ԱՄՆ-ն ցանկանում է առաջ մղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, պատրաստ է նպաստել բանակցություններին: Այդ մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, Երեւանում կայացած ասուլիսիում հայտարարեց Ռոջեր Ուիքերը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ո՞րն է խաղաղության պայմանագրի ամերիկյան պատկերացումը, արդյոք դրա մեջ տեսնում են ռազմագերիների ազատ արձակումը, Հայաստանի օկուպացված տարածքներից Ադրբեջանի դուրս գալը:
«Մենք ուզում ենք միջնորդ լինել, օգնում ենք ձեւավորել այն սկզբունքները, որոնք թույլ կտան ստորագրել համաձայնագիրը: Համաձայնագրի ստորագրումից հետո, իհարկե, կլինեն հարցեր, որոնցով պետք է զբաղվել: ԱՄՆ դիրքորոշումը հետեւյալն է, որ մենք բարձր ենք գնահատում այն անկեղծ ցանկությունը, ջանքերը, որ Հայաստանը դրսևորում է համաձայնություն ձեռք բերելու և տևական խաղաղության հասնելու ուղղությամբ:
Մեր վերջնական նպատակն այն է, որ այս ողջ տարածաշրջանում լինի խաղաղություն, անվտանգություն, հարեւանների իրավունքների հարգանք լինի»,-ասաց նա:
Իր հերթին Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնը հավելեց, որ Հայաստանի ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը պաշտպանելու են, նաև փորձելու են աջակցել ռազմագերիների վերադարձի հարցում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը