսների, իրեն քննադատող քաղաքացիների նկատմամբ, շարունակ հայհոյում, սպառնում ու վիրավորում նրանց, այլև վաղուց արդեն նրա ու իր քաղաքական թիմի թիրախում զանգվածային լրատվամիջոցներն ու իր տեսակետն անվերապահորեն չկիսող ու իրեն անհարմար հարցեր տվող լրագրողներն են:
Նույնիսկ միջազգային չափանիշներով անհամաչափ ու աննախադեպ տույժերն ու տուգանքները, որոնցով դատական ակտերի միջոցով փորձում են լռեցնել լրատվամիջոցներին, լրագրողներին, հասարակական գործիչներին, Նիկոլ Փաշինյանին չեն բավարարում, ու վերջինս պատերազմ է հայտարարել լրագրողներին, լծվել լրագրողներին ահաբեկելու, սպառնալու, վիրավորանքներ հասցնելու, հանիրավի մեղադրելու գործին:
Հայաստանի ժուռնալիստների միությունը բազմիցս իշխանություններին և նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանին հորդորել է կոռեկտ լինել լրագրողների հետ զրույցներում, զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ գռեհիկ բառապաշարից, չխոչընդոտել նրանց աշխատանքը, հարգել այն, անգամ, եթե լրագրողն անվերապահորեն չի կիսում իր մտքերը կամ օրակարգերը, սակայն մեր ջանքերն ապարդյուն են անցել:
Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել լրագրողների նկատմամբ թշնամական հռետորաբանությունը, զերծ մնալ նրանց մասնագիտական գործունեությունը վարկաբեկելու և ահաբեկելու փորձերից և գիտակցել, որ լրագրողի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը միայն տվյալ լրագրողի խնդիրը չէ, այլ հարված է խոսքի ազատությանն ու ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներին։ Պետության ղեկավարի պաշտոնը ոչ միայն իշխանություն է, այլև հանրային պատասխանատվություն, և այդ պատասխանատվությունը ենթադրում է նաև հարգանք լրագրողի ու նրա մասնագիտական աշխատանքի նկատմամբ։
Դիմում ենք մեր միջազգային գործընկերներին՝ ի՞նչ կլիներ պետության այն ղեկավարի հետ, եթե վերջինս իրենց երկրներում իրենց իսկ երկրների լրագրողների հետ խոսեր նման անհարգալից կերպով, հայհոյախառն, սպառնալիքներով լի բառապաշարով, եթե անդադար վիրավորեր ու նվաստացներ լրագրողներին: Սա ոչ այլ ինչ է, քան լրագրողների մասնագիտական գործունեության նկատմամբ ճնշումների, լրատվամիջոցների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում:
Ակնկալում ենք միջազգային լրագրողական կազմակերպությունների և մամուլի ազատության պաշտպանությամբ զբաղվող կառույցների հրապարակային արձագանքը՝ Հայաստանի վարչապետի կողմից լրագրողների նկատմամբ դրսևորվող նման վարքագծին»։



