Ձերբակալումից մինչև մահ․ Փաշինյանին պատահական հանդիպելը դարձել է վտանգավոր․ «Կարճ ասած»

31 Մարտի, 2026

 

Պատմության մեջ շատ են դեպքերը, երբ երկրի ղեկավարի և շարքային քաղաքացու պատահական հանդիպումը դարձել է բախտորոշ։ Օրինակ՝ Լադախ քաղաք այցի ժամանակ Հնդկաստանի վարչապետ Մոդիին է հանդիպում արհեստավոր և ներկայացնում իր խնդիրը․ այդ հանդիպումից հետո տեղական ավանդական արհեստները ստանում են պետական հովանավորում, բացվում են շուկաներ, բարձրանում է այդ քաղաքում կենսամակարդակը։ Աշխարհի «ամենաաղքատ» նախագահի համարումը ստացած Խոսե Մուխիկան, որն իր հին «Ֆոլկսվագենով» էր գործի գնում, մի անգամ ճանապարհին վերցնում մի գործազուրկ բանվորի։ Այս դեպքը նրա կյանքը փոխում է, ստանում է բազմաթիվ փայլուն առաջարկներ․ զուտ նրա համար, որ նախագահը հանդիպել է նրան։ Տարիներ առաջ ուղիղ կապի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինին ընթերցեցին կիրովից դպրոցական աղջկա նամակը, որը նախագահից շուն էր ուզում, ծնողներն աղքատ էին։ Ոչ միայն այդ երազանքն է կատարվում, նաև լայն արձագանք է ստանում, ու լուծվում են այդ ընտանիքի բոլոր կենցաղային խնդիրները։ Օրինակները շատ են։ Հաճախ երկրի ղեկավարի հետ հանդիպումը «լավացնում է» կյանքը ոչ միայն ուղղակի ֆինանսական օգնությամբ, այլև հանրային ուշադրության շնորհիվ։ Որովհետև երբ խնդիրը բարձրաձայնվում է ղեկավարի մակարդակու, դառնում է նաև հանրային ուշադրության առարկա։

Լինում է նաև հակառակը, երբ շարքային քաղաքացու հանդիպումը պետության ղեկավարին ավարտվում է ողբերգությամբ՝ ձերբակալություն, ազատազրկում, վրաերթ, մահապատիժ։ Անմիջապես հիշեցիք Սոնա Մնացականյանի ողբերգական մա՞հը՝ Նիկոլի շարասյանը հանդիպելով։ Բայց մինչ Հայաստան հասնելը, կարճ կանգառ անենք Հյուսիսային Կորեայում։ 2015թ․ Կիմ Չեն Ընը գնում է կրիաների և ոստրեների բուծարան և նկատում, որ կրիաների մի մասը սատկել է։ Ֆերմայի կառավարիչն ասում է՝ պատճառն այն է, որ պետությունը հաճախ է անջատում հոսանքը և կրիաների համար նախատեսված հատուկ կեր չի տալիս։ Այդ կառավարիչը գնդակահարվում է։

Գանք Հայաստան․ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը ո՞ւմ կյանքում է դրական բան փոխել։ Քաղաքացին վարչապետի է հանդիպել․ ասում է՝ աղքատ ենք, պատասխանում է՝ ձեռ ու ոտ չունե՞ս հել աշխատի, աղքատությունը ձեր գլխում է, թոշակառուները թող բիզնես դնեն, հելեք ճամփեքին կոֆե ծախեք։ Երիտասարդ կնոջ ու իր մանկահասակ երեխայի՝ Նիկոլին մետրոյում պատահական հանդիպումը նրանց վրա ինչպե՞ս անդրադարձավ։ Պետության ղեկավարի են հանդիպել, հայտնվեցին սկանդալի մեջ։ Այն դպրոցականների՝ Միքայել և Դավիթ Մինասյանների պատահական հանդիպումը Նիկոլին ո՞նց ավարտվեց։ Կա՞ մարդ, որ հանդիպում է Նիկոլին, կլինի պատահական կամ ծրագրավորված ու չի ասում՝ Աստված էլ բեթարից ազատի։

