Կորած 10 եպիսկոպոսները, մերժված Նիկոլը և Վեհափառի տրիումֆը․ «Կարճ ասած»

18 Դեկտեմբերի, 2025

2020 թվականի պատերազմից հետո բոլոր ակցիաներին ի պատասխան, երբ պահանջում էին կառավարության հրաժարականը, Փաշինյանը պատասխանում էր, թե՝ էլիտաները ուզում են հեղափոխություն անել, խլել իշխանությունը։ Այո, մի քանի տարի է, ինչ փողոց է դուրս գալիս, պայքարի մեջ է հասարակության հենց էն շերտը, էլիտան, որի վրա հենված է մեր պետությունը ու մինչ հիմա դեռ դիմադրում է փուլ գալուն։ Ու այսօր հենց այդ էլիտան գնացել էր Մայր Աթոռը պաշտպանելու։

Նախորդ օրը եկեղեցուց հեռացած 10 եպիսկոպոսները հայտարարեցին, որ այսօր՝ ժամը 5-ին գալու են Մայր Աթոռ՝ կաթողիկոսի հրաժարականը պահանջելու և մարդկանց հրավիրեցին իրենց միանալու։ Բազմաթիվ հասարակական-քաղաքական, մշակութային և այլ գործիչներ ու ժողովրդի շատ զավակներ հայտարարեցին, որ գնում են եկեղեցին ոտնձգություններից կանխելու։ Այնտեղ եկան նաև Փաշինյանի փոքրաթիվ աջակիցները՝ այն թափառաշրջիկ խումբը՝ համայնքապետ-բան, որ մասնակցում են բոլոր կեղծ պատարագներին, ոչ ավելի։ Իսկ այդ հոգևորականները դավաճանեցին իրենց կոչով այնտեղ հավաքված այդ փոքրաթիվներին՝ փակվելով Սուրբ Գայանե եկեղեցում։ Շատ ավելի ուշ դուրս եկան և սկսեցին լարել մթնոլորտը ու էլի չքացան՝ գոնե իրենց կոչով եկածներին թողնելով անտեր։ Չնայած՝ չեմ հավատում, թե այդ մերժված հոգևորականներին էր պատկանում Մայր Աթոռ գնալու միտքը, այլ՝ Նիկոլին, որը այդ հոգևորականներին լարում է։ Ուղղակի նախապես հասկանալով, որ հերթական անգամ խայտառակվելու է, իր կոչով մարդ չի գնալու, երևի որոշեց ուղիղ եթերով հետևել գործընթացներին և կառավարել ՍՄՍ-ներով։

Նաև շատ կարևոր բան տեղի ունեցավ՝ հրապարակվեց, որ Գերագույն հոգևոր խորհրդի կազմից հեռացվել են եկեղեցուն դավաճանած այն 10 եպիսկոպոսների մի մասը՝ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, որի հեռացման պահանջը արցախցիներն էին հայտնում, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միզախանյանը։

Կրկնում եմ՝ հավաքվել էին հազարավոր հավատավոր քաղաքացիներ և Նիկոլ Փաշինյանի փոքրաթիվ, բայց ագրեսիվ աջակիցներ։ Ինչու էին ագրեսիվ, ըստ իս․ որովհետև ունեին իրենց օգտին աշխատող ոստիկաններ ու հանգիստ կարող էին սադրել։

Հեռու եմ էն մտքից, թե Մայր Աթոռի բակում հավաքված հավատացյալ ժողովուրդը, պաշտպանում էր եկեղեցին միայն Փաշինյանից։ Չէ, ժողովուրդ ջան, իմ կարծիքով, նա չէ հարձակվողների առաջին տեղում, նա, կարծում եմ, կատարում է թելադրանք։ Վերջին տարիներին կատարվում են բաներ, որոնք բաց տեքստով ցույց են տալիս, որ Հայաստանի այս կառավարությունը ղեկավարվում է դրսից, ու դա մեկ կետից չէ։ Ադրբեջանի պահանջներն էլ է կատարում, Թուրքիայի պահանջներն էլ է կատարում, Արևմուտքի պահանջներն էլ է կատարում և ընդհանրապես՝ բոլոր պահանջները կատարում է։ Այսօր կառավարության նիստում Նիկոլը երբ ասում էր՝ «բոլորը քեզ օգտագործում են իրենց համար», դա լրիվ ճշմարտություն է ու դա օգտագործվողի հառաչանքն է, ճիչն է։ Ցավալիորեն, Նիկոլն էլ իր հերթին օգտագործում է ում կարողանում է՝ իրեն եկած պահանջները կատարելու համար։ Եվ ուրեմն, այսօր եկեղեցու կողքին կանգնողները պայքարում են նաև Հայաստանի նկատմամբ դրսի ծրագրերի դեմ։

