Դատարանն ու հանցագործը խաղում են նույն թիմում․ «Կարճ ասած»

26 Հունիսի, 2026

 

Համաձայն հեղինակավոր կազմակերպությունների՝ Հայաստանում անցկացրած հարցումների, Սահմանադրական դատարանի և ընդհանրապես, դատական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը բավական ցածր մակարդակի է` ընդամենը 20-25 տոկոսի սահմաններում։ Առաջին հերթին անկախության պակասի ընկալում կա։ Քաղաքացիների գերակշռող կարծիքն է, որ նրանք զերծ չեն Նիկոլ Փաշինյանի միջամտությունից։ Հիշում ենք Նիկոլի խոսքը՝ «կա՞ տենց մի դատավոր, որ իմ ասածը չանի»։ Բացի այդ, ՍԴ այս կազմը ձևավորվել է աննախադեպ՝ իշխանության ճնշման պայմաններում, բոլոր դատավորներին նշանակել է այս իշխանությունը, և այնպիսի անձանց է նշանակել, որ ամենակարևոր գործերի քննման ժամանակ, պարզվում է, նրանց մի մասը չի կարող մասնակցել՝ անաչառության շեմը չհաղթահարելու պատճառով։ Այնպես որ, կարող ենք ասել, որ այո՛, այդ կառույցը չունի հանրային վստահություն։

Մեկ այլ կառույց, որի գործողությունների դեմ դիմում է ներկայացվել ՍԴ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, նրա նկատմամբ վստահությունը ավանդաբար է ցածր եղել, բայց հատկապես այս ընտրություններից հետո, եթե կար գոնե մի 10 տոկոս վստահություն, դա էլ փլվեց։ Ժողովուրդն առաջարկում էր ԿԸՀ շենքը տեղափոխել Նկարիչների միություն, քանի որ շատ փայլուն նկարել են ընտրության արդյունքները։ ԿԸՀ ղեկավարը Նիկոլ Փաշինյանի թիմակիցն է, նախկին աշխատողն է․ բացի դա՝ այդ պաշտոնում ընտրվել է իր ձայնի շնորհիվ։

Ու հիմա ստացվել է մի իրավիճակ, որ քաղաքական անկախության, չեզոքության լուրջ կասկածի տեղ տվող Սահմանադրական դատարանը քննում է քաղաքական չեզոքության, անկախության լուրջ կասկածի տեղ տվող ԿԸՀ-ի որոշումների օրինականությունը։ Ընդ որում, քննում է կազմով, որն արդեն իսկ լեգիտիմ չէ։ ՍԴ անդամներից երկուսին հենց այդ՝ անաչառությունից ելնելով, թույլ չտրվեց մասնակցել քննարկմանը, բայց ևս երկուսը, որոնք էլի անաչառ չեն կարող լինել, թույլ է տրվել մասնակցել։ Ստացվում է՝ Սեդա Սաֆարյանը, որը մասնակցել է 2021թ․ ընտրություններին կուսակցության ցանկով, որը ակնհայտ վատ վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, պետք է քննի հենց այդ կուսակցության դիմումը և Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ ՍԴ անդամ Դավիթ Խաչատուրյանը, որի եղբայրը Փաշինյանի հետ իրավական խայտառակություններ է արել մեր երկրում, ապա Նիկոլի SMS-ով ազատվել է աշխատանքից, պետք է քննի Նիկոլի ինքնահռչակ հաղթանակի դեմ դիմումը։ Հենց հիմա կարող եք դուրս գալ ու անաչառ դիտորդին, այն է՝ ժողովրդին հարցնել՝ վստահո՞ւմ եք ՍԴ-ին․ վստահեցնում եմ, որ ասելու են՝ անելու է այնպես, ինչպես Նիկոլը կասի։

Ժողովուրդ ջան, մեր աչքի առաջ ի՞նչ է տեղի ունեցել․ ՔՊ-ն օգտագործել է վարչական ռեսուրս, պետական աշխատողներին ստիպել են գնալ Նիկոլի հավաքներին, քարոզարշավներին։ Ներքին չաթերից գրագրություն է տարածվել, թե ինչպես են ուսուցիչներին ստիպելով հավաքներին տարել։ Իրավապահ մարմինները ձայն չեն հանել։ Սա կարո՞ղ էր ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Միանշանակ՝ այո։ Աշխատանքից ազատել են ընդդիմադիրներին ու դրանով մյուսներին պահել վախի մթնոլորտում։ Սա կարո՞ղ էր ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Վստահաբար՝ այո։ Իրավապահները հազարավոր գաղտնալսումներ են արել, քաղաքացիների ձայնագրություններ մոնտաժել-հրապարակել՝ մեղադրելով ընտրակաշառք բաժանելու մեջ, սևացնելով, բռնաճնշումներ անելով։ Բայց ՔՊ-ի պարագայում, որը վարչական ապարատի տեռոր էր անում, ոչ մի ձայնագրություն չկա։ ՔՊ-ն մարդկանց հավաքագրել-տարել է հանդիպման, ցուցակներով, իրավապահների արձագանքը չկա։ Սա կարո՞ղ էր ազդել ընտրության արդյունքների վրա։ Վստահաբար՝ այո։

