Նախորդ շաբաթ Հայաստանում ձևավորվեց ընդդիմության միասնական պայքարի հարթակ, որին մասնակից է ընդդիմադիր քաղաքական դաշտը՝ ամբողջությամբ։ Քաղաքական տարաձայնությունները դրել են մի կողմ ու ասում են, որ հանուն անկախության՝ պատրաստ են մեկտեղել ջանքերը։ Եթե Հայաստանում ու մեր շուրջ կատարվողին մի քիչ ավելի լայն ենք նայում, հարցը միայն նոր Սահմանադրությունը չէ, որը պատվիրվել է Ադրբեջանից։ Հարցն այն է, թե ինչ ուղով է գնում մեր պետությունը։
Մեզ հետ վերջին շրջանում կատարվողը շատ նման է Մոլդովայում վերջին ընտրություններից առաջ կատարվողին, և շատ տագնապ կա ընտրություններից հետո Մոլդովայում կատարվողին նմանվելու։ 2025թ. սեպտեմբերի 28-ի խորհրդարանական ընտրություններին Մոլդովայում նախորդեցին ընդդիմադիր ուժերի նկատմամբ իրավական և քաղաքական գործողություններ։ Իրավապահ համակարգն իրականացրեց 844 խուզարկություն, ձերբակալվեց 122 մարդ։ Հայաստանում ավելի շատ են հարձակման ենթարկվել ընդդիմադիր հիմնական ուժերը։ Մոլդովայում գործում էին համակարգված կեղծ հաշիվների ցանցեր, տարածում էին ընդդիմությանը վարկաբեկող՝ AI-ով ստեղծված տեսանյութեր, կեղծ ձայնագրություններ, կեղծ լրատվական ռեպորտաժներ, ընդդիմադիր քաղաքական գործիչներին վերագրվող կեղծ հայտարարություններ ու նյութեր։ Հայաստանում ևս այդպես էր։
Մոլդովայի ընտրություններում շանս ունեցող 2 քաղաքական ուժի գործունեություն արգելվեց դատարանով, ևս երկու առաջատար ուժի մասնակցություն կասեցվեց ընտրություններին։ Հայաստանում չարգելվեց, իհարկե, բայց հիմնական ընդդիմադիր ուժերից մեկի ղեկավարը կալանքի տակ էր ու չէր կարող մասնակցել, մյուսն էլ խափանման միջոցի տակ էր, թիմակիցների շրջանում՝ դարձյալ խուզարկություններ, ձերբակալություններ։ Երկու երկրում էլ ընտրական միջավայրը խիստ բևեռացված էր։ Երկուսում էլ հատկապես իշխանական և պետական մեդիան ընդդիմության վերաբերյալ ստեր էին տարածում։
Տարբերությունն այն է, որ դա սկզբում Մոլդովայում եղավ, ապա Հայաստանում շարունակեցին այդ փորձը։ Նույն Մոլդովայի տեխնոլոգները եկան բացառապես իշխանությանը օգնություն ցուցաբերելու, ԵՄ-ն միլիոնավոր եվրոներ տվեց այսպես կոչված «հիբրիդային պատերազմի» համատեքստում, և սկսվեց հիբրիդային պայքար ժողովրդի և ընդդիմության դեմ։
Իսկ ո՞րն է արդյունքը։ Ընտրությունների ավարտից երեքուկես ամիս անց՝ այս տարվա հունվարի 12-ին, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարում է, որ Մոլդովան փոքր երկիր է, չի կարող դիմակայել մարտահրավերներին, և որպես հարցի լուծում առաջարկում է մտնել Ռումինիայի կազմի մեջ։ Ասում է՝ եթե հանրաքվե լինի, ես կողմ կքվեարկեմ, բայց, ասում է, մեծամասնությունը դեմ է, կողմ է ԵՄ անդամակցությանը։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում արդեն տարեվերջին․ նոյեմբերի 7-ին Մոլդովայի փոխվարչապետը հայտարարում է, որ Մոլդովայի և Ռումինիայի միավորման գործընթացը փաստացի մեկնարկել է։
