Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը, արձագանքելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զառա Բաթոյանի՝ Փաշինյանի ու հավաքի մասնակից երեխաների փոխադարձ սիրո մասին գրառմանը, գրել է.
«1999թ. Առողջության համաշխարհային կազմակերպության Երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման խորհուրդը տվել է երեխաների նկատմամբ բռնության հետևյալ սահմանումը. «Երեխաների նկատմամբ բռնությունը նշանակում է երեխայի առողջության, կյանքի, զարգացման, ինքնության իրական կամ պոտենցիալ վտանգման հանգեցնող ֆիզիկական և/կամ էմոցիոնալ դաժանության, սեռական բնույթի գործողություններ կամ անտեսման կամ բարձիթողության արարքներ՝ օգտվելով կարգավիճակից կամ պաշտոնից բխող լիազորություններից և չարաշահելով երեխայի վստահությունը:»:
Երեկվա հավաքի առնչությամբ երեխայի բռնությունը բացառող անձանց կխնդրեմ պատասխանեն հետևյալ հարցերին՝
1. ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված սահմանափակվել էր անգամ երեխաների կրթության իրավունքը, քանի որ ՔՈՎԻԴ-ը ստեղծում էր իրական վտանգ երեխաների կյանքի և առողջության համար: Երեկ երեխաների մի մասն առանց դիմակ էին կամ իջեցված դիմակներով՝ չպահպանելով սոցիալական հեռավորությունը: Հարց. ՔՈՎԻԴ-19-ի վտանգն անցե՞լ է և եթե երեխաներից որևէ մեկը հիվանդանա, արդյո՞ք կիրառվելու է ՀՀ քրեական օրենսգրքի 124.1-րդ հոդվածը՝ Նոր կորոնավիրուսային վարակով (2019n-CoV) վարակելը,
2. Երեխայի կամարտահայտությունը պետք է հաշվի առնվի նրա տարիքին և զարգացվածության աստիճանին համապատասխան: Երեկ ակնհայտ էր, որ ներկա էին նաև 10 տարեկան, եթե ոչ ավելի փոքր տարիքի երեխաներ: Հարց. առկա՞ է երեխաների կամարտահայտությունը հավաստող փաստ, թե՝ ոչ: Ավելին, երեխաները գիտակցե՞լ են, թե ինչի մասին է խոսվելու այդ հավաքի ժամանակ և որքանո՞վ էր դա նրանց անհրաժեշտ:
3. Երեխաների մասնակցությունը հավաքներին թույլատրելի է, բայց եթե դա խաղաղ հավաքներ են, երեխայի ազատության իրավունքը պահպանվել է ու եթե վերաբերում է իրեն վերաբերող հարցերին, որոնք ներկայացվում են իրենց տարիքին ու զարգացվածությանը համապատասխան: Ելնելով այն տեսաձայանագրություններից, որոնք ներկայացվել են համացանցում՝ երեխաներին վերաբերող հարցեր չեն քննարկվել:
Հարց. Որքանո՞վ էր երեխաների լավագույն շահերից բխում նրանց մասնակցությունն այդ միջոցառմանը, քանի որ հակառակ դեպքում դա կարող է հանգեցնել էմոցիոնալ դաժանույթան և այլ դրսևորումների, որոնք վերը նշված սահմանմամբ բռնություն են: Երեխայի ո՞ր հարցերն էին քննարկվում և ի՞նչ լուծումներ կամ եզրահանգումներ են եղել (պոպուլիստական՝ ինչ անում ենք երեխաների համար ենք անում, հաշվի չի առնվում):
4. Զինված անվտանգության առկայությունը, զրահաբաճկոններով անվտանգության պաշտպանությունը, ընդհանուր լարված մթնոլորտը բերել են նրան, որ կիրառվում են վարչապետի անձի աննախադեպ պաշտպանության միջոցառումներ: Դա վկայում է, որ երեխաների գտնվելն այդ տեղանքում չի բավարարում նրանց անվտանգության պահանջներին ու կարող է գնահատվել ռիսկային թե՛ կյանքի, թե՛ առողջության, թե՛ ազատությունների համատեքստում, որի պայմաններում երեխայի մասնակցությունը չի թույլատրվում: Հարց. Ո՞վ է ապահովել երեխաների պատշաճ անվտանգությունը, ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով:
Կարող եմ հնչեցնել նաև այլ հարցադրումներ, բայց դրանց կանդրադառնամ այս հարցերի պատասխանը ստանալուց հետո»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը