Պարզվում է՝ հայկական գյուղմթերքի Ռուսաստանում արգելքը եթե մեր գյուղատնտեսության համար մահացու է, գյուղատնտեսների, արտադրողների, արտահանողների համար՝ աղքատացման պատճառ, իշխանության համար խիստ եկամտաբեր է։ Կպատկերացնեի՞ք, որ կարող է ֆինանսապես ձեռնտու լինել ՀՀ կառավարության որոշ անդամների համար գյուղմթերքի արտահանման արգելումը։
Եվ այսպես, Հայաստանի էկոնոմիկայի նախարար աշխատող նախկին հանրապետական, այժմ ՔՊ-ականը պարբերաբար ֆեյսբուքյան էջում գրառումներ է անում՝ իբր ցույց տալու համար, թե հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ պտուղ-բանջարեղենի, ծաղկի, ձկան արգելքի ֆոնին իրենք արտահանումը դիվերսիֆիկացրել են։ Հրապարակում են արտահանման ուղղությունների ցանկ․ ուսումնասիրում ենք ու ակնհայտ կասկածելի տվյալ տեսնում։ Սկսում ենք ուսումնասիրել, ու ըստ իրենց հրապարման, բացվում է խայտառակ պատկեր։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ 2025 թվականի հունիս և հուլիս ամիսներին՝ արտահանման պիկ շրջանում, Ուզբեկստան չի արտահանվել ոչ մի գրամ գյուղմթերք։ Այնինչ 2026 թվականի հունիս-հուլիս ամիսներին այդ երկիր միանգամից արտահանվել է շուրջ 5 հարյուր տոննա պոմիդոր, 3800 տոննա ծիրան, մոտ 1000 տոննա կեռաս, մի այդքան պղպեղ և այլն։ 2025 թվականին զրո է, 26-ին, ստացվում է, միանգամից «նվաճել են» ուզբեկական շուկան։ Իրենց արտադրանքը թողած՝ հայկականն են գնել ուզբեկները։ Շատ լավ, կմտածեք, բա համով է։
Մյուս կողմից, թվում է՝ շատ կասկածելի․ այդ ո՞նց եղավ, որ միանգամից կապեր զարգացր։ Այդ ո՞նց եղավ, էլի, որ Սինգապուրի շուկա են մուտք գործում ընդամենը 500 կգ-ով, Շվեյցարիայի շուկան են բացահայտում ընդամենը 144 կգ-ով, Գերմանիա՝ ընդամենը 3 տոննա, բայց Ուզբեկստանի շուկա՝ միանգամից 1600 տոննա կամ 2100 տոննա, այդ ո՞նց է լինում։ Սկսում ենք խորանալ թվերի մեջ։
Դե, ասում ենք, առևտուր է, կարող է Պապոյանը համաշխարհային պատմության մեջ լավագույն էկոնոմիկայի նախարարն է։ Հարցումներ ենք ուղարկում ՍԱՏՄ, Էկոնոմիկայի նախարարություն, Պետական եկամուտների կոմիտե, Ուզբեկստանի մաքսային ծառայություն։ Այնուհետև այդ ծառայության կայքն ենք մտնում, որտեղ դրված են Ուզբեկստան ներկրումների թվերը։ Ու ի՞նչ է պարզվում․ Հայաստանի ներկայացրած թվերի հետ այդ երկրի ներկայացրած թվերը բոլորովին չեն համապատասխանում։ Սար ու ձորի տարբերություն է։
Հայաստանն ասում է՝ հունիսին Ուզբեկստան եմ արտահանել լոլիկ, ծաղիկ, ծիրան, կանաչիներ, կեռաս, պղպեղ, հուլիսին՝ նաև սալոր ու ելակ՝ հսկայական քանակի։ Ուզբեկստանն ասում է՝ ես հունիսին կանաչի, ծիրան, կեռաս չեմ ներկրել։ Ոչ թե Հայաստանից չի ներկրել, այլ ընդհանրապես՝ ոչ մի երկրից։ Իսկ հուլիս ամսին, երբ Հայաստանը իբր 340 տոննա կեռաս ու իբր 77 տոննա սալոր է արտահանել Ուզբեկստան, նրանք ասում են՝ մեր երկիր ընդհանրապես չի ներկրվել սալոր ու կեռաս։ Հայաստանն ասում է՝ արտահանել եմ Ուզբեկստան հուլիսին 2168,5 տոննա ծիրան, այնինչ Ուզբեկստանն ասում է՝ հուլիսին ներկրել է ընդամենը 20 տոննա ծիրան, բայց չի նշում, թե որ երկրից․ գուցե Հայաստանից էլ չէ։ Հայաստանն ասում է՝ հուլիսին 152 տոննա լոլիկ եմ արտահանել Ուզբեկստան, Ուզբեկստանն ասում է՝ ընդամենը 39 տոննա լոլիկ եմ ներկրել ու էլի չի ասում՝ որ երկրից։
Ի՞նչ է տեղի ունենում։ Այս մարդիկ ցույց են տալիս, թե իբր մենք արտահանումը դիվերսիֆիկացրել ենք, Ռուսաստանին շնորհակալ ենք, որ արգելել է, որովհետև մեզ համար հեռանկարներ են բացվել․ պարզվում է՝ սուտ է, չկա նման բան։ Ոչ մի հեռանկար էլ չի բացվել։ Երկիրը, որը իբր ընդունել է, ասում է՝ ես Հայաստանից գյուղարտադրանք չեմ ստացել։
Պապոյանն այցելում է գործարան ու հայտարարում․ «Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու»։ Դե հա, սենց թվանկարչությամբ ոչ մի բանի մթերման խնդիր չենք ունենա։ Կարող եք նկարել թվեր ու ելնեք-հայտարարեք, թե ամեն ինչ արտահանում ենք․ ուտելու բան չկա, հայկական արտադրանքը շուտով կիրացվի Մարսում։ Պապոյանը կառավարության նիստին ասում է․ «Արտահանման ծավալների խնդիրը լուծված է, նախորդ տարվա համեմատ համարյա անկում չունենք»։ Բա տենց թվերով, այո, կլուծեք։ Մանավանդ որ խաբելը շահավետ է։
Ասեմ ինչպես է շահավետ․ նոր շուկա չի բացվել, ինչպես տեսնում ենք, բայց որ շատ հնարավոր է, բացվել է կոռուպցիայի, պետական գումարները մսխելու լուրջ հեռանկար։ Տեսեք, իբր մարդկանց մոտ ջղայնությունը թուլացնելու, բողոքի ցույցերի դեմն առնելու համար սրանք հայտարարում են արտահանողներին աջակցության մասին․ հունիս ամսվա համար շուրջ 4 մլրդ դրամ, այսինքն՝ 10 մլն դոլար է աջակցություն տրամադրում թարմ պտղի, շշալցված գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանողներին՝ Ռուսաստանի սահմանափակումների ֆոնին արտահանման շուկաները դիվերսիֆիկացնելու համար։ Արտահանվող կեռասի յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց տրամադրում են 400 դրամ, ծիրանի համար՝ 200 դրամ, սալորի, դեղձի և նեկտարինի համար՝ 250 դրամ։ Նույնը՝ հուլիս ամսին, օգոստոս ամսին, այս ամիս։
