Լոլոների հռչակագիր․ ԵՄ գագաթնաժողովը՝ «պատմական» փուչիկ. «Կարճ ասած»

7 Մայիսի, 2026

«Անգամ Տիգրան Մեծի ժամանակ Հայաստանում Եվրամիության նման գագաթնաժողով տեղի չի ունեցել, աշխարհի կեսի ՀՆԱ-ն կենտրոնացված էր Հայաստանում»։ Այս, չգիտեմ ինչպես բնութագրեմ, սրա հեղինակը ժամանակին փոխվարչապետ, հիմա Երևանի քաղաքապետ աշխատողն է։ Մայիսի 8-ից մեկնարկող քարոզարշավում այս մարդիկ մտադիր են Հայաստանում անցկացված գագաթնաժողովը ներկայացնել հեթանոս Աստվածների ժողով։ Սրանք քարոզարշավում խոստանալու են երկու փուչ թեզ՝ խաղաղություն և եվրոպական հեռանկարներ։ Գաղափարները փուչ չեն, ուղղակի ամեն լավ գաղափար փչանում ՔՊ-ի կատարմամբ։

Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը, ժպիտները, գրկախառնությունն ու շնորհակալությունները մի կողմ թողած՝ Հայաստանի ապագայի համար որևէ կարևոր որոշում չունեցան։ Համատեղ հռչակագրում բարեհունչ ձևակերպումներ կան, բայց՝ անիմաստ ու նաև՝ վտանգավոր։ Օրինակ՝ 18-րդ կետով Հայաստանը ողջունում է Մեծամորի ատոմակայանի փակման ճանապարհային քարտեզի մշակումը։ Նոր ատոմակայան կառուցելու մասին՝ ոչ մի խոսք։ 8 տարի այս իշխանությունը, սրանցից առաջ էլ՝ 10 տարի նախորդ իշխանությունը, խոսում էր նոր ատոմակայանի մասին։ Այսօր ոչինչ չկա, գործողի փակման ճանապարհային քարտեզն էլ Նիկոլը ողջունում է։ Ձևեր են թափում, թե բանակցում են. այդպես կարող են բանակցել մինչև գործողի փակումը, ու կկանգնենք փաստի առաջ։ Ու չգիտենք ոնց են բանակցում։ Մոդուլային ատոմակայանի միակ փորձն ունի Ռուսաստանը։ Դե, Ռուսաստանի հետ չեն ուզում։ Գուցե ոչ մեկի հետ էլ չեն ուզում։ Թուրքիան ու Ադրբեջանը դեմ են, որ Հայաստանն ատոմակայան ունենա, իսկ նրանք ինչին դեմ են, Հայաստանի իշխանությունն ամեն ջանք թափում է, որ դա չունենանք։ Հերթն ատոմակայանինն է։

Այդ լոլոների ժողովածուի 11-րդ կետում գրված է. «Գլոբալ դարպասներ» ռազմավարության ներքո նախատեսվում է, որ Հայաստանում ԵՄ ներդրումները կհասնեն 2,5 միլիարդ եվրոյի»։ Գուցե մտածեք՝ հեսա 2,5 մլրդ եվրո է հոսելու Հայաստան, որպես նվեր, կառավարությունն էլ բաժանի մեզ։ Ասեմ, որ տրվելիք գումարը հիմնականում վարկեր են, երաշխիքներ և մասնավոր հատվածի ենթադրյալ ներդրումներ։ Դրանք այն գումարներն են, որոնք պետք է ավելացնեն Հայաստանի արտաքին պարտքը։ Բայց հիշենք՝ 2021-ին ԵՄ-ն խոստանում էր 2,6 մլրդ եվրո, ի՞նչ եղան դրանք։ Դա էլ 2 մլրդը վարկ էր։ Ինչևէ, եկա՞ն, մտա՞ն տնտեսություն, մարդկանց կյանքը բարելավեցի՞ն։ Հա, կյանքը բարելավողներ եղան, ՔՊ-ի հայտարարագրերը նայեք․․․ Թե չէ՝ մեր երկրի, ժողովրդի վիճակից կասե՞ք, որ 10 մլրդ պարտք են կուտակել՝ բարելավման համար։

Իսկ այն 270 միլիոն եվրոն, որը պետք է տան 4 տարվա կտրվածքով, պարզապես ծիծաղելի է՝ տարեկան մոտ 65 միլիոն եվրո։ Մեր իշխանությունը միայն պարգևավճարների վրա ավելին է ծախսում։

