10 02 2025

Մերժված է բոլոր կողմերից․ իշխանության պահպանումը մեծ հարցականի տակ է «Կարճ ասած»



 

Սպասելի էր, որ ամերիկյան տուրից Հայաստան վերադարձած Փաշինյանը պետք է մի քիչ գոնե մանրամասնի, մեկնաբանի՝ 5 օր ինչ է արել․ տեղյակ ենք, որ ինչ-որ մանր միջոցառումներում ելույթներ է ունեցել, փոքրիկ հանդիպում ունեցել հայ համայնք կոչված մարդկանց հետ, սելֆի արել ԱՄՆ նոր փոխնախագահի հետ։ Բայց կասեք, մի րոպե․ բա օրերս, այդ երկրի հետ կնքել ենք ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթ։ Ինչի մի պետության հետ, ում հետ ուզում ես ռազմավարական ճանապարհ անցնել, ինչի հենց սկզբից էդպես ե՞ն ընդունում։ Չէ, էդպես չեն ընդունում։ Իսրայելի վարչապետն էլ էր ԱՄՆ-ում, էդպե՞ս ընդունեցին, Ճապոնիայի վարչապետն էլ էր ԱՄՆ-ում, էդպե՞ս ընդունեցին։ Սպասել էինք, որ պետք է խոսի, մանրմասնի, գուցե հնդիպումներ է ունեցել, որոնք խիստ կարևոր էին պետության համար, բայց չեն լուսաբանվել։ 5 օր մեր երկրի պետական բյուջեի հաշվին գնացել է Վաշինգտոն և չպետք է էդ այցից մնան մենակ ինքնաթիռում արված լուանկարներն ու պատահական սելֆին պաշտոնյայի աշխատասեղանի դիմաց։ Բայց, ոչ, հերոս հարկատուների, հանրությանը բացատրություններ  տալու փոխարեն, երկրի վարչապետը, երկուշաբթի օրով, պետական լրատվամիջոցում հրապարակում է մի հատ հոդված, որում ընդամենը արդարացումներ են՝ ուղղված Ալիևին։

«Արմենպրեսում» էր Նիկոլ Փաշինյանը հոդված գրել․ ոնցոր պետական բյուջեն օգտագործում է իր անձնական հաճույքների համար, նույնկերպ էլ պետական լրատվամիջոցն օգտագործել է իր մտքերը շարադրելու համար։

Երբեմն ադրբեջանական մամուլում կարդում ենք ստեր, թե Հայաստանը զինվում է և հող է նախապատրաստում Ադրբեջանի վրա հարձակման համար։ Փաշինյանը, ամերիկայից գալուց անմիջապես հետո, հենց այդ ապատեղեկատվությունը հերքելով է հանդես գալիս, համարում է, որ ՊՆ հերքումները հերիք չեն։ Ի՞նչ է ասում, ասում է՝ Ադրբեջանը ըստ երևույթին ուզում է հարձակվել Հայաստանի վրա և հող է նախապատրաստում։ Իսկ մենք, ասում է, ի՞նչ հարձակվել, իսկի էն 200 քառակուսին, որ մեզանից խլել եք, դա չենք ուզում զենքով հետ բերենք։ Հաջորդ հարցն է ինքն իրեն տալիս՝ «Արդյո՞ք սպառազինվում է Հայաստանի Հանրապետությունը»։ Ի՞նչ է պատասխանում այս հարցին՝ ոչ մի բան։ Կարդացեք ու համոզվեք։ Հայաստանի Հանրապետության այսպես կոչված գերագույն գլխավորը հարց է տալիս՝ Հայաստանը զինվում է, թե ոչ, ու պատասխանում է՝ «Հայաստանի Հանրապետությունը իր բանակը բարեփոխում է իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»։ Դա ի՞նչ է նշանակում, հիմա զինվում ե՞նք, թե՞ ոչ, կհարցներ իր գերագույնին սովորական հերոս հարկատուն, թե՞ տվածս փողերը միայն ձեր վոյաժների վրա եք ծախսում։ Ադրբեջանն ի՞նչ է անում․ ուր նստում է Ալիևը, ասում է այսքան պայմանագիր եմ կնքել այսինչ երկրի հետ այսինչ զենքը ձեռք բերելու համար։ Զինվելը երևի թե՝ դա է, ոչ թե՝ «մենք բարեփոխվում ենք»։ Բարեփոխումը ո՞րն է, էլի առանց հրթիռ Սու 30 ես ձեռք բերո՞ւմ, ժամանակակից զորանոցներ սարքո՞ւմ եք, վերջը, որ էլ զինվորները չվառվեն, թե՞ կլուբնիկ եք էլի տալու բանակին։ Ի՞նչ եք բարեփոխում։ Ասում ենք՝ քանի որ ՀԱՊԿ անդամ ենք, զենք չեն վաճառում, քանի որ Արարատը ասում ենք մերն է՝ զենք չեն վաճառում, վաղը կասես՝ քանի դեռ քրիստոնյա ենք, զենք չեն վաճառում։ Էդ ո՞նց էր բա, ժամանակին հա՛մ ՀԱՊԿ անդամ էինք, ավելին՝ Խաչատուրովն էլ ղեկավարում էր, լավ էլ հա՛մ զենքն էին տալիս, հա՛մ վաճառում էին, հա՛մ նվեր էին տալիս, ոչ մեկ էլ չէր ասում՝ էլ Արարատի անուն չտաք։

