Պարզ բանաձև, թե ում պետք է հավատալ․ «Կարճ ասած»

8 Հոկտեմբերի, 2025

Քաղաքական դաշտը պատրաստվում է ընտրություններին։ Կան ուժեր, որ արդեն հայտարարել են այդ մասին։ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, «Մեր ձևով» շարժումը, որը կուսակցություն դառնալու ճանապարհին է․ այժմ ակտիվորեն այցելում են մարզեր, ծանոթանում խնդիրներին, ծրագրային խոստումներ ներկայացնում։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է հայտարարել ընտրություններին գնալու մասին։ Քաղաքական հայտ ներկայացրեց մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը և այլք։ Ենթադրում եմ, որ այս անգամ ևս մեծ թվով ուժեր կմասնակցեն և բնականաբար, բոլորն էլ հանդես կգան լավ խոստումներով։

Փաշինյանն ասում է, օրինակ, որ այս ընտրություններում պետք է ժողովրուրդը կողմնորոշվի խաղաղության ու պատերազմի միջև, ասում է՝ մենք բերելու ենք խաղաղություն, մենք խաղաղության կողմնակիցն ենք։

Լավ․ իսկ ո՞վ է պատերազմի կողմնակիցը։ Կա՞ մի քաղաքական ուժ, որը մասնակցում է ընտրություններին՝ պատերազմ բերելու կարգախոսով։ Բոլորը խոսելու են միասնությունից, չկա ուժ, որ հայտարարելու է՝ կգամ կպառակտեմ։ Անգամ Նիկոլը, որ ամբողջ ժողովրդին պառակտեց, ընտանիքներ խառնեց իրար, նա էլ էր միասնությունից խոսում։ Բոլորը խոսելու են անվտանգությունից, բոլորը խոսելու են տնտեսական զարգացումից, աղքատության հաղթահարումից։ Բոլորի նախընտրական ծրագրերում, ելույթներում դուք այս թեմաներն եք լսելու՝ տարբեր ձևակերպումներով։

Այս դեպքում ինչպե՞ս կողմնորոշվել․ շատ պարզ է՝ ով է ասողը, ինչի է ընդունակ։ Ընտրություններին մասնակիցները, կարծում եմ, օդից ընկած չեն լինելու, նրանց գործունեությունը մեր աչքի առաջ է ու կարող ենք հստակ ասել՝ ով ինչ կարող է։ Հիմա անդրադառնամ երկուսին, ում պաշտոնավարումը մենք տեսել ենք՝ Նիկոլ Փաշինյան և Ռոբերտ Քոչարյան։

Երկուսն էլ խաղաղությունից են խոսում, Նիկոլ Փաշինյանը՝ ամեն գնով, Ռոբերտ Քոչարյանը՝ արժանապատիվ։ Ժողովուրդը, որը երկուսի կառավարման ժամանակներում էլ ապրել է, ո՞ւմ պետք է հավատա, ըստ ձեզ։ Անկեղծ։ Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանի տարածքից 200 քառակուսի կիլոմետրից ավելի օկուպացվել է, իսկ Արցախը՝ ամբողջությամբ, ավելի քան 12 հազար քառակուսի կիլոմետրով։ Ռոբերտ Քոչարյանի օրոք չի զիջվել ոչինչ, նրա հրամանատարությամբ ազատագրվել է հայրենիք, ու 10 տարվա նախագահության արդյունքում խաղաղության պայմանագիր արտահայտության ակնարկ էլ չի եղել, որովհետև եղել ենք խաղաղ։ Ավելին ասեմ, 2020 թվականից առաջ մենք ունեցել ենք 10-12 համապետական ընտրություն և որևէ մասնակից ուժի ծրագրում չի եղել խաղաղություան խոստումը, որովհետև եղել է խաղաղութուն։ Խաղաղությունը խաթարել է Փաշինյանը․ հենց դրա համար էլ երբ ինքը խոստանում է խաղաղություն, ընտրողի համար շատ հեշտ է կողմնորոշվել՝ 3 պատերազմ բերած Փաշինյանը խաղաղություն կարո՞ղ է բերել, թե՞ կարող է բերել, օրինակ Քոչարյանը, որի օրոք արդեն ապրել եք այդ խաղաղությունը։ Սա կարող եմ և չասել, որովհեև ակնհայտ է առանց իմ ասելու։ Փաշինյանը կարող է միայն խոսել խաղաղությունից։