Նիկոլ Փաշինյանը բաժանել է պետական բյուջեից ընտրակաշառքներ, սոցիալական օգնության, սոցիալական լայնածավալ ծրագրերի որոշումներ է կայացրել հենց նախընտրական փուլում, որը դիտվել կարող է միայն որպես ընտրակաշառք։ Հակակոռուպցիոնի արձագանքը չկա։ Բայց սա կարո՞ղ էր ազդել ընտրության արդյունքների վրա։ Միանշանակ՝ այո։ Նիկոլ Փաշինյանը, և միայն ինքը, ամբողջ քարոզարշավը տարել է ատելության մթնոլորտում, վախի մթնոլորտ է սփռել հանրության շրջանում։ Դա կարո՞ղ էր ազդել ընտրության արդյունքների վրա։ Միանշանակ՝ այո։ Տեղի է ունեցել աննախադեպ բան՝ արտաքին ուժերը միջամտել են ՀՀ ներքին գործերին՝ աջակցելով Փաշինյանին։ Հիմա դա ազդել կարո՞ղ էր ընտրության արդյունքների վրա։ Վստահաբար՝ դա ևս շատ է ազդել։ Բուն ընտրության օրը և գիշերը խախտումներն էլ չեմ ասում։

Դատախազություն, քննչական կոմիտե, հակակոռուպցիոն կոմիտե, որ ընդդիմադիր ուժերին, թեկնածուներին և համակիրներին ահաբեկել են, խուզարկել են, կալանավորել են, բարի համբավն արատավորող հաղորդագրություններ են տարածել, հերթապայհություն են արել ընդդիմադիրների  տների, շտաբների, գրասենյակների մոտ, որ ամենասըտից պատճառով ու առանց պատճառի բերևման ենթարկեն, նրանք ՔՊ-ի բռնաճնշումներին բանի տեղ չեն դրել, մարդկանց ստիպելով հավաքների տանելը աչքաթող են արել և դրանով օգնել են Փաշինյանին։ Իսկ իշխանական ուժի և իշխանության ընտրական ապօրինությունները ոչ թե եղել է տարերային, այլ եղել է կազմակերպված և զանգվածային, եղել է հստակ պլան ու սցենար։

Ստացվում է ի՞նչ․ այս գործի քննությանը ներգրավված են ՍԴ-ն, ԿԸՀ-ն, դատախազությունը, Քննչական կոմիտեն, ՔՊ կուսակցությունը, Հակակոռուպցիոն կոմիտեն մի կողմում՝ որպես Նիկոլ Փաշինյանի գրպաններ, մյուս կողմում ընդդիմությունն է․ իհարկե՝ ՍԴ դիմածներից ոչ բոլորին կարելի է համարել իրական ընդդիմություն, բայց դա այս պահին էականը չէ։ Զավեշտ է, ժողովուրդ, երբ դիմում ես մի կառույցի, որին չես վստահում, բայց ստիպված ես դիմել, որովհետև ուրիշ մարմին չկա, օրենքով դա է։

Հիմա ՍԴ-ն կա՛մ պետք է մերժի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները կա՛մ նոր ընտրություններ նշանակի, կա՛մ երկրորդ փուլ նշանակի, գուցե որոշ տեղամասերում վերաքվեարկություն դնի, բայց եթե հաստատում է ակնհայտ ապօրինությունները, ձայնգողությունը, կաշառքները, ուրեմն ընդհանրապես խաչ է քաշում ինքն իր վրա և լեգիտիմության ճգնաժամի մեջ հայտնվում՝ օրենսդիր ու գործադիր իշխանության նման նաև ինքը։

Կարճ ասած՝ խնդիրը միայն այն չէ, թե ինչ որոշում կկայացնի ՍԴ-ն, խնդիրն այն է, թե որքանով է հասարակությունը վստահելու այդ որոշմանը։ Իսկ այս ՍԴ-ի որոշման լեգիտիմությունը արդեն կասկածի տակ է, որովհետև այդ ինստիտուտի չեզոքությունն էլ է հանրային քննարկման առարկա։ Անկախ ՍԴ-ի արդյունքից՝ կա պարզ ճշմարտություն․ «Քաղաքացիական պայմանագիրը» չի հաղթել ընտրություններում, Հայաստանի կառավարությունում, խորհրդարանում աշխատելու է ուժմ, մեր երկրի անունից կայացնելու է որոշումներ, որի լեգիտիմությունը չունի։ Սա չի կարող հետևանքներ չունենալ։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է

«Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան»,-հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության...

Որպես գնդերեց, զինվորներիս հետ գնացի պատերազմ. այնտեղ կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ

Որպես գնդերեց, զինվորներիս հետ գնացի պատերազմ. այնտեղ կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ

Այնտեղ ես կորցրեցի իմ լավագույն եղբայրներին՝ մարդկանց, որոնց հետ կիսել էի թե՛ խաղաղության, թե՛ պատերազմի օրերը։ Նրանցից յուրաքանչյուրի կորուստն այսօր էլ ցավ է, որ չի անցնում։ Շատ անգամ հիշում եմ նրանց դեմքերը, խոսքերը, վերջին հանդիպումները… Եվ հասկանում եմ, որ որոշ...

Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ

Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ

Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։35-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում՝ թիվ 220 հասցեի դիմաց, բախվել են 24-ամյա Սևան Վ․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի, 42-ամյա Ստելլա Ա․-ի վարած «Mitsubishi Grandis» մակնիշի, 24-ամյա Դավիթ Հ․-ի...

Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան

Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական...

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է։ Մարդիկ խնկարկում են մեր նահատակների հիշատակը, իսկ այս ֆոնին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է։ ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշում է՝ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ։...