Չափազանց վտանգավոր է այն մարդը, որը գերի է իր դեմ կոմպրոմատների ձեռքին, նա ամեն ինչի պատրաստ է, ու մենք դա մեր մաշկի վրա զգացել ենք՝ կորցնելով մեր երկրորդ հայկական պետությունը։ Այսօր եկեղեցու վրա գրոհին միացել են եպիսկոպոսներ, որոնց մասին մամուլում բազմիցս ոչ գեղեցիկ փաստեր է հրապարակել մամուլը և որոնց վերաբերյալ, համաձայն տարբեր լուրերի, կոմպրոմատներ ունի Փաշինյանը։ Ու այդ կոմպրոմատներով կառավարում է նրանց, հանում եկեղեցու ու ժողովրդի դեմ։ Այդ եպիսկոպոսները, ըստ երևույթին, ուզում են փրկել ոչ թե իրենց հոգին, այլ՝ մեկը ունեցվածքը, մեկը իր երեխայի փաստը կոծկել, մեկը Արցախ ուրանալու պատժից ազատվել, էն մեկը՝ շքեղ ապրելակերպի բացահայտումներից ազատվել։

Մի պահ պատկերացրեք՝ Գարեգին Երկրորդը հեռացել է, այդ 10-ից 1-ին նշանակել են կաթողիկոս, մնացած 9-ին բարձր եկեղեցական պաշտոններ տվել։ Նիկոլը, որ այդ մարդկանց դեմ կոմպրոմատներով մատերի վրա խաղացնում է, նույն կոմպրոմատներով կառավարելու է եկեղեցին։

Այսօր, բացի Մայր Աթոռի վրա գրոհից, իրար հետևից երեք լուր հրապարակվեց, որոնք շատ տխուր տեսարան ստեղծեցին․ 44-օրյա պատերազմում անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա էին անում, պահանջում հայտնաբերել, վերադարձնել իրենց հարազատին։ Նրանց մեծ մասն այն համոզմանն է, որ իրենց զավակը գերի է ադրբեջանական բանտերում։ Հայաստանի իշխանությունը մատը մատին չի տալիս վերադարձնելու համար։ Մյուս լուրը այն էր, որ Բաքվում դատավարության ժամանակ ադրբեջանցի դատախազը Ռուբեն Վարդանյանի համար պահանջել է ցմահ ազատազրկում։ Նույնը սպառնում է և բոլոր գերիներին։ Ու այս ամենի ֆոնին երրորդ լուրը ուղղակի մղձավանջ էր՝ ՔՊ-ն ոգևորված հայտարարում է, ժողովրդին շնորհավորում է, որ ադրբեջանական բենզին է գալիս Հայաստան։ Նոյեմբերի 28-ին Ադրբեջան է այցելել Հայաստանի փոխվարչպետը ու ոչ թե բանակցել է, որ գերիներին օր առաջ բաց թողնեն, այլ՝ որ պոեզով բենզին գա։ Մեր գերիներին ցմահ ազատազրկում է սպառնում, Նիկոլը թուրքերի հետ առևտրի մեջ է մտել։ Արցախի առևտուրը պրծել է, անցել է Հայաստանին։

Տարիներ շարունակ Հայաստանում կոչեր էին հնչում թուրքական ապրանքը բոյկոտելու․ էդ ժամանակ դեռ պատերազմ էլ չկար, խաղաղ ժամանակներ էին, բայց մարդկանց կոչ էին անում չգնել թուրքական հագուստ, չգնալ թուրքական հանգստավայրեր, որովհետև մեր վճարած փողով Թուրքիան զինում է ադրբեջանական բանակը, մեր վճարած փողով իրենց դիվանագետներին վարձատրում է, որ պայքարեն մեր դեմ։ Իսկ պատերազմի ժամանակ Նիկոլի ընտանիքն էլ էր միացել հենց այդ արշավին ու պահանջում էր մերժել թուրքականը։ Իսկ ինչ է անում այդ ընտանքի հայրը այսօր՝ շնորհակալություն է հայտնում Ադրբեջանին Հայաստանի վրա Վրաստանի տարածքով բենզին ծախելու համար։

Ի դեպ, կարո՞ղ եք ասել, ինչո՞ւ են Վրաստանով բերում, ոչ թե բացում են սահմանն  ու Ադրբեջանից ուղիղ մտցնեն։ Որովհետև, կարծում եմ, էդ խաղաղության պայմանագիր ու սահմանների բացում խոսքերը զուտ հեքիաթներ են։ Նրանց խնդիրը սահմանը բացելը չէ, այլ Հայաստանը զավթելն է իրենց ապրանքով․ իրենց զորքով, նայած երբ որ մեթոդին կդիմեն։