Երբ Նիկոլ Փաշինյանը խոստանում է ներքին անվտանգություն, նա ընդամենը խոսումէ  այդ մասին ու խոստանում, բայց կառավարման 8 տարին հակառակն է ցույց տվել։ Իր օրոք 40 հազար հանցագործությունների ֆոնին արդեն պետք է իմանալ՝ նա կարո՞ղ է անվտանգություն բերել։  Հայաստանում լիքը ապօրինի զենք կա, ու դրանք գործածության մեջ են աեն օր։ Երբ տան դիմաց սպանվում է համայնքապետը, էդ համայնքի բնակիչը կունենա՞ անվտանգության զգացում․ երբ օրենքով անձեռնմխելի պատգամավորը ոչ մի բանի համար կալանավորվում է, նրան ընտրած քաղաքացին անվտանգության զգացում կունենա՞։ Երբ ես համեմատում եմ հանցավորության մակարդակը Քոչարյանի և Փաշինյանի օրոք, հասկանում եմ, որ անգամ եզրեր չկան։ Կրկնում եմ՝ Փաշինյանը միայն խոսում է անվտանգության մասին, Ռոբերտ Քոչարյանը ապահովել է դա։

Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, կխոստանա աղքատության նվազում։ Դա կխոստանան բոլորը։ Նայում եմ թվերը՝ Փաշինյանի օրոք աղքատ է այնքան մարդ, որքան աղքատ էր իր գալու ժամանակ։ Ռոբերտ Քոչարյանի օրոք աղքատությունը կրկնակիից ավելի նվազեց։ Այսինքն էն մարդը, որը աղքատ էր 2018 թվականին, աղքատ է նաև էսօր, իսկ այն մարդիկ, որոնք աղքատ էին 1997 թվականին, 2008 թվականին նրանց կեսից ավելին այլևս աղքատ չէր։ Հիմա Փաշինյանն էլ, Քոչարյանն էլ խոստանում են աղքատության նվազում․ ո՞ր մեկի խոստումներին կհավատաս դու։ Փաստացի, Նիկոլ Փաշինյանը, վերջին 8 տարում խոսել է աղքատությունից, բայց միայն խոսել է, կես տոկոս չի իջեցրել։

Նիկոլ Փաշինյանը երբ խոսում է, որ պետք է կառուցեն միջանցք, թունել, կամուրջ, ես հիշում եմ, որ 2018 թվականից խոստանում են Աջափնյակի մետրո։ Հիմա էլ խոստանում է Քոչարյանի կառուցած Դիլիջանի թունելի կողքին մի հատ էլ թունել կառուցել։ Ու դա խնդալու է։

Նիկոլ Փաշինյանը խոստանում էր զրոյից գյուղ սարքել։ Նա մի գյուղ չսարքեց, բայց 200-ից ավելի գյուղ հանձնեց հանձնեց Ադրբեջանին։ Փաշինյանը խոստանում է բաներ, որոնց հակառակն է արել։ Ու էսօր երբ նորից դաշտ է մտնում խոստումներով, ոնց որ 10 տուն պաժառ տվածը խոսի հրդեհային անվտանգության կանոններից։

Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ կան բաներ, որոնք ես չեմ խոստացել, որովհետև ռիսկային կլիներ, բայց ջանք եմ թափել ու արել եմ։ Նիկոլ Փաշինյանը խոստացել է առանց մտածելու։ Օրինակ երբ ասում էր բոլոր սփյուռքահայերը Հայաստանում կունենան տուն, ՀՀ քաղաքացիություն, պարզ էր, չէ՞, որ չիրականացվող խոստում է։ Երբ ասում էր, որ ներդրողները ճամպրուկները կապած սպասում են, որ գան ներդրում անեն, պարզ էր չէ՞, որ սուտ է։ Կրկնում եմ, հակառակն է արել։

Եկեղեցում ներքին պառակտման փորձեր է անում, իշխանությունը հարձակվում է եկեղեցու վրա, Ցեղասպանության հարցից հրաժարվում է, պատմության դասագրքերը խեղաթյուրված են, Սփյուռքը պառակտված ու Հայաստանից հեռացված․ սա է՞ր խոստացել․ ոչ, լրիվ հակառակը։ Երբ Ռոբերտ Քոչարյանն է խոսում ազգային արժեքներից, հիշում ենք, որ Հայոց եկեղեցու պատմություն առարկան նրա օրոք մտավ դպրոցական ծագիր, Ցեղասպանության ճանաչման հարցը մտավ օրակարգային առաջնահերթություն, Հայաստան-սփյուռք կապերը զարգացան կոնկրետ ծրագրերով և այլն։

Այսինքն, ժողովուրդ ջա, էստեղ անգամ համեմատելու բան չկա։ Ես խոսեցի ընտրության երկու մասնակիցների մասին, որոնք անգամ կարող են ելույթ չունենալ, չխոսել․ մեր աչքի առաջ է Նիկոլ Փաշինյանի կառավարման 8 տարին, մեր աչքի առաջ է Քոչարյանի կառավարման 10 տարին, այլ ներկայանալու բան չկա։

