Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը սոցկայքերով մի քանի անգամ ցուցադրել է, թե ինչպես է ընթերցում քաղաքացիների նամակները։ Հընթացս բողոքում է, որ դրանք շատանում են։
Նախ՝ հիշենք, որ 2018 թվականին իշխանության գալով՝ հայտարարում էր, թե պետք է ստեղծվի տարածքային կառավարման նախարարությանը կից մի մարմին, որը կզբաղվի քաղաքացիների խնդիրներով և նրանց դիմումներով։ Սակայն, ինչպես հարյուրավոր նման խոստումներ, այս խոստումը ևս մնաց արխիվում՝ որպես քաղցր հուշ, քանզի քաղաքացիների խնդիրները բազմապատկվեցին։
Անցավ որոշ ժամանակ, Փաշինյանը հայտարարեց, որ յուրաքանչյուր գյուղից պետք է պատվիրակություն կազմեն, ներկայացնեն իրենց գյուղի երեք հիմնական խնդիրները, ոչ ավել, որպեսզի հնարավոր լինի դրանք լուծել ու առաջ շարժվել։ Բայց դա էլ չիրականացավ։
Հիմա նա հայտարարում է, որ ամեն օր բազմաթիվ նամակներ է ստանում՝ տարբեր խնդիրների լուծման ակնկալիքով։ Բայց հարց է առաջանում․ եթե իշխանությունն անընդհատ խոսում է, թե բյուջեն աճել է, խնդիրները լուծվում են, բոլոր հարցերը հասցեագրվում են, ապա ինչո՞ւ քաղաքացու խնդիրները չեն լուծվում և ինչո՞ւ է քաղաքացին ստիպված իր խնդրով դիմում անձամբ վարչապետին։
Սա չի՞ նշանակում, որ պետական կառավարման համակարգը չի գործում, իսկ իշխանությունը զբաղված է ձևական կողմով։ Ինչպես Փաշինյանը զբաղվում է առանձին մարդկանց ձերբակալելու, դատելու և կալանավորելու հարցերով, այնպես էլ փորձում է անձամբ զբաղվել այս կամ այն քաղաքացու խնդիրների լուծմամբ։ Այստեղ, ընդունեմ, որ սխալվեցինք․ ոչ թե խնդիրների լուծմամբ, այլ՝ նամակին պաատասխանելով։ Որովհետև բազմաթիվ մարդիկ պնդում են, որ Փաշինյանին նամակ են գրել, ու իրենց խնդիրը չի լուծվել։
Եթե պետություն կա, եթե կան պետական կառույցներ, ապա ինչո՞ւ պետք է պետության ղեկավարը անձամբ զբաղվի քաղաքացիների անհատական խնդիրներով։ Իսկ եթե իրոք ժողովրդի կառավարություն կա, ինչո՞ւ այդ կառավարության՝ ժողովրդի խնդիրներով զբաղվելու ժամանակ դրանք ոչ թե լուծվում են, այլ՝ խորանում։