ԵՄ-ն չի տակլիս որևէ ներդրումային խոստում, այլ  միայն կոչ։ Մարդամեկը ոգևորվել է էդ կոչից, համարում է պատմական իրադարձություն։ Դրա ի՞նչն է պատմական։ Կոչ բոլորն էլ կարող են անել, էն ասեք՝ ԵՄ-ն երաշխավորո՞ւմ է, որ ներդրումներ կլինեն։ Վստահաբար, տեղյակ են Նիկոլի ներդրումային քաղաքականությունից․ քանի՞ խոշոր ընկերություն է դիմել միջազգային արբիտրաժ՝ Հայաստանի կառավարության դեմ, քա՞նի բիզնես ու բիզնեսից ինչ փայեր են խլել ու դրանով՝ քա՞նի ներդրողի են վանել Հայաստանից։ Բա էլ ո՞վ է խելքը հացի հետ կերել, ձեր կառավարած երկրում ներդրում բերի։ Առաջ բերում էին, էդ որ ասում եք՝ ԵՄ-ն ռիսկային էր համարում, այ էդ ժամանակ լիքը ներդրումներ են եկել ԵՄ անդամ երկրների գործարարներից, հիմա գլուխն առած փախչում են։

Հայաստան-ԵՄ գործընթացում մարդկանց հուզող ամենակարևոր հարցը վիզաների ազատականացումն է։ Հռչակագրի 23-րդ կետում ընդամենը ողջունում են գործընթացը։ Հարց՝ ե՞րբ են ազատականացվելու վիզաները. չկան ժամկետներ, գոնե մոտավոր։ Չկան երաշխիքներ կամ պարտավորություններ ԵՄ-ի կողմից։ Դիտմամբ նաև այս վիզաների ազատականացումը քաղաքացիների համար չի պարզաբանվում։ Մարդկանց տպավորությունն այլ է։ Երբ մարդիկ ինձ հետ կիսվում են ԵՄ մտնելու մասին իրենց պատկերացումներով, ասում են՝ վիզաները հանեն, գնանք-պրծնենք։ Վստահ եմ՝ շատ տեղեր կա այս խոսակցությունը։ Ու սրանից ելնելով՝ շատ ենք լսում՝ եթե վիզաներն ազատականացվեն, Հայաստանում մարդ չի մնա, սաղ կգնան։

Ժողովուրդ ջան, վիզաների ազատականացումն ունի հստակ իրավական սահմանափակումներ։ Վիզաների ազատականացումը կամ վիզային ռեժիմի չեղարկումը հնարավորություն է տալիս առանց մուտքի վիզայի այցելել Շենգենյան գոտու երկրներ՝ հետևյալ պայմաններով. կարելի է գտնվել ԵՄ տարածքում առավելագույնը 90 օր՝ 180 օրվա ընթացքում։ Կարող եք գնալ միայն զբոսաշրջության, հարազատներին կամ ընկերներին այցելելու, գործնական հանդիպումների, միջոցառման մասնակցելու, կարճաժամկետ դասընթացների կամ բուժման նպատակով։ Վիզայի ազատականացումը չի տալիս աշխատելու իրավունք, անգամ եթե 90 օրով եք գնում։ Ոչ էլ ձեզ թույլ է տալու ապրել այնտեղ։ 90 օրը լրանալուն պես պարտավոր եք լքել Շենգենյան գոտին։ Այ սա ձեզ չեն բացատրում։ Վիզաների ազատականացումն ընդամենը պարզեցնում է ճամփորդելը, թույլ է տալիս, մարդամեկի ասածով, գնաք Հռոմ, սուրճ խմեք ու գաք։

Ու 44 կետ այդ հռչակագրում լցված է Հայաստանին էական ու իրական բան չտվող լապշաներով։ Ամենակարևորը՝ Հայաստանը ԵՄ անդամ դառնալու անգամ միջին հույս էլ չի կարող ունենալ։ Հայտը երբ ներկայացվի, սկսվում է համապատասխանեցման տասնամյակների գործընթաց, որը, ինչպես ցույց է տալիս Վրաստանի, Մոլդովայի կամ Ուկրաինայի փորձը, ընդամենը քաղաքական խայծ է, երկար ու անօգուտ։ Նիկոլը, ի դեպ, արդեն պատրաստ է չմտնելուն. ասում է՝ ոչինչ, եթե չմտցնեն, գոնե կիմանանք, որ մեր չափանիշները եվրոպական են։ Որովհետև կարող է բոլոր կետերով գնաս մի 20 տարի, ԵԱՏՄ-ից էլ դուրս գաս, տնտեսությունդ էլ քայքայես, հետո ասեն՝ կներե՛ք, մենք որոշեցինք չընդլայնվել։

