Ադրբեջանցիները պղծել են Արցախի Վաղուհաս գյուղի ազատամարտիկների գերեզմանոցը

13 Մայիսի, 2026

Սոցցանցերի մշտադիտարկման արդյունքում ակնհայտ է դարձել, որ Ադրբեջանի իշխանությունների վանդալիզմի հերթական թիրախը դարձել է ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի զոհված ազատամարտիկների գերեզմանոցը։ Այս մասին ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։

«Ադրբեջանական սոցցանցային տիրույթում հրապարակված տեսանյութի ուսումնասիրությունն ու վերլուծությունը՝ մշակութային ժառանգության ոչնչացման, էթնիկ ատելության և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների համատեքստում, թույլ են տալիս արձանագրել մի շարք խիստ մտահոգիչ և դատապարտելի դրսևորումներ։

Առաջին հերթին ակնհայտ է էթնիկ և կրոնական թիրախավորման հանգամանքը։ Գերեզմանաքարերի վրա առկա հայերեն արձանագրություններն ու զոհված ազատամարտիկների պատկերները հստակ ցույց են տալիս, որ թիրախավորվել է ոչ թե պարզապես գերեզմանոց, այլ հայկական ինքնության, ազգային հիշողության և հոգևոր ժառանգության կարևորագույն վայր։ Սա սովորական վանդալիզմ չէ, այլ էթնիկ ատելության վրա հիմնված կանխամտածված գործողություն, որի նպատակը հայկական հետքի վերացումն ու պատմական հիշողության ջնջումն է։

Տեսանյութում արձանագրված գործողություններն առանձնանում են բացառիկ ցինիզմով և սրբապղծությամբ։ Տեսանյութի հեղինակը միտումնավոր քայլում է տապանաքարերի վրայով, կանգնում հանգուցյալների դիմանկարների վրա, հարվածում ու պղծում դրանք։ Այս վարքագիծը ոչ միայն գերեզմանների վնասում է, այլև զոհվածների հիշատակի, հուղարկավորության սրբության և մարդկային արժանապատվության կանխամտածված անարգանք։ Նման գործողությունները հակասում են ոչ միայն միջազգային իրավական նորմերին, այլև համամարդկային բարոյականության ամենատարրական սկզբունքներին։

Տեսանյութում հստակ երևում են նաև բազմաթիվ ջարդված, կտրատված, տեղահանված և վնասված գերեզմանաքարեր, ինչը վկայում է, որ գերեզմանոցը ենթարկվել է համակարգված և նպատակային ավերածության։ Վնասների ծավալն ու բնույթը վկայում են ոչ թե առանձին միջադեպի, այլ մշակութային արժեքների կանխամտածված ոչնչացման քաղաքականության մասին։ Բաքվի բռնապետական վարչակարգի կողմից ժամանակավորապես բռնազավթված տարածքներում հայկական մշակութային և հիշողության վայրերի դեմ իրականացվող նման գործողությունները վաղուց արդեն կրում են շարունակական և համակարգային բնույթ։

Առանձնակի վտանգավոր և դատապարտելի է նաև հոգեբանական ահաբեկչության բաղադրիչը։ Գործողությունների տեսաձայնագրումը և դրանց տարածումը սոցիալական հարթակներում, ինչպես նաև տեսանյութում հնչող ադրբեջաներեն արտահայտությունները փաստում են, որ կատարվածը նպատակ ունի ոչ միայն ոչնչացնել հայկական մշակութային ներկայության հետքերը, այլև հոգեբանական ճնշում գործադրել զոհվածների հարազատների, բռնի տեղահանված արցախահայության և ամբողջ հայ հասարակության վրա։ Սա բացահայտ նվաստացման, վախի և անպաշտպանության մթնոլորտ ձևավորելու փորձ է, որն ունի նաև քարոզչական բնույթ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեսանյութը կարող է ծանր հոգեբանական ազդեցություն ունենալ զոհված ազատամարտիկների հարազատների և հանրության վրա, այն չենք հրապարակում։ Տեսանյութը պահպանվում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի արխիվում՝ որպես հայկական մշակութային ժառանգության դեմ իրականացվող հերթական հանցավոր գործողության փաստական ապացույց։

