25 09 2017

Դպրոցն աշխատում է ու աշխատելու է. Ռուսաստանի ԿԳ նախարարը՝ Լազարյան ճեմարանի փակվելու շշուկների մասին

Դպրոցն աշխատում է ու աշխատելու է. Ռուսաստանի ԿԳ նախարարը՝ Լազարյան ճեմարանի փակվելու շշուկների մասին

Սեպտեմբերի 25-26-ը պաշտոնական այցով Երևանում է Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևայի գլխավորած պատվիրակությունը: 

Այսի առաջին օրը ՌԴ պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել  ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ: Վերջինիս խոսքով` ՌԴ պատվիրակության այցը ևս մեկ հնարավորություն է` անդրադառնալ կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությանը: «ՌԴ ԿԳ նախարարի հետ հանդիպմանն արծարծվել են հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտի վերաբերյալ  բազմաթիվ հարցեր. ժամանակն է, որ երկու երկրների միջև համագործակցությունը խորանա նաև գիտության ուղղությամբ: Այս իմաստով մեր քաղաքականությունն է` Հայաստանում ձևավորել ինժեներատեխնիկական և բնական գիտությունների հզոր կլաստերներ, որի հարցում ՌԴ համապատասխան կենտրոնների աջակցության կարիքն ունենք: Նախատեսվում է խորացնել հարաբերությունները Դուբայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ, ինչպես նաև իրականացնել միջուկային ֆիզիկայի և ինժեներական մասնագիտությունների ուղղությամբ մի շարք ծրագրեր: Կարևորվել է նաև երկու երկրների մանկավարժական համակազմերի միջև համագործակցությունը»,- նշել է Լևոն Մկչտչյանը` ընդգծելով, որ հայկական կողմին հետաքրքիր է փոքր կոմպլեկտավորում ունեցող դպրոցների կառավարման մեթոդոլոգիայի ռուսական փորձը: «Ռուսաստանի Դաշնությունում ևս շատ մեծ թիվ են կազմում 100-ից պակաս աշակերտական թվաքանակ ունեցող դպրոցները, որոնց կառավարման մեթոդիկան կփորձենք օգտագործել: Ինչ վերաբերում է բարձրագույն կրթությանը, ապա նշեմ, որ Հայաստանում գործում են Ռուս-հայկական /Սլավոնական/ համալսարանը, Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի և մի շարք այլ ՌԴ բուհերի մասնաճյուղեր, հետևաբար պետք է կարողանանք առավել նպատակային ծրագրեր ներդնել ինչպես այս, այնպես էլ ՌԴ բուհեր գործուղվող հայ ուսանողների հարցում, որպեսզի վերջիններս վերադառնան և իրենց գիտելիքները ներդնեն մեր երկրում` համապատասխան գիտական ուղղություններով: Կարևոր է նաև ՀՀ-ում գործող ռուսական կազմակերպությունների կողմից աշխատատեղերի տրամադրման հարցը, որպեսզի հատկապես ՌԴ տեխնիկական բուհերում սովորած մեր երիտասարդները հայրենիք վերադառնալիս ապահովվեն աշխատանքով»,-ընդգծել է Լևոն Մկրտչյանը:

Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան իր հերթին նշել է, որ ՀՀ ԿԳ նախարարի հետ քննարկվել են երկու երկրների մանկավարժների փոխանակման, ռուսաց լեզվի ուսուցիչների որակավորման բարձրացման և մի շարք այլ հարցեր: Ըստ ՌԴ կրթության և գիտության նախարարի` ՀՀ-ում գործող ռուսական բուհերի մասնաճյուղերում ընդհանուր առմամբ սովորում է ավելի քան 3500 ուսանող: «Այս փաստն իրենց հանդիպման ընթացքում ընդգծել են նաև մեր երկու երկրների նախագահները: Պետք է անել հնարավորը, որ այս թիվը գնալով աճի»,- նշել է Օլգա Վասիլևան` ընդգծելով, որ Հայաստանը հետաքրքրված է  ինժեներական և ՏՏ ոլորտի կադրերի հարցով, քանի որ Ռուսաստանում առկա է վերոնշյալ  մասնագետների պատրաստման մեծ փորձ: «Ռուսական բուհերում պետք է վերանայենք ՀՀ ուսանողներին տրամադրվող այն քվոտաները, որոնք առավել պահանջված են հայկական կողմի համար և մեծացնենք ՀՀ ուսանողների թիվը ՌԴ տեխնիկական բուհերում: Առհասարակ, հայ երիտասարդները մեծ հաջողություններ են արձանագրում վերոնշյալ ոլորտներում, օրինակ, վերջերս հայ պատանիների մաթեմատիկայի թիմն աշխարհում գրավել է 6-րդ տեղը, «Շախմատ» առարկայի ուսուցումը ևս ՀՀ դպրոցներում տալիս է  մեծ արդյունք»,- նշել է Օլգա Վասիլևան` ընդգծելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև արևելագիտության և հնագիտության ոլորտների կարևորությունը և վերոնշյալ ուղղություններով ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում երկու երկրների երիտասարդների ուսանելու հնարավորությունը: Ճեպազրույցի ավարտին երկու երկրների կրթության պատասխանատուները հույս են հայտնել, որ քննարկումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները տեսանելի կլինեն մոտ ապագայում:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ հանդիպումից հետո ՌԴ պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: 

Երևանի մանկավարժական համալսարանում ռուս պաշտոնյային դիմավորեցին ազգագրական պարերով ու երաժշտական կատարումներով: Լսարաններից մեկում նախարարը խնդրեց հայ պոեզիա ընթերցել: Դասախոսների հետ հանդիպելուց հետո Օ. Վասիլևային շնորհվեց Մանկավարժական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն օրերս ասել էր, թե Մոսկվայում 2 հայկական դպրոց է փակվում, այդ թվում՝ Լազարյան ճեմարանը: Այնինչ նախարարը լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց, որ Լազարյան ճեմարանը չի փակվում: «Նման բան չկա: Մեր համաձայնությունների շրջանակներում աշխատում են հայկական դպրոցները Սանկտ Պետերբուրգում, և շարունակելու են աշխատել դպրոցները Մոսկվայում: Ցանկացած շշուկ պետք է ստուգել, հարգելի գործընկերներ: Դպրոցն աշխատում է ու աշխատելու է»,- նշեց Օլգա Վասիլևան: Ինչ վերաբերում է ՌԴ-ից պարբերաբար հնչեցվող հայտարարություններին, որ Հայաստանում ռուսաց լեզվին պետք է տրվի պետական կարգավիճակ, ապա ՌԴ ԿԳ նախարարն ասաց, որ Հայաստանում է կրթության ու գիտության կոնկրետ հանձնարարականներ իրականացնելու համար, իսկ տվյալ հարցն այդ շրջանակներում չէ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