Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ կապվում են աղմկահարույց սկանդալներ։ Մշտապես մամուլը բացահայտումներ է անում, որոնք անաչառ դիտորդի աչքին հենց կոռուցպիայի վկայություն են, առնվազն՝ կասկածներ։ Բայց իհարկե՝ դրանք չեն ստանում իրավական գնահատական, ավելի ճիշտ՝ ինչ փաստ որ ներկայացվում է, դատախազությունն ասում է՝ նորմալ է, խնդիր չկա։ Իհարկե՝ թվում է ԱՆԻՖ-ով բյուջեի թալանի մասին տեղեկացվածներին անհնար է որևէ այլ բացահայտումներով զարմացնել, բայց պարզվում է՝ կան ոչ պակաս սկանդալներ։ Օրերս infocom-ը ուշագրավ բացահայտում արեց։
Կկառավարությունը ավելի քան 200 ընկերությունների մաքսային արտոնություններ է շնորհել՝ տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու համար։ Թվում է՝ նորմալ է, բայց նորմալ չէ այն, որ այդ ընկերությունների սեփականատերերը կամ նրանց փոխկապակցված անձինք միասին շուրջ 110 մլն դրամի նվիրատվություններ են կատարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և Փաշինյանի կնոջ ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամին։
Վերջին տարիներին հրապարակումներ են եղել, թե ինչպես է x ընկերությունը շինտեխնիկա փոխանցում քաղաքապետարանին, ապա ստանում բազմահարկ սարքելու թույլտվություն, հետո այդ բիզնեսի տերը կամ մերձավորը դառնում է պաշտոնյա։ Իշխանությունը կասի՝ համընկել է։ Դատախազությունը «կհավատա», իսկ մենք՝ ոչ։
Մամուլը պարզում է, որ «Ջերմուկ գրուպ»-ը ՔՊ-ին նվիրատվություն է անում 2,5 մլն դրամ, մի քանի շաբաթ անց ազատվում է 102․6 մլն դրամ մաքսատուքի վճարից։ Մեկ այլ ընկերություն 2,2 մլն դրամ է նվիրում ՔՊ-ին, մի քանի շաբաթ անց ազատվում է 48․6 մլն դրամի չափով մաքսատուքից։ Մի երրորդ ընկերություն 2,7 մլրդ դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն է ստանում, հետո 2 մլն դրամ փոխանցում ՔՊ։
Իսկ ինչու են փոխանցում մինչև 2,5 մլն դրամ․ ըստ երևույթին նրա համար, որ կուսակցության պարագայում նվիրատվության վերին շեմ կա։ Իսկ այ հիմնադրամի պարագայում չկա․ դրա համար էլ, օրինակ, Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին փոխանցում են 30 մլն դրամ, ապա ազատվում 151 մլն դրամ մաքսատուրքից։ Եվ այսպես շարունակ։
Ժողովուրդ ջան, ես՝ քաղաքացիս, կարդում եմ այս ամենը ու իմ մոտ առաջին միտքը որ գալիս է՝ ՔՊ-ին վճարում են գործարարները փրկագին՝ դաշտում ազատ գործելու համար․ գործարարը ստանում է արտոնություն, ապա վճարում ՔՊ-ին կամ Փաշինյանի կնոջ հիմնադրամին կամ հակառակը, հանգանակություն է անում նրանց, ապա ստանում արտոնություն։ Հայտարարում են պետգնումների մրցույթ, շահում է ինչ-որ ընկերություն, հետո տեսնում ես, որ այդ ընկերությունը ՔՊ-ն գումար է հանգանակել։ Այս գործընթացները կապ ունե՞ն իրար հետ․ մեր կարծիքով՝ այո, ՔՊ-ի կարծիքով՝ իհարկե՝ ոչ, ի սրտե նվիրատվություն է։
Օրինակ հետաքրքիր է իմանալը՝ Քաղաքացիական պայմանագիրը մինչ իշխանություն վերցնելը, ստացե՞լ է նման համատարած հանգանակություններ գործարարներից։ Եթե այդ կուսակցությունը չլիներ իշխանության, գործարարները նման վարքագիծ կդրսևորեի՞ն։ Վստահ եմ՝ որ ոչ։ Այս ընթացքում պարբերաբար գործարարներ են բողոքում, որ իրենց անհիմն տուգանում են, բավականին խոշոր գումարներ։ Հարցնում եմ՝ իսկ դուք հանգանակություն արե՞լ եք իշխանական հիմնադրամների, կուսակցությանը։ Ասում են ոչ։ Ասում եմ՝ միգուցե գաղտնիքը այդտե՞ղ է։