Երեկ երեկոյան խուզարկում էին Նիկոլի թիկնապահների հետ վիճած դպրոցականների տունը, երևի ահաբեկչության պլան էին ման գալիս։ Պատահական հանդիպել են Նիկոլին, հարուցվել է քրգործ՝ խուլիգանության, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու և այլ հդվածներով։ Նիկոլի այցը եկեղեցի ծառայողական գործունեություն կարելի էր միայն մի դեպքում որակվեր, եթե պատարագ անցկացնող քահանան ինքը լիներ։ Պատանին գնացել է պատարագի, Նիկոլն էլ որոշում է մի 20 րոպեով էնտեղ քարոզարշավ անել ու գնալ ամենասկիզբը կանգնել․ թիկնազորն էլ բրդբրդելով տանում է։ Մզկիթ մտնելիս կոշիկները հանում է, եկեղեցի մտնելիս հրում է մարդկանց։ Ուշադրություն դարձրեք՝ Նիկոլը առանց սկանդալի եկեղեցի գնացած չկա․ է՛լ ժողովրդին են քաշքշում, էլ՝ քահանաներին, ձերբակալում են։ Հիմա էլ տեսնելով, որ չի կարողանում եկեղեցու ախից գալ, փորձում է հավատացյալների հախից գալ։ Երիտասարդ տղան երբ գնում է պատարագի, ժողովուրդ ջան, օրինակելի անձ է, կեցցե ինքը։ Բայց սա ուզումէ  սարքել հանցագործ։ Ուզում են ցույց տալ, թե կազմակերպված խուլիգանություն է, չնայած որ մենք ուղիղ եթերում տեսանք մեկ այլ խուլիգանության կազմակերպում․ հանկարծ որոշեց գնալ՝ իմանալով, որ անկոչ հյուր է այնտեղ։

Մարդը, որ պայքարում է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, վարկաբեկում հոգևորականներին, կալանավորում, ապա թիկնազորով գրոհում եկեղեցի, ցինիզմ է, և բնական է, որ հավատացյալ մարդկանց մոտ այդ տեսարանը առաջացնելու էր վրդովմունք։ Այն էլ, երբ եկեղեցի է մտնում շատ նկատելի, մարդկանց հրել-բրդելով։ Նամակ են գրել, թե՝ բաց թողեք այդ երիտասարդներին, նրանք քաղաքական չեն, ընտանիքն ապաքաղաքական է։ Դա են շեշտում, որովհետև մեր իրականությունում, որ եթե քաղաքական դեմք են, ընդդիմադիր են, պետք է կալանքի տակ լինեն։

Բայց այդ երիտասարդներն էլ, լինելով գրագետ, բանիմաց, խելացի, աստվածավախ, վստահաբար՝ չէին կարող հակակրանք չունենալ նման ղեկավարության նկատմամբ։ Նրանք փոքր չէին, 7-րդ դասարանի աշակերտ էին, երբ իրենց էսօրվա տարեկիցներին՝ այդ ժամանակ 18-20 տարեկաններին, տարավ զոհեց ու հիմա ասում է՝ գիտակցված եմ արել։ Մոռացվո՞ղ բան է։ Հլը էդ երիտասարդներին ու ընդհանրապես ՀՀ բոլոր երիտասարդներին հարցրեք՝ կուզենա՞ք Նիկոլի նման ընկեր ունենալ, դասարանցի ունենալ, թաղի տղա ունենալ։ Կհպարտանա՞ք նրանով, թե՞ կամաչեք։

Մեր երկրում արդեն երեխաներն ու պատանիներն են դառնում քաղաքական հալածյալ, քաղբանտարկյալ։ Ժողովրդավարության «բաստիոն» հռչակված երկրի ղեկավարի ապարատը պայքարում է դպրոցականների դեմ․ ինչ է, թե՝ Նիկոլի թիկնապահը իրեն վատ է պահել, նա էլ արձագանքել է։ Էկրանի լուսանկարներից մեկը Հյուսիսային Կորեայի ղեկավարն է, Կիմ Չեն Ընը, շրջապատված երեխաներով։ Այդ երկրում էլ է ղեկավարի ֆիզիկական ներկայությունը դիտվում է որպես «սրբազան» տարածք։ Քաղաքացու ցանկացած չպլանավորված ռեակցիա՝ լինի բողոք, արդարության պահանջ, թե պարզապես էմոցիոնալ պոռթկում, համարվում է դավաճանություն, սադրանք և դաժան պատժի արժանանում։ Հյուսիսային կորեայի առաջնորդը երբ գնում է մի տեղ, ու երեխաները ոգևորությունից չեն լացում, չափահասները արցունքախառն ոգևորություն չունեն, պատժվում են, աշխատանքային ճամբարներից մինչև բանտ․ եթե հետը մի նոտա բարձր են խոսում, անհետանում են ընտանիքի անդամների հետ միասին, «երեք սերնդի պատժի» օրենքով։ Մի քանի տարի իշխանության մնալով՝ Նիկոլը սովորում է դառնալ Կիմ  Չեն Ըն։ Նրա ներկայությունը մարդկանց շարքում հավասարվում է ականապատ դաշտով քայլելու։