Նիկոլ Փաշինյանը ընդամենը ադրբեջանցիների համար հոդված է գրել՝ արդարանալու, որ ոչ մի տարածքային պահանջ չունենք, զենք ձեռք չենք բերում, ընդամենը բանակը թեթև բարեփոխում ենք, բայց դա ձեր դեմ չէ և այլն։ Իսկ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն արդարանում Ալիևի առաջ։ Իմ կարծիքով, արդարացման պատճառը ձախողված դիվանագիտությունն է, ոչինչ չտված այցերը, Ամերիկայից ձեռնունայն վերադառնալը։ Նա ԱՄՆ-ից չի ստացել որևէ երաշխիք, որ Ալիևի հետ էդքան խեղճ չխոսի։ Բայց գալիս է ու մեկ օրյա դադարից հետո շտապում Ֆրանսիա, էնտեղից պետք է գա ու մեկնի կարծեմ Գերմանիա։ Սա նշանակում է, ըստ իս, մեկ բան՝ Փաշինյանը կորցրել է իր հենարանը, կորցրել է իր հավասարակշռությունը՝ թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս։ Նա չգիտի ու չի կարողանում անել քայլ, որը կօգնի վերականգնել այդ հավասարակշռությունը։ Այն երկրները, որոնք օգնել են իրեն վերցնել իշխանությունը, իսկ հետագայում՝ պահել, այլևս իր կողքին չեն։ Գնում է Ամերիկա՝ օգուտ չկա, գնում է Ֆրանսիա, Մակրոնը բացի խրոխտ աջակցությունից, գետնի վրա բան չի տալիս, եվրամիության խոստացած 2,6 լրդ եվրոն թոզմիշ է եղել, Ռուսաստանը, որը նրա իշխանությունը քանի անգամ պահել է, հիմա անունը լսել չի ուզում։ Նա մերժված է բոլոր տեղերում, թե՛ բերողների կողմից, թե՛՝ պահողների։

