Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, մամուլում տեղեկություն է հայտնվել, որ «Արարատցեմենտի» 30 տարվա աշխատակից Ռոզա Խաչատրյանին ազատել են աշատանքից ֆեյսբուքյան օգտատիրոջ՝ աշխատավարձերի բարձրացման մասին եթերը հավանելու և իր էջով տարածելու համար։
«Օգտատեր Մախսուդյան Ալինան ուղիղ եթեր է անում, երբեք որևէ գրառում չեմ արել ու մեկնաբանություն չեմ արել։ Այդ օգտատերի եթերում երբ խոսվում էր աշխատավարձերից ես պատահական լայքել ու տարածել եմ։ Հաջորդ օրը արտադրամասի պետն ինձ զանգել և ասել է՝ քեզ գրասենյակ են կանչում։ Մի տղա էր հետն էլ ևս մի հոգի էր, անունն էլ Տաճատ էր, ինձ շատ խիստ ասաց՝ դուք ձեր աշխատանքից գո՞հ եք, ասացի՝ իմ աշխատանքը սա է, գոհ լինեմ չլինեմ սա է, ինձ ասաց՝ մի հատ այդ պայուսակդ տար ու դիր այն սեղանի վրա, ոտքերս ու ձեռքերս դողում էին, անձայն տարա ու դրեցի այնտեղ, թուղթն ու գրիչը շպրտեց սեղանին ու ասաց՝ դուք ստահոդ լուրեր եք տարածում գործարանի հասցեին, որը վարկաբեկում է մեր գործարանի բարի համբավը, դիմումը գրեք, մեզ ձեր նման աշխատող պետք չի, ինձ հարձակողական էր, քիչ էր մնում ինձ խեղդեր, ես ասացի՝ բացառվում է, որ ես դիմում գրեմ, ես 30 տարվա աշխատող եմ, ո՞նց եք ինձ ասում, որ ես դիմում գրեմ։ Ինձ ծանուցում տվեցին որ ստորագրեմ, ես առանց կարդալու ստորագրեցի ու դուրս եկա։ Ես ասում եմ՝ եթե խնդիրն այդ լայքելն է կարող եմ հենց հիմա հանել, բա դուք բացատրագիր կգրեք, ասացի՝ խնդիր չկա, կգրեմ, ասաց՝ մի հատ ա4 ֆորմատի թուղթ վերցրու, դրա վրա գրիր, ես գիտեմ, որ բացատրագիրը բավականին լուր փաստաթուղթ է։ Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ, շաբաթ երեկոյան զանգում է արտադրամասի պետին և ասում՝ ինքն ազատված է աշխատանքից, ասա, որ չգա»,- պատմել է Ռոզա Խաչատրյանը։
Ցավալի է, բայց սա 2018 թվականից հետո հաստատված իրականության մեջ հաճախ կրկնվող դեպք է։ Մոտ մեկ տարի առաջ էլ, օրինակ, ֆեյսբուքյան օգտատեր Անի Հակոբյանին էին ՔԿ կանչել՝ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը լայքելու համար։
«Ենթադրեցի, որ «Մահ դավաճաններին» հայտնի արտահայտության մասին է խոսքը։ Բացեցի, տեսա` չեմ լայքել։ Ու շատ ափսոս, որ ժամանակին (2 տարի առաջ) երևի չեմ նկատել, հավանություն չեմ դրել։ «Դեմոկրատիայի բաստիոն»-ում պարզապես ուզում են վախի մթնոլորտ տարածել»,- գրել էր նա։
Մերօրյա Հայաստանում հաճախ աշխատանքից ազատում են գրառում անելու համար, ինչպես 2026-ի ընտրություններից հետո կիրանցեցի Գոհար Վարդանյանին էին հեռացրել՝ ընտրությունների մասին գրառման համար։
Վարդանյանը աշխատում էր Կիրանցի վարչական կենտրոնում և քանի որ այն խոշարացված համայնք է, նա համարվում էր Իջևանի համայնքապետարանի աշխատակից։