Ու զավեշտալի է, որ հենց այս իշխանությունը մշտապես խոսել է նախկինում ինչ-որ ատկատների մասին, գործարարների՝ չամադաններով Բաղրամյան 26 գումար տանելու մասին։ Սա այն իշխանությունն է, որ համընդհանուր հայտարարագիր է մտցնում, ասում է այս տարի նաև թոշակառուները պետք է պարտադիր հայտարարագրեն, որ կոռուպցիան կանխենք։ Սրանք խոսում են կոռուպցիայից։
Այն գործարարը, որը այսօր ստիպված է լինում գումար փոխանցել իշխող կուսակցությանը, միգուցե նաև ստիպված է լինում իր աշխատողներին ուղարկել ինչ-որ կեղծ պատարագների, հետո՝ իշխանության ներկայացուցչի հավաքներին, կրթական և այլ շոուներին։ Դուք բացառո՞ւմ եք։ Ես՝ չէ։
Պատկերացնո՞ւմ եք եթե մի այսպիսի կասկածելի փոխանցումներ լինեին ընդդիմադիր ուժերի շարքերում, հիմա քա՞նի ձերբակալություններ կլինեին։ Այսօր ժողովուրդ ջան, քաղաքական հալածանքներ էին տեղի ունենքում Էջմիածնում, ասում են «Հաղթանակ» դաշինքի անդամները կոչ են արել ընտրել «Հաղթանակ» դաշինքին․ դրա համար ձերբակալում ենք։ Պատկերացնո՞ւմ եք։ Գործարարներ չեն, գումար չեն փոխանցել, հարկային արտոնություններ չեն ստացել, կոչ են արել Էջմիածնի ընտրություններում քվեարկել ոչ իշխանության օգտին։ Նրանք բանտարկվում են։
Դատախազությունը, քննչականը դրանից սարքել է քրգործի մատերիալ․ իսկ այս թվարկածս, Նիկոլի օգնական դատախազը երևի չի էլ տեսել ու ոչ էլ կտեսնի։
Սա միակ սկանդալը չէ, որ կապվում է ՔՊ-ի հետ։ 2024 թվականին իրար հետևից երկու կոռուպցիոն սկանդալ պայթեց, երկուսն էլ ՔՊ-ի մասին։ Հրապարակվեցին սկանդալային փաստեր, որ 2023 թվականի Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ կազմակերպված դրամահավաքին ՔՊ-ն հանգանակել է 1 մլն 265 հազար դոլար, խիստը կասկածելի միջոցներից; Հետաքննող լրագրողները զանգել էին մինչև 2,5 մլն դրամ իբր հանգանակողներին ու պարզել, որ կա՛մ խաբար չեն, կա՛մ նրանց անունից գումար են փոխանցել՝ օգտագործելով նրանց անձնական տվյալները, առանց իրենց իմացության և համաձայնության։ Իսկ որտեղի՞ց այդ փողերը։ Այդ ի՞նչ փողեր է, որ կեղծիքով բերել-մտցրել են ՔՊ բյուջե։ Ստացվում է՝ սև, այսինքն՝ ոչ օրինական ճանապարհով ստացված փողե՞ր են շրջանառվում․ հակառակ դեպքում օֆիցիալ փոխանցումներ կլինեին։
Դրանից հետո էլի մամուլը բացահայտում է, որ 2022 թվականին ՔՊ-ի ստացած նվիրատվությունների մեծ մասը էլի կասկածելի աղբյուրից է։ Մարդիկ են իբր նվիրատվություն կատարել, որոնք իրենք տեղյակ չեն իրենց նվիրատվությունից, ավելին, որ իմանային՝ դեմ էին լինելու։
Կարճ ասած՝ ի՞նչ եք կարծում, եթե քննչական համակարգի ներկայացուցիչները չլինեին Նիկոլ Փաշինյանի աշխատողները, այս բոլոր ահազանգերը ի՞նչ ընթացք կունենային։ Գոնե գործ կհարուցեին, չէ՞, հասարակության կասկածները փարատելու՝ հերքելու կամ հաստատելու համար։ պատկերացնո՞ւմ եք, թե այս իշխանությանհեռացումից հետո ինչեր են բացահայտելու, ոչ միայն մամուլը, այլև՝ անկախ, անաչառ, իշխանության գրպանում չգտնվող հակակոռուպցիոն, քննչական, դատախազական համակարգը։
Հա, ի դեպ, Նիկոլն ասում էր՝ քաղաքականությունը փող աշխատելու միջոց չէ։ ՔՊ-ի ն արված այս հանգանակություններից հետո է՞լ է նույն կարծիքին։
Սևակ Հակոբյան






