Փաշինյանը՝ ԱՊՀ սեղանի վրա․ «Կարճ ասած»

10 Հոկտեմբերի, 2025

Ծանոթ է բոլորիս, երբ խմբով հավաքվում են ինչ-որ արարողության, մինչև մեկնարկը ժամանակ կա, ու էդ հավաքավծներից մեկի վրա, ում լավ են ճանաչում, սկսում են ժամանակ մեռցնել, նրա վրա հումոր անել, թեթև ծաղրել, մինչև միջոցառումը սկսի։ ԱՊՀ, ԵԱՏՄ նիստերում անդամ երկրների ղեկավարները սովորաբար այդպես ժամանակ են անցկացնում Նիկոլ Փաշինյանի հետ։ Ցավ եմ ապրում, որ Հայաստանը ներկայացնողի հետ այդպես են վարվում, բայց նկատելի է քմծիծաղը, Լուկաշենկոյի հաճախ անհամ հումորները, սրամտությունը։ Այսօր արձանագրվեց Տաջիկստանում՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ։ Իսկ նիստի ժամանակ նկատելի էին քմծիծաղող դեմքեր Նիկոլի՝ ռուսերեն տեքստ կարդալու ժամանակ։

Սա ձևական կողմն էր, իսկ բովանդակային մասով նվաստացում է, երբ Ադրբեջանի նախագահը, Փաշինյանի ներկայությամբ, ԱՊՀ երկրների ղեկավարների ներկայությամբ խոսում է այսպես կոչված օլոկուպացիայից Բերձորը ազատագրելու մասին և ԱՊՀ պետությունների ղեկավարներին խնդրում աջակցել Լաչինը 2025-ին ԱՊՀ մշակութային քաղաք հռչակելուն։ Այդ պետությունների ղեկավարների մոտ կրկին ասում է, որ քեզ հաղթել է ու ասում է, որ քեզնից խլած քաղաքը մշակութային քաղաք կհռչակի։ Մեռնելիք է։ Նիկոլը Շուշին դժբախտ ու դժգույն էիր համարում, իսկ Ալիևի համար Լաչինը մշակութային քաղաք է։ Լաչինի ամեն մետրում հայկական հուշարձան կա, բոլորը ոչնչացրել է ու հիմա ասում է՝ ադրբեջանական հնագույն հող է։

ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին Նիկոլի ելույթը վաշինգտոնյան պայմանավորվածության մասին էր, վերընթերցեց նախաստորագրված այսպես կոչված՝ «խաղաղության պայմանագրի» ու ստորագրված՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» դրույթները, խոսեց Նախիջևանից Ադրբեջան անխոչընդոտ անցնելու մասին։

Մոտ 10 անգամ ելույթում հիշատակեց Ալմա Աթայի հռչակագիրը։ Հատկապես այս մասը իրոք ծիծաղելի էր։ ԱՊՀ անդամ երկրների մի մասն իրար հետ ունեն սահմանային, տարածքային  վեճեր, բայց ոչ մեկը այդ վեճերը լուծելու համար հղում չի անում այդ հռչակագրին։ Բոլորն են հասկանում, որ դա այսօր որևէ նշանակություն չունեցող թուղթ է։ Տաջիկստանն ու Ղրղզստանը երբեք չեն խոսել այդ փաստաթղթի մասին՝ սահմանային վեճերը լուծելու համար, Ռուսաստանն ու ԱՊՀ նախկին անդամ Վրաստանը, երբեք չեն հղում արել այդ Ալմա-Աթայի հռչակագրին, ոչ էլ Ռուսաստանն ու Ուկրաինան։ Եվ հիմա երբ սա ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ներկայությամբ խոսում է մի փաստաթղթի կարևորությունից, որը մյուսների համար զրոյական նշանակություն ունի, ծիծաղի առարկա է դառնում, ինքը իրեն ներկայացնում է հարիֆ։ Նիկոլ Փաշինյանը իր պարտությունը հիմնավորելու համար ինչի ասես հղում կանի՝ առանց վախենալու ծաղրվելուց։