YerevanToday-ի հետ զրույցում Գոհարը նշել էր, որ համայնքապետարանից պահանջել են հեռացնել ֆեյսբուքյան էջի իր գրառումը, որը վերաբերում էր Կիրանցում ընտրությունների արդյունքներին, և քանի որ նա հրաժարվել է կատարել պահանջը, նրան ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրել, և նշել, թե «սեփական» դիմումի համաձայն է հեռացել աշխատանքից։
Վերջերս էլ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հետ լուսանկարն է ճակատագրական դարձել Ավանի մարզադպրոցի մարզիչ Սմբատ Սահակյանի համար։ Մարզադպրոցի տնօրեն Գենադի Ասլանյանը նախ զանգելով հրահանգել է Լևոն Քոչարյանի նկարը հեռացնել էջից և ազատման դիմում գրել։ Մի քանի անգամ մերժում ստանալուց հետո քաղաքական հրահանգը սպառնալիքի է վերածվել` չես անի, ուրեմն՝ կյանքդ դժոխքի կվերածենք, ըստ մարզչի՝ ասել է տնօրենը, և այդ պահից սկսած՝ արդեն 2 ամիս հետապնդումների է ենթարկվում մարզիչը` թե՛ տնօրենի, և՛ թե ավելի վերևում գործող վերադասի կողմից։
Գրառումներն ու դրանք հավանելու հանգամանքն էլ եթե մի կողմ դնենք, այսօր Հայաստանում աշխատանքից հեռացնում են անգամ առանց դրանց, ինչպես, օրինակ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Հայաստան Հակոբյանին էին հեռացրել Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի կազմակերպադաստիարակչական աշխատանքների գծով կազմակերպչի պաշտոնից։ Կամ ինչպես ՀԷՑ-ի Վարդենիսի էլցանցի երեք փորձառու աշխատակիցներ Վահագնին Ստեփանյանին, Գեղամ Խլոյանին և Նարեկ Շհոյանին են ընտրություններից անմիջապես հետո ստիպել աշխատանքից ազատման դիմում գրել քաղաքական հայացքների համար։ Մասնակցել էին ընդդիմության քարոզարշավին՝ աշխատանքից հետո։ Իսկ որ նույն ՀԷՑ-ի մասնաճյուղերի ՔՊ-ական տնօրենները մասնակցում էին ՔՊ-ի քարոզարշավներին, դա, արդեն, նորմալ է։
Իհարկե՝ նորմալ է նաև, երբ ՊՆ զինծառայողներին, տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներին, ՊՆ վարչական շենքի աշխատողներին, ինչպես մամուլը հայտնում էր, sms-ով հրահանգվում է լայքել և տարածել Սուրեն Պապիկյանի հրապարակային հայտարարությունները, գրառումները, որոնցում նա պատասխան է պահանջում «կալուգացի օլիգարխից», թե ինչու Կարապետյանների որդիները չեն նահատակվել պատերազմում, նրանց դասալիքներ է անվանում և այլն։
Եվ սա ընդամենը առանձին դեպքեր են այն բազմաթիվ պատմություններից, որոնց մասին վերջին տարիներին տեղեկություններ են հրապարակվում։
Մի բան, սակայն, հստակ է․ այս իշխանության օրոք ժողովրդավարության մասին խոսելն ավելի ու ավելի դժվար է դառնում, երբ իշխանության քաղաքական գծից շեղվող կարծիքը, «լայքը», լուսանկարը կամ հրապարակումը կարող է մարդու համար վերածվել աշխատանքի կորստի։
Փաստացի՝ «ժողովրդավարության բաստիոնում» նույնիսկ աշխատելու իրավունքն է կախված նրանից, թե ում ես լայքում, ինչ ես գրում կամ ում հետ ես լուսանկարվում։
Նինա Հայրապետյան






