2025 թվականի օգոստոսին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց հետո Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ շատ լավ հանդիպում է ունեցել․ թեման հիմնականում Ուկրաինան էր։ Անցել է 1 տարի այդ «լավ» հանդիպումից, ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է մեկ այլ ուժգնությամբ և հարվածների թիրախավորումներով։ Ամիսներ առաջ Իրան-Իսրայել բախումներից հետո բանակցություններ անցկացնելով՝ Թրամփը հայտարարեց, թե շատ լավ բանակցություններ էին, և ինքը վերջ է դրել ևս մեկ պատերազմի․ այսօր ԱՄՆ-ն հարվածել է Իրանում հարսանյաց սրահին, հարսանիքի մասնակիցների սպանել։
Երբ Փաշինյանը հայտարարում է, թե «շատ լավ» հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ուզում եմ հարցնել՝ գյուղատնտեսական մթերքի՝ պտուղ-բանջարեղենի արտահանման խոչընդոտը վերացա՞վ։ Ո՛չ։ «Ջերմուկի» արտահանումը բացվե՞ց։ Ո՛չ։ Հայկական կոնյակի դեմ պատժամիջոցները հանվեցի՞ն։ Ո՛չ։ Հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին հարաբերությունների վատթարացման պատճառով իրականացված մի քանի հազար դեպորտները չեղարկվեցի՞ն։ Ո՛չ։ Այն ՀՀ քաղաքացիները, որոնք ՌԴ-ում տենդերներ էին շահում, բայց Փաշինյանի պատճառով դրանք չեղարկվել էին, վերականգնե՞լ են։ Ո՛չ։ Արագորեն կողմնորոշվելու և հանրաքվե անցկացնելու պահանջը վերացե՞լ է։ Ո՛չ։
Ավելին, նոր սպառնալիքներ են ի հայտ եկել․ Պուտինը հանդիպումից հետո հայտարարել է՝ Ռուսաստանը Գյումրու ռազմաբազան թեկուզ վաղը կհեռացնի, եթե Երևանը գտնում է, որ դրա կարիքը չկա: Բայց Հայաստանը պատրա՞ստ է դրան: Ժողովո՛ւրդ ջան, Հայաստանը պատրա՞ստ է, որ ՌԴ-ն, Թուրքիայի հարևանությամբ իր ռազմաբազան հանելով, դրանով իսկ հրաժարվի անվտանգության երաշխավորումից։ Ի՞նչ կարող է անել Թուրքիան, որի հետ ՀՀ սահմանը պահում է ռուս զինվորը․ դա շատ անկանխատեսելի է։ Ռուբինյանի հետ բանակցելիս Քըլըչն ակնարկել էր, որ ուզում են հայ-թուրքական սահմանը սահմանազատել, քանի որ «անարդար է գծված»։
Մյուս խնդիրներին չանդրադառնամ․ հիմա այս իրողությունների ֆոնին ի՞նչն է ստիպել Նիկոլին հայտարարել, թե լավ հանդիպում է ունեցել Պուտինի հետ։ Ըստ երևույթին, նրա համար «լավն» այն է, որ Պուտինը չի ասել՝ «գնա՛ ու էլ չգաս», այլ ասել է՝ դեռ էլի կհանդիպենք։ Հանդիպման ժամանակ Նիկոլն ասում է՝ նոր միջավայրում, նոր պայմաններում հայ-ռուսական հարաբերությունները վերաձևակերպելու անհրաժեշտություն կա։ Այո՛, համաձայն եմ, բայց արդյո՞ք այդ վերաձևակերպման արդյունքում պետք է դառնայիք թշնամի։ Ասում է՝ հիմա ավելի լավ բարեկամ կդառնանք։ Բնականաբար՝ սուտ է։ Հիշո՞ւմ եք՝ 2018 թվականի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում Փաշինյանն արձագանքեց նրանց, որոնք ասում էին, թե Նիկոլը եկել է Ղարաբաղը հանձնելու և Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու։ Ասում էր՝ «Ղարաբաղը հանձնողը դուք եք, մենք անկախության ճանաչմանն ենք հասնելու, իսկ Ռուսաստանի հետ հարաբերություններն աննախադեպ լավն են դառնալու»։ Այդպե՞ս էր։ Պուտինն ասում է, որ հարաբերությունները վատացան այն պահից, երբ Փաշինյանը Պրահայում ստորագրեց համապատասխան փաստաթուղթն ու Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։
Բիշքեկում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հանդիպումը շատ սպասված էր։ Փաշինյանն ընտրություններից դեռ առաջ էր ասում, թե հունիսին գնալու է հանդիպի և հարաբերությունները կարգավորի։ Հունիսին էլ չհանդիպեց, հուլիս-օգոստոսին էլ․ պատճառը, ըստ ամենայնի, այն էր, որ Պուտինը նման ցանկություն չէր արտահայտել։ Խոստացված ժամկետից 3 ամիս անց հանդիպեցին, ու ի՞նչ արձանագրվեց, բացի նրանից, որ թվարկածս պատժամիջոցները պահպանվում են։
Հանդիպմանը նախ խոսեց Վլադիմիր Պուտինը։ Ասաց, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերն է, որին բաժին է ընկնում ներդրումների շուրջ 30%-ը, առաջին կիսամյակում ապրանքաշրջանառությունը կազմել է 2,5 միլիարդ դոլար, ռուսական ընկերությունները Հայաստանի բյուջեի խոշոր գործատուներն ու հարկատուներն են, ՌԴ-ն ամրապնդում է Հայաստանի էներգետիկ անվտանգությունը և այլն։ Սկզբում, այսինքն, խոսեց այն դրականի մասին, որը կա և որից օգտվում է Հայաստանը։
Ապա անցավ իր համար ամենակարևոր թեմային․ այո՛, ամեն ժողովուրդ պետք է ընտրության հնարավորություն ունենա, դո՛ւք պետք է որոշեք՝ ուզում եք գնալ ԵՄ, թե՞ մնալ ԵԱՏՄ-ում։ Բայց ձեր ԵՄ գնալու գործընթացը չպետք է լինի ԵԱՏՄ-ի փողերով․ չպետք է ստանաք մեր արտոնությունները, հնարավորություններն ու առևտրային շղթաները և գնաք ԵՄ։ Դրանք խզվելու են։ Այս պահին ՌԴ գյուղմթերքի սահմանափակումների պատճառով Հայաստանից գյուղարտադրանքի արտահանումը նվազել է 75 տոկոսով հունիսին և շուրջ 50 տոկոսով՝ հուլիս ամսին։ ՌԴ նախագահն ասում է՝ այդ ընտրությունը դուք պետք է կատարեք հիմա, հի՛մա պետք է որոշեք՝ սկզբում նշված դրականը պահպանվո՞ւմ է, թե՞ ոչ։
Բայց ընտրությունը պետք է կատարի ժողովուրդը՝ ըստ Պուտինի։ Այսինքն՝ նրանք համարում են, որ Նիկոլի կառավարության ու խորհրդարանի որոշումը ժողովրդի որոշումը չէ։ Եվ իրականում այդպես է, որովհետև Նիկոլ Փաշինյանն իր եվրոպական օրակարգով ընտրություններում 50 տոկոս ձայն չհավաքեց, այն էլ՝ աննախադեպ կեղծիքներից հետո։ Մեկ անգամ չէ, որ Պուտինն ասաց, որ պետք է արագ կողմնորոշվել։
Ի՞նչ է ասում Փաշինյանը․ ասում է՝ նախորդ տարի ընդունվել է օրենք Եվրոպական Միությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին։ Ասում է՝ մենք այդ օրենքն ընդունեցինք, որ հանրաքվե չանցկացնենք։ Իսկ ինչո՞ւ հանրաքվե չէր ուզում Փաշինյանը․ որովհետև ժողովուրդը կմերժե՞ր։ Որովհետև օրենքին քվեարկողները ՔՊ-ականներն էին, և ընդունելը հեշտ էր, վավերացնողը ՔՊ-ական նախագահն է, հեշտ կանի, իսկ ժողովուրդը, ամենայն հավանականությամբ, կմերժեր։
Այնուհետև Փաշինյանը հղումներ է անում ԵԱՏՄ կարգավորումներին, համաձայն որոնց՝ չկա որևէ դրույթ, որ անդամ-պետությանը հնարավոր է հեռացնել ԵԱՏՄ-ից։ Այստեղ նշենք, որ չկա նաև կարգավորում, որը թույլ է տալիս ՀԱՊԿ-ում անդամությունը սառեցնել։ Բայց դա մի կողմ։ Ասում է՝ եթե երկիրը որոշում է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, ապա պետք է վեց ամիս առաջ այդ մասին տեղեկացնի գործընկերներին։ «Մենք չենք տեղեկացրել, ուրեմն դեռ չենք ուզում դուրս գալ»։ Պուտինը հակադարձում է, թե՝ երբ դուք օրենք ընդունեցիք մեկ այլ տնտեսական կազմակերպություն մտնելու հարցի վերաբերյալ, արդեն դրանով սկիզբ դրեցիք ԵԱՏՄ-ից դուրս գալուն։
Վլադիմիր Պուտինի ասածն այն է, որ պետք է կողմնորոշվել շատ արագ և վերջնականապես՝ մնո՞ւմ եք, թե՞ դուրս գալիս․ «մենք թույլ չենք տա, որ մնաք ԵԱՏՄ-ում, օգտվեք բազմաթիվ հնարավորություններից, արտոնություններից ու զուգահեռ բանակցեք ԵՄ մտնելու վերաբերյալ»։ Ըստ երևույթին, սրանք մտածում են, որ երբ դիմեն ԵՄ մտնելու, բանակցությունները կտևեն տասնյակ տարիներ, գուցե հավերժ, և չեն կորցնի ԵԱՏՄ-ն․ հենց մտնելու լինեն՝ դուրս կգան ԵԱՏՄ-ից ու կմտնեն ԵՄ։ Բայց այդ խորամանկությունն ի սկզբանե դատապարտված էր։
Սա էր Նիկոլի ձևակերպած «լավ հանդիպումը» Պուտինի հետ։
Կարճ ասած՝ Հայաստանի իշխանությունները պետք է շատ լավ իմանան, որ ԵՄ մտնելու շանսերը զրոյական են, այնպես, ինչպես Ուկրաինայի շանսերը, Թուրքիայի շանսերը, այնպես, ինչպես գործընթացի վրա խաչ քաշեցին Վրաստանը, Իսլանդիան ու մի շարք այլ երկրներ, որոնք երկար տարիներ բանակցում էին։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ հարաբերությունները փչացրեցին ՌԴ-ի, ԵԱՏՄ-ի հետ՝ մեկուսացնելով մեր երկիրը։ Երկու աթոռի վրա նստելու և ժողովրդին անվերջ խաբելու Փաշինյանի քաղաքականությունն հասել է տրամաբանական ավարտին։ Աշխարհաքաղաքական կենտրոնները նրանից պահանջում են հստակ ու վերջնական ընտրություն, իսկ վճարողը, ցավոք, նորից դառնալու է ՀՀ-ն՝ կորցնելով տնտեսությունը, արտահանման շուկաները և անվտանգության վերջին երաշխիքները։ Հանուն ստահոդ խոստումների ու անիրականանալի «եվրոպական երազանքի»՝ Հայաստանը կանգնեցվել է էքզիստենցիալ աղետի առաջ՝ երաշխավորված կորուստներով։
Սևակ Հակոբյան