Հռչակագիրը հագեցած է ճանաչում ենք, ողջունում ենք, հետաքրքրված ենք, ուսումնասիրում ենք, քաջալերում ենք, պատրաստակամ ենք, աջակցում ենք և նման դիվանագիտական բառերով։ Դա էլ շաքարի պուդրան է։ Ասել ենք ու ասում ենք. ՀՀ-ի՝ դեպի ԵՄ գնացող ուղին կանգ է առնելու Թուրքիայում։ Այս իշխանության, ՔՊ-ի ներքին մշակույթն ու թրքասիրությունն էլ են էնտեղ տանում։ Քըլըչն ասում է՝ ես և Ռուբեն Ռուբինյանը փոխըմբռնում ունենք, որովհետև մենք նույն մշակույթից ենք գալիս։ Նույն մշակույթի կրողն չե՞ն նաև Փաշինյանն ու Ալիև-Էրդողանը, Ալենն ու Գաֆարովան, Միրզոյանն ու Ֆիդանը, Թորոսյանն ու Հաջիևը, Գրիգորյանն ու Մուստաֆաևը։ Մենք այս օրին չե՞նք հասել սրանց՝ նույն մշակույթի կրողը լինելու պատճառով։

Կարճ ասած՝ ինչպես որ Արևմուտքի համար է մեկ Հայաստանը, այնպես ինքնուրույն մտածող ընտրողի համար է մեկ, թե ովքեր, քանի հոգի, որ երկրների ղեկավարներն այցելեցին Հայաստան գագաթնաժողովի։ Մենք արդեն կարողանում ենք՝ մեր գլխով անցածից ելնելով, տարբերակել։ Այնպես որ, ընտրությունների վրա ազդելու նրանց փորձերը, վստահաբար, չեն աշխատի։ Հռչակագրում էլկ չկար կետ, որն այնքան դրական լիներ, որ թողներ ազդեցություն։

Հիմա հարց՝ իսկ վա՞տ է, որ եկան Հայաստան Գագաթնաժողովի, վա՞տ է, որ ԵՄ գնանք։ Ժողովուրդ ջան, անշուշտ լավ է, շատ լավ է, գնացեք։ Խնդիրը ԵՄ գնալ-չգնալը չէ, խնդիրն անկարող իշխանությունն է, որին միայն օգտագործում են, և որը միայն փորձանք է դառնում մեր գլխին։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը

Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը

Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը, հայտնում է պատգամավոր Արեգա Հովսեփյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ 14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» կողմնակիցների տներում կատարված խուզարկություններից...

Պուտինն այսօր Սանկտ Պետերբուրգում կընդունի Ուիթքոֆին․ Ուշակով

Պուտինն այսօր Սանկտ Պետերբուրգում կընդունի Ուիթքոֆին․ Ուշակով

Ուիթքոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուիթքոֆի բանակցությունները Սանկտ Պետերբուրգում կկայանան այսօր՝ օրվա առաջին կեսին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի  Ուշակովը։ Նրա փոխանցմամբ՝  Պուտինի և Ուիթքոֆի այսօրվա հանդիպման...

Ինդոնեզիայում բողոքի ցույցեր են․ նրանք դժգոհ են երկրի իշխանություններից

Ինդոնեզիայում բողոքի ցույցեր են․ նրանք դժգոհ են երկրի իշխանություններից

Ինդոնեզիայում ուսանողները միացել են բողոքի ցույցերի ալիքին։ Ակցիաների մասնակիցները դժգոհ են երկրի իշխանություններից, մասնավորապես՝ բնապահպանական իրավիճակի վատթարացումից (երկիրը խեղդվում է մշուշից), կոռուպցիայից և այլ խնդիրներից։   Երկրի խոշոր քաղաքներում բռնկված...

Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան

Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրում է Կովկասի, Բալկանների, Կենտրոնական Ասիայի, Ռուսաս​տանի և Իրաքի հիմնախնդիրները։ Կենտրոնը պարբերաբար հրապարակում է հոդվածներ, որոնք աջակցում են Փաշինյանի կառավարությանը և քննադատում...

Թրամփի որդին դեմ է արտահայտվել Իրանի դեմ ԱՄՆ պատերազմին․ The Atlantic

Թրամփի որդին դեմ է արտահայտվել Իրանի դեմ ԱՄՆ պատերազմին․ The Atlantic

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, դեմ է արտահայտվել Իրանի դեմ պատերազմին։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է The Atlantic ամսագիրը։ Պարբերականի տվյալներով՝ մասնավոր զրույցներում Թրամփ կրտսերը դեմ է արտահայտվել Մերձավոր Արևելքում...