Ադրբեջանցիները վնասել են Արցախում գտնվող 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը

5 Դեկտեմբերի, 2025

17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը, որը գտնվում է Արցախի Հանրապետության Տոնաշեն բնակավայրի մոտ՝ այժմ բռնազավթված Ադրբեջանի կողմից, ենթարկվել է վնասման։ 2024-2025 թթ. հեռացվել է վանքի մետաղյա ծածկի մեծ մասը, որը տեղադրվել էր 2009 թ․ վերականգնման ընթացքում՝ Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից։ Այս մասին ահազանգում է Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch)։

Սբ․ Ամենափրկիչ Վանք (Նապատ) համալիրն ընդգրկում է վանական եկեղեցի, մատուռ և օժանդակ շենք՝ խաչքարերով ու արձանագրություններով։ Աղբյուրները հիշատակում են նաև 1888 թ․ վերականգնում։

Սուրբ Ամենափրկիչ Վանքը Ադրբեջանում ընդգրկված չէ հուշարձանների պետական ցուցակում։ CHW-ն կոչ է անում ադրբեջանական իշխանություններին ներառել այս հուշարձանը որպես 17-րդ դարի հայկական վանք և ապահովել դրա ամբողջական պաշտպանությունը։

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է. «Հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը, աղավաղումն ու յուրացումն Արցախի բռնազավթված տարածքներում այլևս չի կարող դիտարկվել որպես անփութության դրսևորում կամ ռազմական գործողությունների երկրորդական հետևանք։ Այն ձևավորում է Ադրբեջանի պետական քաղաքականության հիմնարար առանցքը, որն իրականացվում է հաստատուն, ավտորիտար կառավարման համակարգի կողմից՝ բազմիցս դրսևորելով բացահայտ թշնամանք պատմական փաստերի, մշակութային բազմազանության և միջազգային իրավակարգի նկատմամբ։

Տեղի ունեցող գործընթացները կանխամտածված, երկարաժամկետ և համակարգային պետական դոկտրինի դրսևորումներ են, որոնք ուղղված են հայկական մշակութային հետքի լիարժեք վերացմանը։ Եկեղեցիների, վանքերի, խաչքարերի, արձանագրությունների, ամբողջական բնակավայրերի ու բնակելի թաղամասերի ոչնչացումը, պատմաճարտարապետական հուշարձանների «վերագրումները», դրանց գործառույթների փոփոխությունը, մշակութային ժառանգության յուրացումը, ինչպես նաև ամբողջական պատմական լանդշաֆտների պետական վերահսկողությամբ «վերակառուցումը» ներկայացնում են այն քաղաքականությունը, որը գիտնականների, գիտական կենտրոնների և մասնագիտացված իրավապաշտպան կառույցների կողմից հաճախ բնութագրվում է որպես համակարգված մշակութային ցեղասպանություն՝ ուղղված բնիկ հայկական քաղաքակրթական ներկայության վերացմանը իր պատմաաշխարհագրական միջավայրից։

Հայկական ժառանգության ջնջման գործընթացով Ադրբեջանի իշխանությունները փորձում են վերացնել այն նյութական և փաստագրական շերտերը, որոնք վկայում են տարածաշրջանում հայերի տեղաբնիկության մասին։ Սա ոչ միայն պատմության կեղծման փորձ է, այլև տարածքային հավակնությունների հաստատման մեխանիզմ՝ մշակութային փաստերի ֆիզիկական ոչնչացման միջոցով։ Այդ քաղաքականությունը վերածվում է ժառանգության ոչնչացման ինստիտուցիոնալացված գործառույթի՝ իշխանական վերահսկողության և գաղափարական գերակայության ապահովման նպատակով, ինչը բացահայտորեն հակասում է միջազգային իրավունքի նորմերին։

Այս քաղաքականությամբ Ադրբեջանը հանդես է գալիս ոչ թե որպես տարածաշրջանի բազմաշերտ ժառանգության պատասխանատու պահպանող, այլ՝ որպես մարդկության համընդհանուր մշակութային հարուստ ժառանգության նկատմամբ թշնամաբար գործող միավոր։ Փոխանակ դառնալու մշակութային միջավայրի պահպանման և գիտական ուսումնասիրության երաշխավոր, այն գործում է քաղաքակրթական արժեքների դեմ՝ քանդելով, յուրացնելով ու կեղծելով այն պատմական վկայությունները, որոնք հակասում են իր պաշտոնական նարատիվներին։

Հայկական պատմական նյութական հուշարձանների համակարգային վերացման, պատմության պետականորեն ուղղորդվող վերաշարադրման և ընտրյալ հիշողության պարտադրման աճող միտումները վկայում են մի հստակ գաղափարական կառուցվածքի մասին՝ վերացնել աշխարհաքաղաքականորեն «անցանկալի» մշակույթը՝ վերացնելով դրա նյութական հիշողությունը։

Այս դոկտրինը, որն իրականացվում է վարչական կարգավորումներով, զինված բռնազավթմամբ, պետական քարոզչությամբ և մշակութային ժառանգության մեթոդական ոչնչացմամբ, ներկայանում է որպես ժամանակակից մշակութային հալածանքի ամենաարտահայտիչ օրինակներից մեկը։ Այն բնորոշում է ռազմաքաղաքական կառավարման համակարգի խորքային արժեհամակարգային քայքայում, որը մշակութային հիշողությունը դիտարկում է որպես վերացման ենթակա խոչընդոտ, այլ ոչ թե պահպանելի համամարդկային արժեք։

Եթե միջազգային հանրությունը չձեռնարկի համարժեք և արդյունավետ քայլեր, ապա վտանգի տակ կդրվի մի ամբողջ պատմական-քաղաքակրթական ժառանգություն, որն ունի համամարդկային արժեք»։

Նմանատիպ նյութեր

Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ

Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սոցփաթեթների վերջը։ 2027 հունվարի մեկից կչեղարկվեն սոցփաթեթները։ Պետական համակարգի աշխատողին նախ պարտադրում են հայտարարագիր լրացնել, ապա լուռ ու հետևողականորեն զրկում են տարիներով խոստացված ու հասանելիք սոցիալական...

Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը «նոր Ուկրաինա» դառնալն է․ Դմիտրի Մեդվեդև

Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը «նոր Ուկրաինա» դառնալն է․ Դմիտրի Մեդվեդև

Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած քաղաքական ուղղությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Հանրապետության հետ տեղի ունեցող ամենասարսափելի զարգացումը կարող է լինել «նոր Ուկրաինայի» վերածվելը։ Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստառադիոընկերությանը...

Մի հատվածը հնարում է ամեն ինչ՝ թշնամու զինվորին արդարացնելու համար․ այս թևն ընդլայնվում է․ Արա Պողոսյան

Մի հատվածը հնարում է ամեն ինչ՝ թշնամու զինվորին արդարացնելու համար․ այս թևն ընդլայնվում է․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թշնամու զինվորի ներթափանցումը ՀՀ տարածք, ՀՀ քաղաքացու վրա հարձակումը և զինված թշնամու վնասազերծումը ևս մեկ հանգամանք բացահայտեցին. որպես հասարակություն մենք աստիճանաբար բաժանվել ենք իրար ատող, իրար նկատմամբ...

Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած՝  փրկօղակ․ Վարդան Ոսկանյան

Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած՝ փրկօղակ․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է ․ «Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած, փրկօղակ էր։ Իսկ ավելի հասկանալի լեզվով՝ աշխարհում դեռ ոչ ոք ռազմավարական խորք հասկացությունը՝ որպես տվյալ երկրի անվտանգությունն ապահովող կարևոր բաղադրիչ չի չեղարկել։ Քարվաճառի...

Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը. Ռոբերտ Ամստերդամ

Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը. Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը։ Ես խոսում եմ արևմտյան մեդիայի մասին, բայց սա միայն Արևմուտքի խնդիրը չէ։ Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է...