Ադրբեջանը աշխարհի ամենաարագ զինվող երկրներից է։ Վաճառում է իր նավթն ու գազը, գնում է զենք։ Հիմա Հայաստանի իշխանությունը կազմակերպել է, որ դուք՝ ժողովուրդ, զինեք Ադրբեջանի բանակը, որը վաղ թե ուշ ուղղվելու է մեր երկրի դեմ։ Այո, թուրքական շորն էժան է, ու վաղն էլ ադրբեջանական բենզինն է էժան լինելու, բա հենց էդպես են նվաճում։ Էն ժամանակ Նիկոլի կինը Մեհրիբանին հրավիրում էր չայ խմելու, հիմա Մեհրիբանենց ընտանեկան բիզնեսն են բերում Հայաստան։ Վաճառվում է էժան բենզին, դիմացը՝ արժանապատվություն․ հերթում նախ կանգնած կլինեն կառավարական ավտոները։ Այսինքն էդ բենզինը ո՞վ է վաճառելու, իշխանական օլիգա՞րխը, թե՞ Ալիևի ընտանեկան «Սոկար»-ի կալոնկաներ կհայտնվեն։ Մի հատ էդ կալոնկեքից առաջարկում եմ հենց Եռաբլուրի տակ դնեք։ Ադրբեջանական էդ բենզինով են լիցքավորելու իրենց ավտոբերը, որ գնան հարսանք-կնունքների ու երրորդ բաժակով ոտքի կանգնած խմեն զոհված տղաների կենացը։ Նիկոլի կինն ասում էր՝ մեր տղաները զոհվել են հանուն ոչնչի, այսօր կարող են ասել՝ զոհվել են հանուն բենզինի։

Կարճ ասած՝ Նիկոլն այսօր խոսելով իր հանձնած Արցախի մասին, ասում է, որ հազիվ է պրծել այդ հարցից ու կարող է առևտուր անել։ Այսինքն՝ եթե էն ժամանակ Արցախը խոչընդոտ էր Թուրքիայի ու Ադրբեջանի հետ քիրվայության համար, Հայաստանը նրանց ազդեցության, ուղիղ կառավարման տակ դնելու համար, հիմա Արցախը էլ Արցախը խոչընդոտ չէ, բայց խոչընդոտ է եկեղեցին։ Եվ ուրեմն ակտիվ լծվել են եկեղեցու քանդման գործին։ Եթե հաջողվի եկեղեցին քանդել, հետո մի հատ էլի կառավարությունում ճեպազրույց կտա՝ էսօրվա պես ու կասի՝ հազիվ ենք պրծել եկեղեցու խոչընդոտից։ Հետո խոչընդոտ կնշանակվի բնականաբար հայ ժողովուրդը ու արդեն կփորձեն ազատվել էդ խոչընդոտից։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստան ներթափանցելու դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. դատախազություն

Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստան ներթափանցելու դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. դատախազություն

Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստան ներթափանցելու դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ պետական սահմանն ապօրինի հատելու և հրազենի մաքսանենգության հատկանիշներով։ Այս մասին yerevan.today-ին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Դատախազությունից նախօրեին հայտնել...

Օդի ջերմաստիճանը կնվազի

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C, իսկ հողի մակերևույթին՝ −3…−4°C,- հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:...

Առավոտյան՝ պայքար Դաշնակցության դեմ, կեսօրին՝ եկեղեցաքանդություն. «հիանալի» կադրային ընտրություն է. Քրիստինե Վարդանյան

Առավոտյան՝ պայքար Դաշնակցության դեմ, կեսօրին՝ եկեղեցաքանդություն. «հիանալի» կադրային ընտրություն է. Քրիստինե Վարդանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Հիանալի կադրային ընտրություն է. «Դաշնակցականությունն արմատախիլ անելու» փորձերի ազատ ժամերին` հիմնական գործից դուրս կզբաղվի եկեղեցին քանդելով: Ծանր գրաֆիկ է, երևի լրացուցիչ պարգևավճարի կարիք էլ...

Մինսկում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Մինսկում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Մինսկում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին Փաշինյանը տեսակապով է մասնակցում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նիստն այժմ ընթանում է նեղ կազմով, ներկա են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի կառավարությունների ղեկավարները: Ավելի ուշ տեղի կունենա...

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը

«Առավոտյան, Հակակոռուպցիոն կոմիտեն, հերթական անհեթեթ հորինվածքով, ձերբակալել է «Հայաստան» Դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանին...»,- այս մասին ֆեսյբուքյան իր էջում հայտնում է «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ...