Այս տեսանյութով ուզում եմ ներկայացնել «Հայաստան» խմբակցության հիմնական մտահոգությունները, քանի որ TRIPP-ի նախագիծը առաջիկա շաբաթ քննարկվելու է Ազգային ժողովի լիագումար նիստերում։
Մենք ունենք երկու հիմնական մտահոգություն։
Նախ՝ հիշեցնեմ, որ TRIPP-ի շրջանակում Իլհամ Ալիևը երկու պահանջ է հնչեցրել։ Առաջինն այն է, որ Հայաստանի տարածքով պետք է ապահովվի անխոչընդոտ կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Անխոչընդոտ կապի այս հասկացությունն ամրագրված է փաստաթղթում։ Հայաստանը հենց այդպիսի կապ է ապահովում իր տարածքով անցնող ադրբեջանական բեռների, ուղևորափոխադրումների և ընդհանրապես TRIPP-ով անցնելու ենթակա բոլոր փոխադրումների համար։
Երկրորդ՝ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանցիները չպետք է հայի երես տեսնեն։ Այս պահանջը ևս հաշվի է առնվել նախագծում՝ «ֆրոնտ օֆիս» լուծման միջոցով։ Առաջարկվում է այնպիսի համակարգ, որի պայմաններում հայ սահմանապահը չի լինելու TRIPP մուտք գործող անձին, ուղևորին կամ բեռին առաջինը դիմավորողը։
Սրանք ադրբեջանական երկու հիմնական պահանջներն են, որոնք հստակ ամրագրված են փաստաթղթում։ Դրանց դիմաց առկա է անորոշ ձևակերպում այն մասին, որ Հայաստանը ստանալու է փոխադարձ առավելություններ։ Սակայն մենք չունենք որևէ փաստաթուղթ, որը նույն հստակությամբ կնկարագրի այդ առավելությունները։
Սա մեզ համար առաջին խնդիրն է՝ անհամաչափությունը։ Ադրբեջանը ստանում է հստակորեն սահմանված այն, ինչ պահանջում է, իսկ թե Հայաստանն ինչ է ստանում դրա դիմաց՝ հայտնի չէ։
Երկրորդ խնդիրը փոխադարձությունն է։ Փոխադարձություն կարող էր ապահովվել, եթե Սյունիքով անցնող ճանապարհի վրա TRIPP անվանումով հայտնի ռեժիմը գործեր նաև Նախիջևանով անցնող ճանապարհի վրա, այսինքն՝ երկու հատվածներում կիրառվեին նույնական ռեժիմներ։
Եթե կուզեք՝ TRIPP-ը պետք է ընդգրկեր ոչ միայն Սյունիքով անցնող հատվածը, այլև Ադրբեջանի տարածքով՝ Նախիջևանով անցնող ճանապարհը։ Այսինքն՝ այն ռեժիմը, որը նախատեսվում է Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի համար, հատկապես եթե այն չի ենթադրում ինքնիշխանության սահմանափակում, նույնությամբ պետք է գործեր նաև Ադրբեջանի տարածքում։
Սակայն մենք չունենք որևէ փաստաթուղթ, որը կերաշխավորի նման կարգավորումը։ Այս պահին առկա փաստաթղթով ամրագրված է Ալիևի պահանջը, որ ադրբեջանցիները հայի չպետք է տեսնեն։ Բայց եթե հայ մարդը, օրինակ, Երևանից Նախիջևանով ուղևորվի դեպի Սյունիք, որևէ կարգավորում չկա, որը կերաշխավորի, որ նա ևս չի հանդիպի ադրբեջանցի սահմանապահի։ Այսինքն՝ «ֆրոնտ օֆիս» և «բեք օֆիս» պարզեցված համակարգը փոխադարձության սկզբունքով կիրառելու հստակ երաշխիքներ չկան։
Սրանք են «Հայաստան» խմբակցության երկու հիմնական մտահոգությունները։
Կան նաև այլ հարցեր՝ կապված նախագծի աշխարհագրական ընդգրկման, ճանապարհի լայնության և այլ մանրամասների հետ։ Դրանց վերաբերյալ հստակություն չկա, և այս պահին չկա մեկը, ով կարող է կոնկրետ պատասխաններ տալ մեր բարձրացրած հարցերին։ Մենք դեռ չունենք այդ պատասխանները։
Հարցեր կան նաև Հայաստանում TRIPP-ը կառավարող ընկերությունում Հայաստանի մասնաբաժնի՝ նշված 26 տոկոսի, ինչպես նաև ներդրումների վերաբերյալ։ Սրանք արդեն նախագծի մանրամասներին վերաբերող հարցեր են։
Մեր հիմնական մտահոգությունները, սակայն, երկուսն են՝ ինքնիշխանության պահպանումն ու փոխադարձությունը։ Մենք պահանջում ենք, որ Հայաստանի տարածքով և Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհների նկատմամբ կիրառվող ռեժիմները լինեն նույնական։ Այս պահին նման կարգավորում ամրագրված չէ։
Հենց այս մտահոգությունների վրա է հիմնված TRIPP-ի վերաբերյալ մեր դիրքորոշումը։ Հարցը հաջորդ շաբաթ քննարկվելու է Ազգային ժողովի լիագումար նիստերում։
Առաջարկում եմ հետևել քննարկումներին, քանի որ սա իսկապես կարևորագույն հարց է։ Մեր դիրքորոշումն ավելի մանրամասն կներկայացնենք լիագումար նիստերի ընթացքում»։






