Աշխատանքի տեղավորման գործակալները․ «Կարճ ասած»

7 Սեպտեմբերի, 2026

Օրերս ճեպազրույցի ժամանակ լրագրողը Նիկոլի հետ քայլած երկու նախկին պաշտոնյայի անուն է տալիս ու հարցնում, թե ինչու պաշտոնի չեն իր պայքարի այդ ընկերներն են։ Նիկոլը պատասխանում է, թե՝ դա՞ ինչ հարց է, հո Հեղափոխությունը աշխատանքի տեղավորման գրասենյակ չէ՞։ Իհարկե՝ անմիջապես ավելացնում է, թե անգործ մնացած այդ երկուսից մեկին՝ Արմեն Գրիգորյանին, նոր բարձր պաշտոն է առաջարկել։ Այսինքն, ամեն դեպքում, աշխատանքի տեղավորման գրասենյակ է։ Իհարկե՝ Արմեն Գրիգորյանը մասնակից դարձավ Հայաստանի քանդմանը՝ ԱԽ քարտուղարի պաշտոնում՝ ուրանալով իր ծննդավայր Արցախը։

Անդրադառնանք գլխավոր հարցին՝ հեղափոխությունը աշխատանքի տեղավորման գրասենյա՞կ էր, թե՞ չէ։ Եթե հիմա թվարկեմ, թե հեղափոխության շնորհիվ քանի հոգի է պաշտոն ստացել, վստահեցնում եմ՝ այս հաղորդումը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում ամենաերկարը․ պետք է թվարկեմ համարյա բոլոր պաշտոնները։ Էն, որ Նիկոլի քավորը դարձավ մարզպետ, քավորի եղբայրը դարձավ պատգամավոր, Նիկոլի սանիկը դարձավ նախարար, եղբոր տղան դարձավ պատգամավոր, եղբայրները՝ գործարարներ, աներձագը՝ դեպուտատ, կնոջ մոտակա և հեռավոր ազգականները դարձան պաշտոնյաներ, դա, ժողովո՛ւրդ ջան, հենց նրա մասին էր, որ հեղափոխությունն իրենց աշխատանքի տեղավորելու մասին էր։ Հայկ և Վահե Ղալումյանները կլինեի՞ն մարզպետ ու դեպուտատ, եթե Նիկոլը վարչապետ չլիներ։ Նիկոլի աներձագը մասովկայի դերերից դուրս կգա՞ր, եթե Նիկոլը չլիներ վարչապետ։ Ոչ, ամեն դեպքում, երբ վարչապետ չէր, նրանց անունները ո՞վ էր լսել։ Դե թող իրենք պատասխանեն՝ աշխատանքի տեղավորման գրասենյա՞կ էր հեղափոխությունը, թե՞ չէ։

Նիկոլն ասում է․ «Ութ տարի վարչապետ եմ, պատասխանատու կերպով ասում եմ՝ իմ որևէ ծանոթ, որևէ բարեկամ այդ փաստի բերումով որևէ տեղ ո՛չ դպրոցի տնօրեն է նշանակվել, ո՛չ մանկապարտեզի»։ Իսկ ինչի՞ նշանակվեին դպրոցի տնօրեն, եթե նշանակվում էին նախարար, մարզպետ, դեպուտատ։ Դպրոցի տնօրենը բարձր պաշտոն համարեին՝ էնտեղ կնշանակվեին։

Թող ԱԺ փոխնախագահ դարձած Կոնջորյանն ու «Հայփոստի» տնօրեն դարձած յուր կինը պատասխանեն՝ հեղափոխությունն ինչի՞ գործակալություն էր։ Թող կարկառուն ՔՊ-ական Սասուն Միքայելյանը, որը մի երկու անգամ դարձավ պատգամավոր, որի որդին դարձավ Հրազդանի քաղաքապետ, որի փեսան դարձավ Կոտայքի փոխմարզպետ, որի աղջիկը նույն մարզպետարանում դարձավ բաժնի պետ, պատասխանի՝ հեղափոխությունը աշխատանքի տեղավորման գործակալությո՞ւն էր, թե՞ ոչ։ Հակառակ դեպքում հիմա ո՞ւր կլիներ Սասուն Միքայելյանն իր այդ բարեկամների հետ։ Քննադատում էիք, երբ ասում էր՝ «հեղափոխությունը Արցախից կարևոր է»։ Կարևոր կլիներ, բա գերդաստանից ո՞վ մնաց անգործ։

Էլ ուրիշ ո՞ր մի հրաշքով ՔՊ-ական մարդ ու կին կդառնային դեպուտատ․ կամ կինը կդառնար «Զբոսաշրջության կոմիտեի» նախագահ, ամուսինը՝ Արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ։ Թող ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ասի՝ հեղափոխությունը աշխատանքի տեղավորման գրասենյա՞կ է, թե՞ ոչ․ եթե ոչ, ապա էդ ո՞նց եղավ, որ ինքը նախարար է, ամուսինը՝ Դատական դեպարտամենտի երկրորդ պաշտոնյան։ Եթե դա հեղափոխության շնորհքը չէր, բա էդ դեպքում, էդ ի՞նչ փայլուն մասնագետներ էին, որ անարդարացիորեն մերժված էին նախկին իշխանության կողմից։ Եթե լավ մասնագետ է Արփինե Սարգսյանը, բա ո՞նց է օրը 10 ռազբորկա լինում փողոցի մեջտեղը՝ դժբախտ ելքով։

Եթե հեղափոխությունը աշխատանքի տեղավորման գործակալություն չէր, ինչպե՞ս է փաստաբանը, որը ոչ մի օր դատավոր չէր աշխատել, միանգամից ՍԴ դատավոր նշանակվում, ամուսնուն էլ, հարսին էլ տանում իր մոտ, տղային էլ՝ հակակոռուպցիոն։

Խոսքը, ախար, միայն բարձր պաշտոնների մասին չէ․ պոլիկլինիկաներում, դպրոցներում, համայնքապետարաններում ՔՊ-ականներն են․ գերդաստաններով լցված են ՊՈԱԿ-ները։ Ոչ շատ առաջ մի ՔՊ-ականի ծննդյան արարողություն էր հայտնի ռեստորաններից մեկում, հավաքվել էին բարեկամ-հարազատները, ու կարծես ծնունդը ՊՈԱԿ-ում լիներ՝ սաղ ՊՈԱԿ-ի աշխատողներ։ Ազգային ժողովը և կառավարությունը ոնց որ ՔՊ-ական պատգամավորների բարեկամների ու ընտանիքի անդամների հավաքատեղին լինեն։ Քույրը պատգամավոր, եղբայրը՝ վարչապետի աշխատակազմում, կինը պատգամավոր, ամուսինը՝ օգնական, կինը պատգամավոր, ամուսինը՝ տնօրեն, ամուսինը պատգամավոր, կինը՝ խորհրդական, ամուսինը՝ մարզպետ, կինը՝ Նիկոլի աշխատակազմում։ Կինը՝ դատախազի տեղակալ, ամուսինը՝ ԱԱԾ տնօրենի խորհրդական, ամուսինը՝ ՊԵԿ գլխավոր քարտուղար, կինը՝ բաժնի պետի տեղակալ, հայրը՝ վարչության պետի տեղակալ։ Եղբայրներով, խնամիներով, ազգուտակով զավթել են սաղ։

Այո, Փաշինյանը ճիշտ է ասում, հեղափոխությունը աշխատանքի տեղավորման գրասենյակ չէ, որովհետև գրասենյակը տնից մեկին գործի կտեղավորեր, իսկ դուք ցեղերով եք գործի տեղավորվում։ Բյուջեն էն ջերմոցն է, որով դուք փարթամացաք, բարգավաճեցիք։

Կարծում եմ, որ Հայաստանում ցանկացած ոք, ով չունի աշխատելու դժվարություն, անկարողություն, պետք է ունենա աշխատանք։ Դա նաև այս իշխանության խոստումն է։ Բայց բանն այն է, որ հեղափոխությունը ՔՊ-ականներին ոչ թե աշխատանք է տվել, այլ պաշտոն։ Բայց միաժամանակ՝ հեղափոխությունը եղել է հազարավոր մարդկանց աշխատանքից ազատելու միջոց։ Խոսքս միայն չի վերաբերում նրան, որ մարդկանց աշխատանքից ազատել են, որ ՔՊ-ականների նշանակեն, խոսքս վերաբերում է հատկապես նրան, որ հազարավոր մարդկանց աշխատանքից ազատել են ընդդիմադիր միտքը լայքելու համար, քննադատության համար, Արցախի դրոշի համար, ընդդիմադիրի հավաքին գնալու համար, ընդդիմադիրի բարեկամ, հարազատ, անգամ ընկեր լինելու համար։ Ու էնպես չէ, թե նրանք պաշտոնի էին․ ուսուցիչ, դասախոս, համայնքապետարանի աշխատող, բժշկուհի և այլն։ Ամենաթարմ դեպքը․ Ավանի մարզադպրոցի մարզչին աշխատանքից ազատել են Լևոն Քոչարյանի հետ լուսանկար ունենալու համար։ Դեպքերն էնքան շատ են նման աշխատանքից ազատումների, որ կարելի է ուղղակի առանձին հաղորդումներ նվիրել։ Ռադիոյում աշխատանքից ազատել են լրագրողին, թե բա՝ բացասական էներգիա ես տալիս ունկնդիրին, որ Նիկոլին քննադատում ես։ ՊԵԿ-ի աշխատողն ասում է՝ ինձ գործից հանեցին, ասացին՝ յուրային չես: Իսկ հեղափոխությունը յուրայինների համար էր։

Բայց հեղափոխությունը ՔՊ-ականների համար միայն աշխատանքի տեղավորման գործակալություն չէր, ՔՊ-ականների համար նաև բիզնես գործակալություն էր, նախարարների, պատգամավորների, մարզպետների, համայնքապետերի ու զանազան պաշտոնյաների բարեկամների, հարազատների, ընտանիքի անդամների, բաջանաղների ու զոքանչների համար խոշոր բիզնեսմեններ պարգևելու, խոշոր տենդերներ շահելու, պետհիմնարկների ամենախոշոր մատակարարները դառնալու գործակալություն էր։ Բացե՛ք պետական գնումները ու շահողների մեջ ցո՛ւյց տվեք պատահական՝ ՔՊ-ականների հետ, պաշտոնյաների հետ կապ չունեցող մարդկանց, հետո հաշվե՛ք, թե այդ պատահական մարդիկ ընդհանուր շահումների մեջ քանի տոկոս են կազմում։