Օրինակ՝ ինչո՞ւ էր կարդում, հատվածաբար ներկայացնում վաշինգտոնյան փաստաթղթի տեքստը, դա հրապարակված է, բոլորը ծանոթացել են, վերընթերցելու իմաստը ո՞րն էր։ Տպավորություն էր, որ խաղաղություն, տարածքային ամբողջականություն բառերն անընդհատ կրկնելով իրեն հույս էր տալիս, հերթական անգամ կամ Ալիևին լսեցնում էր, թե՝ չես հարձակվելու, չէ՞, ստորագրել ենք։ Ալիևը ելույթում էդ փաստաթղթերից չխոսեց, իր համար էլ, ուրեմն, նշանակություն չունեն։ Եթե արդեն խաղաղություն են հաստատել, ինչո՞ւ է Փաշինյանն անընդհատ շեշտում, թե խաղաղություն է․ ուրեմն կասկածում է, չէ՞։ Եվ ճիշտ է անում, որ կասկածում է, որովհետև խաղաղության հոտը ոչ մի տեղից չի գալիս։ Չենք հավատում, ու երկու օր առաջ էլ կատարվեցին բաներ, որոնք դարձյալ ստիպում են չհավատալ։

Նիկոլի խոսնակն ասում է՝ նիկոլն ու Ալիևը Կոպենհագենում հոկտեմբերի 2-ին քննարկել են «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառման խնդիրը: Դրանից 4 օր հետո հետո, Թյուրքական պետությունների կազմակերպության հանդիպմանը Ալիևը հայտարարում է  «Զանգեզուրի միջանցքի» կարևորության մասին։ Մի քանի օր առաջ ասում է` էլ մի ասա միջանցք, նա էլի ասում է։ Ու սրանք իրենց հույս են տալիս, թե՝ դե ուրեմն մենք կմտածենք, որ մեզ չի վերաբերում։ Մտածելով չէ, դա նշանակում է, որ լեզու չեն գտնում իրար հետ, ու Փաշինյանը զիջում է։ Ձեզ հա համոզեք, թե «Զանգեզուրի միջանցք» չէ․ բա ի՞նչ է իրականում։

Ասում են՝ Փաշինյանն ու Ալիևը Դուշանբեում ջերմ զրուցել են, քննարկել են, թե ինչպես առաջ շարժվել խաղաղության և անվտանգության ճանապարհով․ այսինքն ո՞ր ճանապարհով, «Զանգեզուրի միջանցքո՞վ»։ Փաշինյանի՝ Ալիևի հետ առաջին հանդիպումն էլ էր, ի դեպ, նույն Դուշանբեում, հայտնի վերելակում, որից հետո սկսեցին բոլոր աղետները։ Հիշում եք, Ալիևը պատերազմից ընդամենը մի քանի օր առաջ բացահայտում արեց, որ Նիկոլը Դուշանբեում խնդրել է սահմանից չկրակել, մինչև ինքը ներսում իր դիրքերն ամրացնի, հետո Արցախի հարցում մի բան կանեն։ Հիմա՞ ինչ են պայմանավորվել այսօրվա էդ ջերմ զրույցի ընթացքում։ Ալիև-Նիկոլ հանդիպումները, իմ տրամաբանությամբ, էն մակարդակում են, որ առանց բան տալու տեղի չեն ունենում, իր ժամանակը իզուր չի վատնում Ալիևը․ մի բան կտաս՝ կհանդիպեմ։ Կա չէ՞, նման բան, որ այսինչի հետ ընթրիքն արժե այսքան գումար։ Իսկ քա՞նի քառակուսի կիլոմետր արժե Ալիևի հետ ընթրիքը։

Ադրբեջանի նախագահը օրերս դարձյալ ասում էր՝ իրենք չեն մոռանա նախկին 30 տարին, չեն մոռանա իրենց վրեժը։ Վրեժով խաղաղությունը ո՞րն է։

Վերջին օրերին բազմիցս էր խոսվում ԱՄՆ նախագահի՝ Նոբելյան մրցանակ ստանալու հավանականության մասին։ Հիշում եք՝ Վաշինգտոնից հետո Ալիևն ու Նիկոլը դիմեցին, որ Թրամփին տրվի այդ մրցանակը․ Թրամփին առաջադրելու առաջարկ արեցին նաև Իսրայելը, Պակիստանը, Կամբոջան, Գաբոնը, Ռուանդան։ Այսօր Օսլոյում հայտարարվեց 2025 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի անունը։ Ու դա Թրամփը չէր։ Թրամփը նեղվել է, թե բա՝ 7 պատերազմ եմ դադարեցրել,  ինչո՞ւ ինձ խաղաղության մրցանակը չտվեցիք։ Իսկ ո՞ր պատերազմն է իրոք լիարժեք դադարեցրել, ո՞րտեղ է խաղաղություն, Ռուսաստանի և Ուկրաինայի մի՞ջև, Իրանի ու Իսրայելի մի՞ջև, Իսրայելի ու Պաղեստինի մի՞ջև, թե՞ Հայաստանի ու Ադրբեջանի։ Թրամն ընդամենը ձգձգել է, հետաձգել է, այո, դադարեցրել է, բայց չի ավարտել, չի լուծել։

