«Օրեր առաջ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հուզառատ ելույթը հերթական անգամ ջրի երես բերեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական երեսպաշտությունն ու երկակի ստանդարտները։ Այսօր երկրում առկա քաղաքական բանտարկյալների նկատմամբ դրսևորվող անմարդկային վերաբերմունքի ֆոնին անհրաժեշտություն է առաջանում մի շարք ուղղակի հարցադրումներ ուղղել տիկին Գալյանին և հանրային քննարկման առարկա դարձնել քաղաքական երեսպաշտության, քաղաքական պատասխանատվության և քաղաքական հետևողականության հրատապ հարցերը։
Նախ և առաջ ուզում եմ հստակ արձանագրել իրավական իրականությունը։ Արդարադատության նախարարությունը կալանք կիրառելու կամ դրա ժամկետը երկարացնելու ուղղակի իրավասություն չունի։ Դա բոլորին է հայտնի։
Սակայն, տիկի՛ն նախարար, ձեր շուրջ ձևավորված բացասական ալիքը պայմանավորված էր առաջին հերթին նրանով, որ նախկինում չափազանց արհամարհական, սառնասիրտ և անտարբեր էիք խոսում մարդկանց խեղված ճակատագրերի, կյանքեր խորտակող և պատժի միջոցի վերածված կալանքների մասին։ Եվ դա՝ անկախ նրանից, թե ընդդիմադիրների հայացքներն ինչպիսին են, դրանք ձեզ դուր են գալիս, թե ոչ, և անկախ նրանից, թե ձեր քաղաքական առաջնորդն ինչպիսի անհանդուրժողական վարքագիծ է թելադրում իր թիմին», — այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ Հրանտ Ավետիսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





