«Սա լրացուցիչ սպառնալիք է, շանտաժի գործիք։ Այո՛, այս պահին շատ մարդիկ պատրաստ են հանուն իրենց գաղափարների տարիներ անցկացնել քրեակատարողական հիմնարկներում, բայց տեսնում ենք, որ քանի որ մարդկանց մոտ կալանքի և պատիժ կրելու վախը որոշակիորեն մեղմվել է, հիմա փորձում են լրացուցիչ գործիք կիրառել՝ քաղաքացիությունից զրկելու հնարավորությունը։
Սա արդեն անդառնալի հետևանք կարող է ունենալ և պարզապես տարիներ շարունակ պատիժ կրելու հետ չի սահմանափակվում։ Հաշվի առնելով նաև այն, թե ինչ որակի են այս քրեական գործերը և ինչպես են դրանք կեղծիքներով առաջ տանում, շատ հավանական եմ համարում, որ այդ գործընթացը գնալով ավելի թիրախավորված է լինելու։
Այս հարցի տակ ևս մեկ նուրբ հանգամանք կա։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձը կարող է հանձնվել օտարերկրյա պետությանը։ Եթե մարդը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունի, ապա նրան քաղաքացիությունից զրկելը հակասում է Հայաստանի միջազգային պարտավորություններին, քանի որ պետությունները չպետք է ստեղծեն այնպիսի իրավիճակ, երբ անձը զրկվի քաղաքացիությունից և դառնա քաղաքացիություն չունեցող։
Բայց նույնիսկ եթե այդ հանգամանքը մի կողմ դնենք և դիտարկենք երկքաղաքացիության դեպքը, օրինակ՝ անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել ծագմամբ, բայց ունի նաև այլ երկրի քաղաքացիություն, նրան ևս չի կարելի պարզապես զրկել Հայաստանի քաղաքացիությունից՝ առանց հետևանքները հաշվի առնելու։
Այս կարգավորմամբ, ըստ էության, կարող է շրջանցվել նաև այն մեխանիզմը, որը թույլ չի տալիս անձանց արտահանձնել այլ պետություններին։ Խոսքը, այդ թվում, Ադրբեջանի պահանջով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հանձնելու հնարավորության մասին է»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, հայտարարեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





