13 11 2018

Եթե ցուցակի 1-ին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, միևնույն է՝ 80% ձայն եք հավաքելու. Աշոտյան

Եթե ցուցակի 1-ին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, միևնույն է՝ 80% ձայն եք հավաքելու. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ԱԺ հայտարարությունների ժամին հիշեցրեց, որ ՀՀԿ-ն որոշել է առաջադրվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Ես հասկանում եմ՝ ՀՀ-ի նորագույն պատմության մեջ դժվար է մարսել առաջին նախադեպը, երբ որ նախորդ իշխանությունները ոչ թե տրոհվում, ջախջախվում, անհետանում են, ինչպես կոմունիստներն էին, ՀՀՇ-ն՝ իր հին կազմով, այլ փորձում է ինստիտուցիոնալ քաղաքական հիշողություն պահել քաղաքական դաշտում՝ ստեղծելով ավանդույթներ քաղաքական համակարգի կայացման»,-ասաց նա:

Աշոտյանի խոսքով՝  ՀՀԿ-ի մասնակցությունն իրականում նպաստելու է ժողովրդավարության զարգացմանը ՀՀ-ում. «Որովհետև և՛ մեր փորձը, գիտելիքները և՛ սխալները կարող են թանկ պաշար լինել նաև այս իշխանությունների համար»,-ասաց նա: 

Արմեն Աշոտյանը հիշեցրեց նաև, որ ինքը Էրեբունի վարչական շրջանում է առաջադրվելու ռեյտինգային ընտրակարգով: «Հույս ունեմ՝ կգտնվեն մարդիկ, ովքեր խորհրդարանում կցանկանան տեսնել քաղաքական գործիչներ, ովքեր ունեն փորձ և հնարավորություններ, մտավոր կարողություններ՝ աշխատելու այս կառավարության հետ ևս»,-ասաց նա: 

Աշոտյանն անդրադարձավ նաև փոխվարչապետների պաշտոնակատարների հարցազրույցներին և որակեց դրանք «մեկը մյուսից ընտիր», երբ հայտարարել են, որ իրենք մրցակիցներ չունեն, ՀՀԿ-ն իրենց մրցակից չէ, կամ որ իրենք արդեն հաղթել են: «Տղե՛րք, մի կրկնեք իմ ու Էդիկի սխալները, որովհետև կործանումը սկսում է մեծամտությունից, գոռոզամտությունից, մի՛ արեք դա: Փառք Աստծո, մի նախարար գտնվեց,  ԿԳ նախարարն էր, ասաց, որ բոլորն են մեզ մրցակից: 

Ախր, եթե գլուխ եք գովում Նիկոլի շուքի, ստվերի տակ, հիշեք, որ եթե ձեր նախընտրական եռյակի առաջին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, երկրորդ տեղում՝ Նիկոլի «կեպկան», երրորդ տեղում՝ Նիկոլի հազը, դուք միևնույն է՝ 80% ձայն եք հավաքելու, իսկ եթե ռեյտինգայինով այնտեղ, որտեղ ես եմ դնում, դնի ոչ թե ֆիզիկական անձ, այլ սելֆիի ձողիկը, դուք էլի առաջին տեղն եք գրավելու, այս նիկոլամանիայի պտուղներից օգտվեք, բայց մի՛ թափահարեք և այդ քաղաքական ժառանգությունը վերագրեք ձեզ»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