02 07 2018

Նախիջևանում իրավիճակը վերահսկելի է. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Նախիջևանում իրավիճակը վերահսկելի է. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Իրավիճակը նախիջևանյան ուղղությամբ վերահսկվում է: Այս մասին հուլիսի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«Կատարվում է սովորական մարտավարական աշխատանք: Պատրաստ ենք ցանկացած իրավիճակի զարգացմանը: Մենք էլ մեր պլանով մեր զորավարժությունն ենք անցկացնելու, իրենք էլ մեզ կհետևեն: Անհանգստանալու որևէ բան չկա», - ասաց նա:

Գլխավոր շտաբը նաև նշեց, որ պատերազմի անմիջական վտանգ չկա:

«Անմիջական պատերազմի վտանգ չկա: Սակայն, միշտ էլ հայտարարվել է, որ ինչ որ չափով այդ վտանգը կա: Զինված ուժերը ելնում են նրանից, որ ամեն րոպե կարող է պատերազմ սկսվել: Մեր գործողություններն ուղղված են նրան, որ կանխենք պատերազմի հնարավոր վերսկսումը: Մենք պատրաստ պետք է լինենք ցանկացած իրավիճակի», - նշեց նա:

Արտակ Դավթյանը նաև նշեց, որ ՀՀ զինված ուժերն ունակ են ապահովելու զինծառայողին այն ամենով, ինչը նախատեսված է կարգով:

«Եթե կլինեն դեպքեր, կիմանաք կոնկրետ դեպքեր, որ այս կամ այն զորամասը չի ապահովում զինծառայողին ինչ-որ բանով, մենք պատրաստ ենք շատ օպերատիվ արձագանքելու, որոշումներ կայացնելու, լուծումներ տալու», - ասաց նա։

Արտակ Դավթյանը տեղեկացրեց, որ վերջին շրջանում զինծառայողներին ապահովման մասով 5 ահազանգ է ստացվել, որոնցից միայն մեկն է հաստատվել և խախտումները վերացվել են:

Արտակ Դավթյանը անդրադարձավ նաև սպառազինությանը՝ նշելով, որ գործընթացը շարունակվում է:Նա չհստակեցրեց, թե երբ է և ինչ քանակությամբ է Հայաստանը պատրաստվում ձեռք բերել բազմաֆունկցիոնալ ՍՈւ-30ՍՄ ռուսական կործանիչները:

«Մեր ռազմավարական գործընկերների հետ աշխատում ենք բոլոր տեսակի սպառազինության մասով: Երբ ունենանք, կներկայացնենք, կտեսնեք»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչից հետո, ըստ Դավթյանի, ունենք մոտ 300 հարյուր զինծառայող այս պահին, որից նվազագույնը 156 հոգին նախկինում զինծառայությունից խուսափածներն են, ովքեր ներկայացել են ու պատրաստ են իրենց ծառայությանը: Նա նշեց, որ տվյալ զորակոչիկների համար նույն հավասար սկզբունքներն են, ինչը կազմակերպվում է մնացած բոլոր զորակոչիկների համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