Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»

27 Հոկտեմբերի, 2026

«Փաստ» թերթը գրում է. « Բնականաբար, ցանկացած երկրի տնտեսության մասին իրական պատկերացում կազմելու համար պետք է ուշադրություն դարձնել մի քանի գործոնի՝ Հայաստանի տնտեսությունը որքանո՞վ է արտադրողական, որքանո՞վ է դիվերսիֆիկացված, ինչի՞ հաշվին է աճում, և որքանո՞վ է այդ աճը կայուն։ Առավել ևս Հայաստանի համար չափազանց կարևոր է, թե ինչպիսի տնտեսություն ունենք՝ արտադրո՞ղ, թե՞ հիմնականում ներմուծող ու վերավաճառող: Իհարկե, երկուսն էլ կարևոր ոլորտներ են և անհրաժեշտ են տնտեսությանը, բայց երկարաժամկետ զարգացման տեսանկյունից դրանց ազդեցությունը նույնը չէ։

Այս տեսանկյունից ուշագրավ պատկեր է ի հայտ բերում 1000 խոշոր հարկատուների ցանկը: Սակայն բանն այն է, որ Հայաստանի տնտեսության առանձնահատկություններից մեկը կախվածությունն է սահմանափակ թվով խոշոր ընկերություններից: Առաջին հիսնյակում գտնվող ընկերությունների վճարած հարկերը անհամեմատ մեծ ծավալ են կազմում ընդհանուր հարկային բլոկում: Այդ իսկ պատճառով, որպես կանոն, մենք դիտարկում ենք առաջին հերթին հենց «լավագույն հիսնյակը»:

Այն, որ արդեն որերորդ անգամ այս ցանկը գլխավորում է հեռախոսների, տեխնիկայի, դրանց աքսեսուարների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող Mobile Centre ընկերությունը, ինքնին բավական հետաքրքիր է, առավել ևս, որ հիսնյակում միանգամից 12 կազմակերպություն զբաղվում է տարբեր ապրանքների ներմուծմամբ ու վաճառքով: Խոսքը, հասկանալի է, միայն տեխնիկային չի վերաբերում, այլ նաև վառելիքին, խմիչքներին, ծխախոտային արտադրանքին և այլն: Այս ոլորտում, ի մասնավորի, խոշորներից են «Ֆիլիպ Մորիս Արմենիա», «Վեգա», «ՎիԷլՎի», «Դոմուս» ընկերությունները:

Խոշորների ցանկի երկրորդ տեղում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է՝ վճարած մոտ 61 մլրդ դրամ հարկերով։ Հետաքրիքր է, որ Հայաստանի հանքարդյունաբերության առաջատարը անցած տարվա նույն ժամանակամիջոցի հետ համեմատած ավելի է վճարել մոտ 64 տոկոսով կամ 24,7 մլրդ դրամով ավելի հարկ։ Այստեղ պետք է նշել, որ հիսնյակում տեղ է գտել ևս երեք հանքարդյունաբերական ընկերություն՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատը, «Թեղուտը» և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը:

Հաջորդ առաջատար ոլորտը բանկային համակարգն է: Առաջին հիսուն հարկատուների ցանկում միանգամից ինը բանկ է՝ Արդշինբանկ, Ամերիաբանկ, Ակբա բանկ, Ինեկոբանկ, ՎՏԲ-Հայաստան բանկ, Կոնվերս բանկ, Էվոկաբանկ, ԱյԴի բանկ, Հայէկոնոմբանկ:

Վերջապես, որպեսզի կարողանանք պատասխանել նյութի սկզբում նշված հարցին, թե ինչպիսի տնտեսություն ունի մեր երկիրը, պետք է անդրադառնանք նաև արտադրությանը (ինչպես միշտ, հանքարդյունաբերությունը դիտարկում ենք առանձին): Այստեղ, ֆուտբոլային լեզվով ասած, բանկերի հետ ունենք ոչ-ոքի արդյունք, այսինքն՝ հիսնյակում կա ինը արտադրող: Սակայն հետաքրքիր է, որ դրանցից երեքը զբաղվում են ծխախոտի արտադրությամբ: Խոսքը «Գրանդ տոբակո», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» և «Սիգարոն» ընկերությունների մասին է: Երկու ընկերություն զբաղվում է ոչ ոգելից խմիչքների արտադրությամբ («Կոկա Կոլա», «Ջերմուկ»): Ինչ վերաբերում է սննդի արդյունաբերությանը, ապա, այս ոլորտի երկու առաջատարները «մշտական» ունեն լավագույն հիսնյակում: Խոսքը Հայաստանի քաղցրեղենի արտադրության առաջատար «Գրանդ Քենդի» ընկերության և մսամթերքի արտադրության առաջատար «Աթենք» ընկերության մասին է:

Հիսնյակում այդպիսի «մշտական» ունեն նաև կապի երեք օպերատորները՝ «Վիվա Արմենիան», «Յուքոմը», «Տելեկոմ Արմենիան»: Այս անգամ էլ նրանք լավագույնների մեջ են:

Ի հավելում՝ նշենք, որ շատ մասնագետներ ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ Արարատի ցեմենտի գործարանն այս 9 ամիսներին նվազեցրել է հարկերը ավելի քան 400 մլն դրամով՝ անցյալ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ։ Բանն այն է, որ մինչ գործարանը խլելը և կառավարիչ նշանակելը այս տարվա թե՛ առաջին եռամսյակում, թե՛ կիսամյակում արձանագրվել է հարկերի աճ՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, իսկ ահա քաղաքական դրդապատճառներով մի քանի օր շարունակ գործարանի դռները կապարակնքելու, ապա և կառավարիչ նշանակելու արդյունքում գործարանը զգալի քիչ հարկեր է վճարել:

Իհարկե, միայն վճարած հարկերի թվերը հազիվ թե մասնագիտական տեսանկյունից վերջնական ու լիարժեք եզրակացություններ կատարելու համար հիմք լինեն, սակայն առնվազն ցույց են տալիս, որ տնտեսության աճի մասին խոսելիս կարևոր պետք է լինի ոչ միայն հարկերի ծավալը, այլև այն, թե ինչի հաշվին է այդ աճն ապահովվում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Իսրայելում խորհրդարանական ընտրություններ են

Իսրայելում խորհրդարանական ընտրություններ են

Այսօր Իսրայելում անցկացվում են առաջին խորհրդարանական ընտրությունները՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի՝ ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո։ Իսրայելցիները կընտրեն Քնեսեթի 120 պատգամավորների։ Հիմնական պայքարը ծավալվում է գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի ճամբարի և ընդդիմության...

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի

Այսօր լրանում է 1999 թվականին Հայաստանի Ազգային Ժողովի վրա իրականացված հարձակման 27-րդ տարելիցը։ Հոկտեմբերի 27-ին, հերթական նստաշրջանի կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նաիրի Հունանյանի գլխավորած զինված խումբը ներխուժեց խորհրդարանի դահլիճ։ Ահաբեկչությանը զոհ...

Դատախազությունը, ինչպես միշտ, հոկտեմբերի 27-ին հաղորդագրություն է տարածում «քննչական գործողությունների» մասին

Դատախազությունը, ինչպես միշտ, հոկտեմբերի 27-ին հաղորդագրություն է տարածում «քննչական գործողությունների» մասին

2019 թվականի դեկտեմբերի 27-ին վերսկսված՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում 2025 թվականի հոկտեմբերի 27-ից առ այսօր կատարվել են ապացուցողական և վարութային մի շարք...

Վիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ

Վիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 00։13-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի հասցեներից մեկում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել։ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել նաև բժշկական կենտրոնից, որ...