Պատրաստվեք, ժողովուրդ, եթե դա մնա՝ Հայաստանը դառնալու է Հյուսիսային Կորեա։ Երեխաներն անգամ նստելու են։ Վարքագիծը նույննն է, նույն հսկայական և ամեն ինչից վախեցող անվտանգության բանակը, նույն բեմադրված տեսարանները՝ ընտրված մարդկանցով, ու նույն դաժան պատիժը բոլոր նրանց համար, ովքեր համարձակվում են ծափ չտալ առաջնորդին կամ ճշմարտությունը շպրտել նրա դեմքին։ Միակ տարբերությունն այն է, որ Փխենյանում գոնե ժողովրդավարության կեղծ դիմակ չեն հագնում, «բաստիոն» չեն։

Կարճ ասած՝ նպատակը իշխանության հանդեպ վախը պահպանելն է, բայց իշխանությունն ինքը գտնվում է ծայրահեղ վախերի մեջ, և այդ վիճակը նրանց դարձնում է ուղիղ սպառնալիք քաղաքացիների, անգամ՝ պատանիների համար։ Իհարկե՝ հանրության ամենաազատ մասը երիտասարդությունն է, ոչնչից նա չի վախենում․ բնականաբար՝ նրանց չեք կոտրի։ Կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանին փողոցում հանդիպելը դարձել է ամենամեծ փորձանքը, որ կարող է պատահել շարքային քաղաքացու հետ։ Ժողովուրդ ջան, մեր երկրում այլևս ոչ ոք ապահովագրված չէ բացարձակապես ոչ մի բանից։ Նրանք պարզապես օկուպացրել են մեր փողոցներն ու մեր հանգիստը։ Երբ երկրի ղեկավարի զբոսանքը փողոցում ոչ թե հարգանք, այլ սարսափ, ձերբակալություններ ու ոստիկանական տեռոր է ենթադրում, ուրեմն այդ իշխանության գնալու ժամանակը վաղուց անցել է։

 

Սևակ Հակոբյան

 

Նմանատիպ նյութեր

Կոտայքի մարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից․ «Հրապարակ»

Կոտայքի մարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մի քանի ամիս է՝ Կոտայքի մարզը մարզպետ չունի, քանի որ նախկին մարզպետ Ահարոն Սահակյանն ընտրություններից հետո պատգամավոր դարձավ եւ խորհրդարան մտավ։ Չնայած այս ընթացքում բազմաթիվ թեկնածություններ են քննարկվել, սակայն մինչ օրս ոչ մեկը չի...

Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիարդ 174 միլիոն դոլարով․ Իշխան Սաղաթելյան

Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիարդ 174 միլիոն դոլարով․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրել է․ «Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիարդ 174 միլիոն դոլարով։ Պարտքի հիմնական նպատակը պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումն է։ Իրականում...

ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել․ «Ժողովուրդ»

ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները ԱՆԻՖ-ի քրեական վարույթի շրջանակներում իրավաբանական օգնության համար դիմում են ներկայացրել Սինգապուր և ԱՄՆ։ Եվ ահա լրացել է 1 տարին, ու մինչ օրս չի հայտնաբերվել հետախուզման մեջ...

«Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է. «Հրապարակ»

«Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Աշխարհաքաղաքական Գիքորի» կարգավիճակում հայտնված Նիկոլ Փաշինյանը նոր դեգերումների մեջ է` վերջին շաբաթներին հուժկու հակառուսական ալիք բարձրացրած «ինքնիշխանները» կրկին նահանջում են: Երեկ ճեպազրույցում Փաշինյանը հայտնել է նոր ատոմակայանի...

Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու․ «Ժողովուրդ»

Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոկտեմբերի 2-3-ը Երևանում կանցկացվի Հայաստանի Հանրապետության երկրորդ աղոթքի նախաճաշը (Republic of Armenia Prayer Breakfast, RAPB)։ Միջոցառումը կազմակերպիչները ներկայացնում են որպես հավատքի, հանրային...