Ուզում եմ նշել՝ բոլոր նրանք, ովքեր ընտրություններում խոստումներ են տալիս, պետք է նայել՝ այդ մարդը ով է, ինչ ունի արած, ինչի է ընդունակ, նրա հնարավորությունների գագաթը որն է։ Վաղը ի հայտ կգան նոր միավորումներ, լիքը դեմքեր։ Որևէ մեկի մասին չեմ ուզում խոսել կանխակալ կարծիքով, վատը չեմ ուզում խոսել․ կգան, կներկայանան, կփորձեն, բայց դու պետք է ժողովուրդ ջան, նայես իր անցած ճանապարհը, ինչ է արել էդ ճանապարհին, ինչ հնարավորության տեր է և կարո՞ղ է խոստումները կատարել։ Օրինակ եմ բերում․ երբ Սամվել Կարապետյանը խոստանում է աշխատատեղերի ստեղծում, ընտրողի աչքի առաջ է, չէ՞, նրա գործունեությունը, ու լավ գիտենք, որ Սամվել Կարապետյանը աշխատատեղեր ստեղծող մարդ է։ Երբ Նիկոլ Փաշինյանն է ասում մենք կստեղծենք, աշխատատեղեր, բացում եմ գործազրկության ցուցանիշը և համոզվում, որ ստում է։ Երբ խոստանում է գործարաններ, հիշում եմ խոստացած ու չբացած տեխնիկայի գործարանը, լիֆտերի գործարանը, բալոնների գործարանը, հայկական ավտոմքենաների, ադամանդի, բամբակի գործծարաններն ու հասկանում եմ, որ ոչ մի բան էլ չի բացելու։

Ու բնականաբար հարց է առաջանում՝ եթե դու ինչ խոստացել՝ տապալել ես, հետն էլ բերել ես պատերազմներ, զոհեր ու տարածքային կորուստներ ես տվել, բա սրանից հետո նույն կերպ չե՞ս անելու։ Ուրիշ ո՞նց ես դու կարող։

Կարճ ասած՝ բոլորը առաջարկում են նույն բանը ու այստեղ հարց է հետևյալը՝ ո՞վ կկարողանա անել, ով՝ ոչ։ Ժողովրդի, ընտրողի խնդիրը պատերազմի ու խաղաղության միջև չէ, այլ՝ ճիշտ ու սուտ խոսողի մեջ է, կարողի ու անկարողի մեջ է։ Հայաստանը գտնվում է իր պատմական վատագույն կետերից մեկում, որից այն կողմ պետականության կորուստն է, և պետք է արդեն նայել՝ ով կարող է այս վիճակից դուրս հանել։ Սա կողմնորոշվելու լավագույն տարբերակն է։ Բոլորն էլ մեր աչքի առաջ են։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Օրենքի խստությունը չի նշանակում մարդու նկատմամբ դաժանություն.  Լիլիթ Գալստյան

Օրենքի խստությունը չի նշանակում մարդու նկատմամբ դաժանություն. Լիլիթ Գալստյան

Համացանցում Գագիկ Խաչատրյանի ձերբակալման, դատարան պատգարակով տեղափոխման և այդ գործընթացը պատկերող տեսանյութերն ու լուսանկարները ՀՀ քաղաքացու նկատմամբ խոշտանգման, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վկայություններ են։ Առերևույթ ծանր առողջական...

Անուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Անուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Փաշինյանի որոշմամբ՝ Անուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ։ Մեկ այլ որոշմամբ՝ Անուշիկ Ավետյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։ Անուշիկ Ավետյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ էր...

Արցախի անկախությունը պատմության փոշիների տակ թաղված չէ. այն մեր ազգային օրակարգում պետք է մնա. Արամ Վեհափառ

Արցախի անկախությունը պատմության փոշիների տակ թաղված չէ. այն մեր ազգային օրակարգում պետք է մնա. Արամ Վեհափառ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակի առթիվ ողերձ է հղել։ «Ազգեր անցեալին կը նային, անցեալի իրագործումներով կը հպարտանան, անցեալի թերութիւններուն կը գիտակցին, սակայն միշտ ապագան աւելի ամուր հիմերու վրայ կերտելու գիտակցութեամբ,...

Բյուրեղավանում թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով 29-ամյա կին է ձերբակալվել

Բյուրեղավանում թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով 29-ամյա կին է ձերբակալվել

Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացնելիս համագործակցեցին Կոտայքի մարզի քրեական ոստիկանների հետ։ Օգոստոսի 27-ին՝ ժամը 13-ին, թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով...

ՆԱՏՕ-ի երկրները պատրաստվում են Ռուսաստանի հետ ռազմական բախման. ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ի երկրները պատրաստվում են Ռուսաստանի հետ ռազմական բախման. ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ի երկրները պատրաստվում են Ռուսաստանի հետ ռազմական բախման, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրուշկոն՝ Արևելյան տնտեսական համաժողովում (ՎԷՖ)։ Հայտնում է ՏԱՍՍ-ը: Այդ մասին վկայում են դաշինքի զորավարժությունների ուղղվածությունը, ինչպես նաև ռազմական լոգիստիկայի...