Այսօր նրան տոտալ մերժում է նաև ժողովուրդը, որի անունը առաջ հաճախ տալով ման էին գալիս ու լիքը ապօրինություններ անում։ Ամեն օր մի տեղից բողոքի ակցիաներ են ծլում, մեծամասամբ ասում են՝ Նիկոլին ենք ընտրել, բայց թող գնա, թող գա մարդ, որը կարող է խնդիրները կարգավորել, մարդավարի ապրենք, էլ չենք ուզում ինքը մնա։ Քաղաքական հարցեր չեն բարձրացնում, սոցիալական, ապրելու հարցեր են բարձրացնում։ Մարդիկ, որոնք Նիկոլի դեմ դուրս չեկան Ղարաբաղը տալու համար, ավելին, կային դեմքեր, որ արդարացնում էին տարբեր ձևակերպումներով, թե՝ էդ սաղ նախկիններն են, խեղճ հարիֆն ինչ մեղք ունի և այլն, ապա հիմա ամեն ինչ թանկացել է, ու մարդկանց մղում է ըմբոտության։ Մարդը, որը Արցախը հանձնեուց հետո Նիկոլին է ընտրել, կարագը թանկանալուց հետո, տուրքերը թանկանալուց հետո հրաժարվում է Նիկոլից, որովհետև Արցախի հանձնումը Նիկոլին 2021 թվականին ընտրածի դրամապանակի վրա չի ազդել, բայց թանկացումներն ու նոր թանկացրածներն ազդում են ու հլը լիքը բաներ պետք է թանկանան։ Ու ամենից հետաքրքիրը գիտե՞ք որն է, որ բողոքում են հարկային բեռը բարձրացնելուց, պոչից էլ ասում էին, թե սա որ սաղիս խաբեց Ղարաբաղը հանձնեց, հեսա էս էլ ա խաբել, էն էլ ա խաբել, էլ սպասելիք չունենք, թող հեռանա։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը երկրի ներսում ևս կորցրել է հենարանը։ Եվ քանի որ կորցրել է և՛ երկրի ներսում, և երկրից դուրս, իր իշխանության պահպանումը մեծ հարցականի տակ է։ Անգամ ՀՀ թշնամի և Նիկոլ Փաշինյանի բարեկամ թուրքերն ու ադրբեջանցիները իրեն այլևս չեն պաշտպանում․ ադրբեջանցիներն արդեն ասում են, չէ՞, մենք Նիկոլ Փաշինյանի հետ չենք կնքում խաղաղության պայմանագիր, մենք հայ ժողովրդի հետ ենք ուզում կնքենք, Նիկոլը ձեր ժողովրդի աջակցությունը ակնհայտ է, որ չունի։ Հիմա Փարիզում Փաշինյանը վստահաբար կհանդիպի Մակրոնի հետ, բայց նրա ասած դրական խոսքերն էլ բան չեն փոխի։ Խոսքերն արդեն վաղուց արժեք չունեն։

Նիկոլի իշխանության վիճակը փորձեմ պատկերավոր ներկայացնել․ պատկերացրեք՝ ձորի վրա կամուրջ է, տախտակներով և հաստ պարաններով սարքված։ էդ պարանները երկու կողմից հաստ ծառերից են կապված։ Նիկոլը հասել է կամրջի մեջտեղը, ու ծառերից մեկը, որը ժողովուրդն է, սկսում է ցնցել կամուրջը և պարանն ուզում է բաց թողնել, Նիկոլի ծանրությունը էլ չի ուզում տանել։ Նիկոլը հետ գալ չի կարողանում։ Փորձում է առաջ գնալ, անցնել կամուրջը, բայց մյուս ծառը ևս, որը իր դրսից աջակիցներն են, նրանք էլ են ցնցում կամուրջը և ցանկանում բաց թողնել պարանը․ նրանք էլ էլ չեն ուզում տանել Նիկոլի ծանրությունը, որովհետև իմաստը այլևս չկա նրան պահելու։ Ախար, ինքն էլ հասկանում է, որ շանս չունի, մեկ է՝ ընկնելու է։ 

Գործնկերներս լավ օրինակ են բերում․ վարար գետի մեջով փորձում է անցնել․ ոտքը մտցնում է գետը, որ գետնի քարերի վրա հենվելով անցնի, էդ քարը չի գտնում։ Հիմա նա այցելում է Վաշինգտոն, Մյունխեն, Փարիզ, որոնք էդ քարերը խնամքով դրել էին իր ոտքերի տակ, հիմա, սակայն, էլ չեն դնում։

Կարճ ասած՝ ժողովրդի լեզվով ասած, մեր ինքիշխան Նիկոլ Փաշինյանը տեր ման գալիս, հենարան է ման գալիս, ձեռք բռնող է ման գալիս։ Այսօր գրել է՝ աշխատանքային այցով Փարիզում եմ։ Դա շատ հեռու է աշխատանքային այց ձևակերպումից, ավելի կոպիտ բան չեմ ուզում ասել։ Նա դիվանագիտական առումով, քաղաքական առումով որբ է։ Նրան չի ընդունում ո՛չ ժողովուրդը, ում ծոցից հավատացրել էր, որ դուրս է եկել, ո՛չ դրսի «տերերը», ում խաբել է բազմիցս։ Իսկ ամենից վտանգավորը նա է, որ այդպես էլ գնում ու հանձնվում են թշնամուն, թե՝ ինձ պահեք, ինչ ուզեք կանեմ։ Իսկ գուցե հենց այդպես էլ պահել են, էլ չեն ուզում պահել։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