Կարճ ասած՝ Ռոբերտ Քոչարյանն օրերս ասուլիսում գնահատական տվեց, որ դա խաղաղություն չէ, զինադադար է․ այդ զինադադարը կախված է մեկ մարդու՝ Աիևի ցանկությունից, տրամադրությունից։ Չի կարող ամեն ժամ զինվող Ադրբեջանի ու չզինվող Հայաստանի միջև լինել խաղաղություն, մանավանդ եթե չկա գերտերություն, որը կերաշխավորի այդ խաղաղությունը։ Այսօր երաշխավոր չկա, Ադրբեջանը անընդհատ զինվում է և սպառնալով՝ նախապայմաններ, պահանջներ դնում ու ստանում։

Այսօր բողոքի ակցիա էր Երևանում՝ Գլխավոր դատախազության դիմաց։ Տիկին Մարիամը, ում  որդին զոհվել է պատերազմում, թոռը՝ անհետ կորել, մյուս որդուն կալանավորել են իշխանությունից պատասխան պահանջելու համար, ասում է՝ ընկել եմ Թումանյանի կկվի օրը, ձագերիս հա տանում են։ Նիկոլի խաղաղությունը այդ ծեր կնոջ երեք ձագերի է տարել, մեկին Եռաբլուր, մյուսին՝ անհայտ, երրորդին՝ բանտ։ Է՛ս ա ձեր խաղաղությունը։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է հաստատված․ Հաջիևը՝ Շաքիի դեպքերի ֆոնին

Տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է հաստատված․ Հաջիևը՝ Շաքիի դեպքերի ֆոնին

Ադրբեջանը սպասում է միայն մեկ վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին վերաբերող փոփոխությունների կատարմանը, որից հետո վերջնական խաղաղության համաձայնագիրը իրականություն կդառնա։ Այս մասին Բաքվում կայացած CAMCA 2026...

Հենց սրա նման բազմաթիվ «զինծառայողներով» է համալրված թշնամու բանակ կոչեցյալը․ Ոսկանյան

Հենց սրա նման բազմաթիվ «զինծառայողներով» է համալրված թշնամու բանակ կոչեցյալը․ Ոսկանյան

«Բաքվի բարբարոսական վարչախմբի ԶՈւ-երի բաշիբոզուկի հետ կապված' Հայաստանի տարածքում տեղի ունեցած դեպքը ցուցիչ է այն բանի, որ թշնամական բանակում, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ այն «փառապանծ» վիճակում է, ինչ որ փորձում է մեզ ներկայացնել այդ նույն վարչախմբի քարոզչամեքենան և...

Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ

Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ

Միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը գրում է․ «Հայաստանն այսօր դարձել է կրոնական անազատության օրրան։ Եվ հենց այս օրերին Երևանում անցկացվում է Աղոթքի նախաճաշը։ Հայաստան ժամանած կրոնական ազատության հարցերով ամերիկացի ազդեցիկ...

Կոտայքի մարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից․ «Հրապարակ»

Կոտայքի մարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մի քանի ամիս է՝ Կոտայքի մարզը մարզպետ չունի, քանի որ նախկին մարզպետ Ահարոն Սահակյանն ընտրություններից հետո պատգամավոր դարձավ եւ խորհրդարան մտավ։ Չնայած այս ընթացքում բազմաթիվ թեկնածություններ են քննարկվել, սակայն մինչ օրս ոչ մեկը չի...

Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիարդ 174 միլիոն դոլարով․ Իշխան Սաղաթելյան

Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիարդ 174 միլիոն դոլարով․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրել է․ «Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիարդ 174 միլիոն դոլարով։ Պարտքի հիմնական նպատակը պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումն է։ Իրականում...