Բայց ամենախնդալուն գիտե՞ք որն է․ երբ հարցնում ես, թե սա ո՞րտեղից, նա ո՞րտեղից, էդ ո՞նց միանգամից հարստացաք, պատասխանում են, թե՝ մենք մինչև հեղափոխությունը գիտե՞ք ինչեր ենք արել։ 2018-ի հայտարարագրերում լրացրել են տարեկան 200 հազար դրամ, 5 հարյուր հազար դրամ, ծակ շալվարներ, հիմա միլիոնների մեջ լողում են, բայց ասում են՝ մենք միշտ էլ լավ ենք ապրել։ Մի քանի տարի նախարար է աշխատել, ընտանիքը դղյակ է կառուցում, ու ասում է՝ հեղափոխությունից առաջ հո սոված չէի՞նք մեռնում։ Հեղափոխությունից հետո դղյակ է կառուցել, էլիտար թաղամասերում տներ ձեռք բերել ու ասում է, թե հեղափոխությունից առաջ ավելի չաղ էր ու բախտավոր։ Ով իր ձեռք բերած ունեցվածքից խոսում է, պարզվում է՝ առաջ ավելի լավ էր ապրում, ըստ իրեն։ Բա հեղափոխությունն ինչո՞ւ եք արել։ Հեղափոխություն անում են լավ ապրելու հույսով․ եթե դուք լավ էիք ապրում, բա հեղափոխություն ինչո՞ւ էիք անում։ Որ ժողովո՞ւրդը լավ ապրի։ Բայց ժողովուրդը վատ է ապրում։

Կարճ ասած՝ թե ինչի համար էր հեղափոխությունը, շատ երկար կարելի է խոսել․ հեղափոխությունը աշխատանքի տեղավորման գրասենյակ էր, ժողովրդին տուգանելու գրասենյակ էր, թալանի գրասենյակ էր, հարստանալու գրասենյակ էր, բիզնեսի գրասենյակ էր, դավաճանության գրասենյակ էր, վարի տալու գրասենյակ էր, ինքնության դեմ պայքարի գրասենյակ էր։ Մարդամեկն ասում է՝ հեղափոխության ամենամեծ մարտահրավերն այն է, թե ինչպես անել, որ այն չհասնի զրոյական կետին, այսինքն՝ հասնի այն կետին, որից սկսել է։ Դուք այդ կետից արդեն վաղուց ներքև եք իջել։ Այ դա՝ հաստատ։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են՝ սեփական դիմումի համաձայն։ Որոշումը ԲԴԽ-ն կայացրել է այսօր։ Ըստ ԲԴԽ որոշման՝ հրաժարականի դիմումը Քոչարյանը ներկայացրել է սեպտեմբերի...

Նվազագույն ակնկալիքս է, որ դատավարությունը լինի բաց և թափանցիկ․ Արեգնազ Մանուկյան

Նվազագույն ակնկալիքս է, որ դատավարությունը լինի բաց և թափանցիկ․ Արեգնազ Մանուկյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ուղերձը «Աբովյան» ՔԿՀ-ից։ «Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Անդրանիկ Թևանյանի և իմ շինծու գործով առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ կալանքիս ժամկետը լրանալու նախորդ օրը, ինչը նշանակում է, որ միտումնավոր...

«Ուժեղ Հայաստան»-ը Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Ռուբեն Մխիթարյանին

«Ուժեղ Հայաստան»-ը Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Ռուբեն Մխիթարյանին

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 138-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի...

Ստեփան Ասատրյանը ստո՞ւմ է, թամադան տեսանյութ է հրապարակել․ Լիա Սարգսյան

Ստեփան Ասատրյանը ստո՞ւմ է, թամադան տեսանյութ է հրապարակել․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ի պատասխան Ստեփան Ասատրյանի հերքման՝ «Իշխանություն» լրատվականը օհանավանցիներից նոր տեսանյութ է ստացել Հովհաննավանքում տեղի ունեցած կերուխումից։ Տեսանյութն իր ինստագրամյան սթորի բաժնում հրապարակել է միջոցառման...

«Ի դեպ»․ Հեղափոխության «ազատ հաստիքները»՝ միայն ազգականներ համար

«Ի դեպ»․ Հեղափոխության «ազատ հաստիքները»՝ միայն ազգականներ համար

Ի դեպ, Փաշինյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ են իր հետ քայլածներից ոմանք, օրինակ՝ ԱԽ արդեն նախկին գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը անգործ մնացել, ասում է՝ հեղափոխությունը աշխատանքի տեղավորման գրասենյակ չէր։ Շատ ճիշտ պատասխան կլիներ, եթե վերջում...