«Սահմանադրության նախագծին ծանոթանալուց հետո իմ գնահատականը որևէ կերպ չի փոխվել։ Սա իսկապես դասական իմաստով արտաքին պարտադրանքի պայմաններում մշակված Սահմանադրություն է։
Ես մի առաջարկ ունեմ, սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ։ Եկեք միասին ուսումնասիրենք ներկայիս Սահմանադրության նախաբանը։ Եթե ժամանակ ունեք, եկեք միասին կարդանք։
Ինձ մոտ տպավորություն է, որ քարոզչական մեքենան որոշակի արդյունքների է հասել, և մեր հայրենակիցներից շատերը լավ չեն պատկերացնում, թե ինչ է հենց այսօր գրված մեր Սահմանադրության նախաբանում։
«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»։
Դուք այստեղ որևէ կոնֆլիկտածին բառ տեսա՞ք։ Սա է, ի դեպ, նախաբանը։
1995 թվականին, արդեն կարելի է ասել՝ հեռավոր այդ ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության իրավաբանական դպրոցի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը՝ Վլադիմիր Նազարյանը, ուղիղ նշել էր, որ նախաբանում Անկախության հռչակագրին հղումը մեկ նպատակ ունի՝ ցույց տալ Հայաստանի Հանրապետության պատմական էվոլյուցիան, նաև՝ սահմանադրության իմաստով։ Այստեղ ոչ թե կատեգորիկ իրավական դատողություններ են եղել, այլ Հայաստանի Հանրապետության պատմական ընթացքն է ներկայացվել»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