Ստացվում է՝ հունիսին մոտ 568 մլն դրամ աջակցություն է տրամադրվել Ուզբեկստան արտահանված ծիրանի, կեռասի համար, որպես աջակցություն։ Բայց Ուզբեկստանն ասում է՝ սուտ է, ես հունիսին ծիրան, կեռաս չեմ մթերել ընդհանրապես, ոչ մի երկրից։ Այդ դեպքում գումարները, որ դուրս են գրվել, ո՞ւր է գնացել։ Հուլիս ամսին Ուզբեկստան իբր արտահանված սալորի, կեռասի, ծիրանի համար դուրս է գրվել մոտ 590 մլն դրամ։ Ուզբեկստանն ասում է, որ հուլիսին կեռաս ու սալոր չի ներկրել, իսկ ծիրան ներկրել է ընդամենը 20 տոննա։ Հայաստանի կառավարությունը, հիշեցնեմ, ասում է՝ հուլիսին 2168 տոննա ծիրան է արտահանել Ուզբեկստան։ Ուզբեկստանը ներկրել է ընդամնեը 20 տոննա ու հայտնի չէ՝ որ երկրից։ Եթե ընդունենք, թե 20 տոննան էլ Հայաստանից է ներմուծվել, ապա ո՞ւր է «անհետացել» մյուս 2148 տոննա ծիրանը։
Ժողովուրդ ջան, միայն մեկ երկիր արտահանման վրա միայն երկու ամսում մեր՝ հարկատուներիս փողերից իբր տրվել է 3 մլն դոլար։ Ո՞ւր է։ Փողեր են դուրս գրվել, իսկ ո՞ւր են գնացել։ Կառավարության նիստում ասում են՝ խիստ արդյունավետ է եղել, սեպտեմբերին էլ կանենք աջակցության ծրագիր։ Ո՞ւմ համար է արդյունավետ եղել։ Այս մարդիկ այ այսպես իբր ամեն ամիս 10 մլն դոլար գումար են հատկացրել, բայց ո՞ւմ են հատկացրել։ Մենք ուսումնասիրել ենք Ուզբեկստանի օրինակը՝ նրանց պաշտոնական վիճակագրությունը։ Կրկնում եմ, օգտվել ենք բացառապես պաշտոնական տեղեկատվությունից։
Բայց սրանք ասում են՝ 26 երկիր ենք արտահանել՝ Վրաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Լատվիա, Ուկրաինա, Կատար, Իրաք, Ռումինիա, Մոլդովա, Հունաստան, Նիդերլանդներ, Կիպրոս և այլն։ Կարող է՞ մյուսներն էլ ուսումնասիրենք ու ավելի խայտառակ պատկեր դուրս գա։ Ամիսը 10 մլն դոլարից ավելի գումար են դուրս գրում իբր արտահանման աջակցության համար, ի՞նչ են լինում այդ փողերը։
Արմավիրի գյուղացիները մայրուղին են փակում, ասում են՝ դեղձը չի մթերվում, սրանք թվեր են նկարում, թե՝ ո՞նց չի մթերվում, այս տարի նախորդ տարվա հուլիսի համեմատ 40 տոկոսով ավելի դեղձ ենք մթերել։ Հա, բայց մթերե՞լ եք, թե՞ թվեր եք գրել, սա է խնդիրը։ Որերորդ օրն է՝ հրապարակել ենք էս խայտառակ պատկերը, արձագանք չկա։
Կարճ ասած՝ Ժողովուրդ ջան, սա պետք է ձեզ մտահոգի, որովհետև խոսքը ձեր մուծած հարկերի մասին է․ էն որ ասում էր կոպեկ-կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ, այ էդպես պետք է բացատրություն տրվի։ Գինը մենք ենք վճարում։ Թող Նիկոլ Փաշինյանն ասի՝ կոռուպցիան ինչ կենդանի է, պոզո՞վ, թե՞ պոչով։ Թող կառավարությունը, հետո՝ իբր անկախ քննչական մարմինները բացատրեն՝ ինչ է տեղի ունեցել հայկական գյուղմթերիքի՝ Ուզբեկստան արտահանելու թվերի հետ, ովքե՞ր են մասնակից, «խեղճ հարիֆը» տեղյակ եղե՞լ է, թե՞ չէ, փայ ունի՞, թե՝ չէ։
Սևակ Հակոբյան