Հարկ է ընդգծել, որ Վաղուհաս գյուղում հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի պղծման սա առաջին արձանագրված դեպքը չէ։ Դեռևս 2024 թվականի հունվարի 5-ին մեր գործընկեր՝ Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈՒԱԿ-ը ահազանգել էր, որ ադրբեջանցի զինվորները ոչնչացրել են գյուղի ճանապարհամերձ հատվածում գտնվող՝ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի ընթացքում զոհված Մխիթար Աղաբեկյանի հիշատակին 2021 թվականին կանգնեցված խաչքարը։ Խաչքարի հեղինակն էր Յուրա Մանգասարյան։ Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայկական հիշողության և մշակութային ներկայության դեմ իրականացվող գործողությունները պատահական կամ մեկանգամյա դրսևորումներ չեն։

Ադրբեջանի իշխանությունները ժամանակավորապես բռնազավթված Արցախում առանձնակի դաժանությամբ և հետևողականությամբ ոչնչացնում ու պղծում են հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձաններն ու գերեզմանոցները։ Այս գործողություններն արդեն դուրս են եկել առանձին վանդալիզմի դեպքերի շրջանակից և վերածվել պետական մակարդակով իրականացվող համակարգված քաղաքականության, որի նպատակը հայկական պատմամշակութային ժառանգության վերացումն ու ազգային հիշողության ջնջումն է։ Արցախի տարբեր բնակավայրերում արդեն արձանագրվել են նմանատիպ տասնյակից ավելի փաստեր, որոնք փաստում են մշակութային ցեղասպանության հետևողական ընթացքը։

Միջազգային հանրության լռությունն ու ոչ համարժեք արձագանքը շարունակում են նպաստել անպատժելիության մթնոլորտի խորացմանը։ Մինչդեռ մշակութային ժառանգության, սրբավայրերի և գերեզմանոցների նկատմամբ նման գործողությունները պետք է արժանանան հստակ քաղաքական, իրավական և բարոյական գնահատականի։ Երբ թիրախավորվում են զոհվածների գերեզմանները և ազգային հիշողության վայրերը, վտանգվում են ոչ միայն մեկ ժողովրդի իրավունքները, այլև համամարդկային այն արժեքները, որոնց վրա հիմնված է քաղաքակիրթ աշխարհի գոյությունը»,- գրել է Հ. Ավանեսովը։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ասուլիս․ թոշակը կբարձրանա 1000 դրամով՝ թաղման նպաստները կտրելու հաշվին

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ասուլիս․ թոշակը կբարձրանա 1000 դրամով՝ թաղման նպաստները կտրելու հաշվին

Մամուլի ասուլիսով է հանդես գալիս ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ վճարների քաղաքականության վարչության պետ Անահիտ Գալստյանը։ ԹԵՄԱ․- 2027 թ. հունվարի 1֊ից նախատեսվում է կենսաթոշակների չափի բարձրացում, ինչպես նաև...

Ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորված կնոջ առողջական վիճակը կայուն է․ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորված կնոջ առողջական վիճակը կայուն է․ ԱՆ

Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, ստանում է անհրաժեշտ և վիճակին համարժեք բուժօգնություն. կյանքին սպառնացող վտանգ չունենք: Այս մասին հայտնել է ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ստացել են անհրաժեշտ հոգեբանական և...

Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ

Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ

Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները: Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: «Ինքնիշխան հայկական պետությունը դադարում է գոյություն ունենալ, երբ. 1. պետություն չի...

Տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է հաստատված․ Հաջիևը՝ Շաքիի դեպքերի ֆոնին

Տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է հաստատված․ Հաջիևը՝ Շաքիի դեպքերի ֆոնին

Ադրբեջանը սպասում է միայն մեկ վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին վերաբերող փոփոխությունների կատարմանը, որից հետո վերջնական խաղաղության համաձայնագիրը իրականություն կդառնա։ Այս մասին Բաքվում կայացած CAMCA 2026...

Հենց սրա նման բազմաթիվ «զինծառայողներով» է համալրված թշնամու բանակ կոչեցյալը․ Ոսկանյան

Հենց սրա նման բազմաթիվ «զինծառայողներով» է համալրված թշնամու բանակ կոչեցյալը․ Ոսկանյան

«Բաքվի բարբարոսական վարչախմբի ԶՈւ-երի բաշիբոզուկի հետ կապված' Հայաստանի տարածքում տեղի ունեցած դեպքը ցուցիչ է այն բանի, որ թշնամական բանակում, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ այն «փառապանծ» վիճակում է, ինչ որ փորձում է մեզ ներկայացնել այդ նույն վարչախմբի քարոզչամեքենան և...