Իսկ որևէ ընտրական փուլում արդյո՞ք եղել է Ռումինիային միավորման հարց․ ոչ միայն չի եղել, այլև 2024 թ․ հոկտեմբերի 20-ին Մոլդովայում տեղի է ունենում Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե՝ նախագահական ընտրությունների հետ միասին։ 750 հազար մարդ (50.38%-ը) կողմ է քվեարկում, մոտ 739 հազար մարդ (մասնակիցների 49.62%-ը) դեմ է քվեարկում։ Այսինքն՝ կեղծիքներով, դրսում ապրող մոլդովացիների ձայներով հաղթում է ԵՄ անդամակցության հարցը։ Բայց նույն իշխանությունը, որը ժողովրդին խոստացել էր տանել ԵՄ, ասում է․ «Մենք ԵՄ-ին չենք միանա, բայց կմիանանք ԵՄ անդամ պետության»։
Ես չեմ հավատում, որ Մոլդովացին ընտրել է Սանդուին, որպեսզի երկիրը միացնի այլ երկրի։ Նա նախընտրական քարոզարշավում խոսում էր պետական ինքնուրույնությունը պահպանելու մասին, ասում էր՝ «Մոլդովան չպետք է դառնա այլ պետությունների աշխարհաքաղաքական պայքարի գործիք, անկախությունը պետք է ամրապնդվի ժողովրդավարական ինստիտուտներով և եվրոպական ինտեգրմամբ»։ Ամենակարևոր քաղաքական ուղերձը ԵՄ-ին անդամակցությունն էր։ Ռումինիային միավորման մասին մեկ բառ չի եղել, մինչև 2030 թ.-ն խոստացել էր երկիրը պատրաստել ԵՄ անդամակցությանը։ Փաստորեն, արտաքին քաղաքական կողմնորոշման ընտրությունը ներկայացվում է որպես ժողովրդին տրված հարց, բայց հետագայում այդ քվեարկության արդյունքին վերագրվում է բոլորովին այլ քաղաքական մանդատ։ Իշխանությունը ընտրողի քվեն մեկնաբանում է ինչպես իրեն է ձեռնտու, և դրանով արդարացնում այնպիսի որոշումներ, որոնց մասին ընտրողը չի քվեարկել։ Հայաստանում Նիկոլին ոչ ոք չէր գնացել ընտրելու, որ Սահմանադրություն փոխի Ալիևի ցուցումով, որ Հայաստանը սարքի «Արևմտյան Ադրբեջան»։ Բայց նա կատարում է բոլոր նախապայմանները։ Հիմա Նիկոլը, որ Սանդուի նման խոստանում էր դիմել ԵՄ մտնելու համար, վաղը արդյո՞ք չի ասի՝ «Ժողովո՛ւրդ ջան, Հայաստանը միայնակ չի կարող դիմագրավել մարտահրավերներին, մեր երկրը փրկելու համար պետք է միավորվել»։ Մոլդովան ուզում են միավորել հարևան Ռումինիայի հետ, իսկ Հայաստա՞նը որ հարևանի հետ, Թուրքիայի՞, Ադրբեջանի՞, ԵՄ վիզաների ազատականացման խոստման դիմա՞ց։
Մոլդովայի օրինակը պետք է մեզ համար ահազանգ լինի։ Ոչ թե այն պատճառով, որ Հայաստանի և Մոլդովայի ճանապարհները պարտադիր նույնն են լինելու, այլ որովհետև տեսնում ենք, թե ինչպես կարող են փոխվել քաղաքական խոստումների սահմանները, ինչպես կարող է ընտրողին տրված մանդատը մեկնաբանվել նրա կամքից անկախ։ Կատարվող շատ իրադարձություններ են նման, որոնք մեզ թույլ են տալիս անհանգստանալ, որ վերջում կարող է էն շատ հեռու տեղերում նստած չինովնիկները մտածեն, թե ինչու, օրինակ, Հարավային Կովկասում 3 պետություն լինի, թող լինի երկու պետություն, մեկ պետություն, օրինակ։ Մեծ պետություն է Թուրքիան, սատար կկանգնի թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանի պրոթուրքական իշխանություններին»։ Կմիացնեն իրար, ինչ-որ անուն կդնեն, մեկ է՝ գլոբալ քաղաքականություն գծողներին ինքնությունները միշտ խանգարել են։ Նիկոլ Փաշինյանն էլ ինքնության դեմ է կռիվ տալիս՝ «Հայրենասիրությունը կեղծ էր, Ղարաբաղը մերը չէր, մենք ո՛չ հերոս ունենք, ո՛չ հաղթանակ ունենք, Արարատն էլ մերը չէ, կոնյակի տեղը բրենդի է» և այսպես շարունակ։ Իսկ վերջում չի՞ ասի․ «Ինչո՞ւ պետք է պետություն ունենանք, իզուր կապանքներ են, լինենք Թուրքական կայսրության մեջ, ոնց եղել ենք դարեր շարունակ»։
Տեսեք, տարվա սկզբին Մոլդովայի նախագահն ասում է՝ չունենք ընդհանուր համաձայնություն, տարվա վերջում ասում են՝ արդեն սկսել ենք միավորման գործընթացը։ Իսկ սրանք, կարծում եմ, մեզ հետ կապված հրեշավոր ծրագրերին հավանություն տալու համար պետք է քայլերով հասցնեն նրան, որ դա լինի վերջին շանս, ոնց որ կապիտուլյացիան էր։ Այն, ինչ հիմա ինքն է խոսում, 2018 թվականին ռիսկ չէր անի։ Իսկ ինչը հիմա ռիսկ չի անում խոսել, 5 տարի հետո մունաթ կգա, կասի՝ ճիշտը ես եմ, պետք է միավորվել։ Կրկնում եմ՝ պարտադիր չէ, որ մեկին մեկ կրկնվի Մոլդովայի «փորձը», բայց մենք տեսնում ենք, թե ինչ ուղով է գնում Փաշինյանը։
Այնպես որ, ժողովո՛ւրդ ջան, կարծում եմ՝ այս ամենը, որ տեղի է ունենում, Սահմանադրության մասին չէ միայն․ այսօր Սահմանադրությունն է, երեկ լրիվ ուրիշ բան էր, վաղն էլ այլ բան է լինելու։ Հերթով կգնան ու մի օր էլ կհասնեն լեզվին։ Սա գլոբալ ծրագիր է, որը տանում է մեզ համար շատ վատ տեղ։ Այսօր ասում է՝ Սահմանադրություն ընդունենք, որ խաղաղության պայմանագիր լինի, վաղն էլ կասեն՝ ի՞նչ խաղաղության պայմանագիր առանց էս մյուս պահանջի յկատարման։ Էդպես լիքը բաներ դեմ կտան, հետո, արդեն, կասեն՝ «Ի՞նչ խաղաղության պայմանագիր, մենք ի՞նչ պայմանագիր իրավունք ունենք ստորագրելու, կանենք ինչ որ կասեն»։ Ուստի այսօր հարցը միայն այն չէ, թե ինչ Սահմանադրություն ենք ունենալու, ում հետ ենք խաղաղություն կնքելու կամ որ միությանն ենք ձգտելու․ հարցն ավելի պարզ է ու ավելի ծանր՝ Հայաստանը շարունակելո՞ւ է գոյություն ունենալ որպես ինքնիշխան պետություն, որի ճակատագիրը որոշում է իր ժողովուրդը, թե՞ մի օր մեզ պարզապես կտեղեկացնեն, որ մեր փոխարեն արդեն ամեն ինչ որոշված է։ Մոլդովայի ԵՄ ձգտումները, ԵՄ մտնելու խոստումները տանում են Ռումինիա, մեզ ո՞ւր են տանելու՝ Թուրքիա՞, «Արևմտյան Ադրբեջա՞ն»։ Սա խոշոր ծրագիր է, որ այդ մարդու ձեռամբ իրականացվում է։
Իմ կարծիքն է, որ մենք պայքարում ենք այլևս ոչ թե մեր Սահմանադրությունը պահելու, անկլավները չհանձնելու, խաղաղության համար, այլ այս ամենը նրա մասին է, որ շատ խոշոր խաղացողները, մանրադրամ սարքելով մեզ պես պետությունները, ունենում են իշխանություններ, որոնց ղեկավարում են, որոնց ամեն կերպ օգտակար են լինում, սատարում են, որ հաղթեն, մնան իշխանության, այնուհետև իրենց գլոբալ ծրագրերն են իրականացնում։ Երբ ուզում եմ կասկածել, թե այս վատագույն սցենարը կարող է իրականություն դառնալ, հիշում եմ, թե ինչեր էին թվում անհնար, բայց իրականացան։
Կարճ ասած՝ պետականության կորուստը պարտադիր չէ սկսվի պետականության վերացման մասին հայտարարությամբ, այլ ճիշտ հակառակը՝ ամրապնդման կոչերով։ Արցախի կորուստը ոչ թե սկսեց «Արացխը մերը չէ» հայտաարարությամբ, այլ՝ հակառակով․ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Այն կարող է սկսվել շատ ավելի աննկատ՝ մեկ զիջումով, մեկ նոր նախապայմանով, մեկ արտաքին թելադրանքով, մեկ որոշմամբ, որը ներկայացվում է որպես այլընտրանք չունեցող անհրաժեշտություն։ Սկզբում ժողովրդին ասում են՝ սա խաղաղության համար է, հետո՝ անվտանգության, հետո՝ եվրոպական ապագայի, իսկ վերջում կարող են կանգնեցնել մի իրականության առաջ, որտեղ սեփական ճակատագիրը որոշելու իրավունքն արդեն գրեթե ամբողջությամբ զիջված է։
Սևակ Հակոբյան






