Օրերս կրկին տեղի է ունեցել ոստիկանության զորքերի պետական սահմանին մարտական ծառայության հերթափոխը: Այս անգամ ևս նրանց ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա է եղել ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նա դիմելով ոստիկաններին իր և ողջ համակարգի անունից ողջունեց նրանց ու մաղթեց բարի ծառայություն: «Ձեր ամուր բազկի, ձեր անձնվեր ծառայության շնորհիվ դուք թշնամուն խաղաղություն եք պարտադրում: Մենք հպարտ ենք ձեզնով»,- նշել է ոստիկանության պետը:
Տերունական աղոթքից և երդվելուց հետո ոստիկանները շարային երթով ու բարձր տրամադրությամբ մեկնել են սահման:
Հաջորդ օրը նույն բարձր տրամադրությամբ Տավուշից վերադարձել է ոստիկանության զորքերի մյուս զորախումբը:
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ողջունել է նրանց, շնորհակալություն հայտնել ազգանվեր ծառայության համար:
Ծառայության մեջ աչքի ընկած ծառայողները պարգևատրվել են պատվոգրերով ու կրծքանշաններով, շարքում կանգնած բոլոր ոստիկաններին հայտարարվեց շնորհակալություն: Վաստակած երկշաբաթյա արձակուրդից հետո ոստիկանները կանցնեն հասարակական կարգի պահպանությանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը