Հայաստանում նոյեմբերի դրությամբ կա 1718 դատապարտյալ և 1523 կալանավոր։ Մեր երկրում գրեթե հավասար է նախնական կալանքի տակ գտնվող և օրինական ուժի մեջ մտած դատավճռով անձանց թիվը։ Նախնական կալանքի նման բարձր տեսակարար կշիռը լուրջ մտահոգության առիթ է։ ԵԽ չափանիշներով ընդունելի համամասնություն է կալանավորների՝ ընդհանուր բանտարկյալների թվի առավելագույնը 20 տոկոսը։ Դա էլ բացատրվում է դատական համակարգի դանդաղկոտությամբ, ծանրաբեռնվածությամբ։ Մեզ մոտ ո՛չ ծանրաբեռնվածությունն է պատճառը, ո՛չ դանդաղկոտությունը․ երկու կոնկրետ պատճառ նշեմ՝ խափանման միջոց կալանքի չարաշահում և մարդու իրավունքների ու միջազգային նորմերի խախտում։ Հայաստանում կալանքի մեծամասնությունը քաղաքական բանտարկություններն են․ կալանքը կիրառում են որպես պատիժ՝ առանց դատական վճռի։
Երեկ կալանավորվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Սա նրա երկրորդ բանտային կալանքն է։ Կալանքը փոխվել էր տնային կալանքով, հիմա նորից՝ բանտայինով։ Կարծում եմ՝ ո՛չ Փաշինյանն իր իրավապահ բռնաճնշիչ համակարգով կարող է համոզել, թե սա ինչ-որ չարաշահումների հետ կապված գործ է, ո՛չ էլ Սամվել Կարապետյանենք կարիք ունեն հանրությանն ապացուցելու, որ այս գործը աբսուրդ է։
Երեք խոշոր ընդդիմադիր քաղաքական ուժերի լիդերներն էլ կալանքի տակ են․ քաղաքական հետապնդում և վերջ։ Ո՞վ դեռ չի ընկալել, որ այս քաղաքական պատվերը Սահմանադրության տեքստն ընդունելու համար է։ Նիկոլ Փաշինյանը, վստահաբար, խորը ճնշման տակ է։ Այդ մարդուն ամենօրյա ռեժիմով դրսից պարտադրում են ընդունել նոր Սահմանադրություն։ Իզուր չէ, որ ստացել է «Ալիևի Սահմանադրություն» անունը, որովհետև Ալիևը պարտադրում է 2021 թվականից, ու ասել է ինչ է պահանջում, դա էլ փոխում են։ Հիմա կազմվել է Ալիևի ճաշակով Սահմանադրությաան տեքստ, պահանջում են ժամանակ չձգձգել, ընդունել, բայց սրանք էլ չեն կարող, որովհետև ժողովուրդը դեմ է։ Նիկոլը ժողովրդից ուզել է Սահմանադրությունը փոխելու մանդատ, չի ստացել։ Ու ընտրություններից հետո կալանավորել է նախ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, հետո «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, այսօր էլ Սամվել Կարապետյանին տարավ կալանքի։
Ընդդիմության առաջնորդների կալանավորելը ոչ միայն նրանց ազատությունից զրկում է, այլև հարված է ամբողջ քաղաքական թիմին, նրա կազմակերպչական հնարավորություններին, հանրության՝ այլընտրանքային քաղաքական ընտրություն կատարելու իրավունքին։ Փաշինյանը կարող է սահմանադրական հանրաքվեի գնալ միայն այն դեպքում, եթե «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները համաձայնեն։ Նրանք ասում են՝ բացառված է՝ Ալիևի Սահմանադրությանը կողմ քվեարկենք։ Նիկոլն ասում է՝ ժողովուրդը նրանց նկատմամբ ճնշում կանի, ես էլ կառաջնորդեմ, կշրջափակեմ և այլն։ Ու երեկ ԱԱԾ-ն սկսեց «հանրային ճնշումը»։ Փաաստորեն, միակ ճնշումը իրավապահ համակարգն է․ հիմա ո՞վ է Նիկոլի ասած հանրությունը՝ ԱԱԾ-ն, Հակակոռուպցիոնը, դատարանը։ Բոլորս էլ գիտենք, որ դրա կողքին հանրություն չկա․ բացառապես պետապարատ և ուժայիններ։ Այդ մարդը հանրային աջակցություն չունի։ Չասեք՝ «բա ո՞նց վերարտադրվեց»։ Էն մեթոդները, որ գործի դրվեցին, ես ավելի շատ ձայն կտանեի։
Տեսել ենք կինոներ, որ ահաբեկիչները զավթում են ինքնաթիռ, բանկ, գերի են վերցնում ու նախապայման են դնում, ժամանակ են տալիս։ Հիմա Նիկոլին զավթել է Ալիևը, պատանդ է պահում ու իր պահանջներն է դնում, Նիկոլն էլ պատանդ է պահում ընդդիմադիր լիդերներին, նրանց ընտանիքի անդամներին, թիմակիցներին՝ իր, ավելի ճիշտ՝ Ալիևի պահանջներով։ Նույն ահաբեկչական ձեռագիրն է։
Ընդդիմադիրներին ճնշելու ձևն էլ քրգործերն են, բռնել-նստացնելը։ Իրեն պարտադրված Սահմանադրությունն ընդունելու համար նա ստիպված է բանտարկել ընդդիմադիրներին․ այլ տարբերակ չունի։ Կարդում ենք՝ սպանության գործով մեղադրվողին ազատ են արձակել․ առաջարկում եմ՝ ինչքան վտանգավոր հանցագործ կա, բանտերից հանի-թող դուրս, տեղը ընդդիմադիրներին նստեցրու, մեղադրանքն էլ՝ «Ալիևի Սահմանադրության մերժում»։
Ընդ որում, Նիկոլը չգիտի՝ ինչքան պահանջներ դեռ կան Բաքվից․ կարող է վաղն էլ ասի՝ էլի ճնշում գործադրենք, որ համաձայնեն Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» դարձնելուն։ Մարդամեկին պետք է ընդդիմության թուլացում, որ կարողանա կատարել պահանջները, բայց ընդդիմությունը պարզապես չի կարող թուլանալ, որովհետև մեր երկրում պաշտոնապես, ընտրությունների արդյունքներով, ընդդիմադիր է ժողովրդի 51 տոկոսը, ոչ պաշտոնապես՝ երևի 80-90 տոկոսը։ Նիկոլ Փաշինյանն աննախանձելի վիճակում է, և այս ճնշումներով նրա վիճակը չի թեթևանում։ Որովհետև եթե ընդդիմադիր լիդերները պարզապես կալանքի տակ են, Նիկոլին ի՞նչ գիտենք, թե ինչ են անում փակ դռների հետևում։
Լավ, կարծում եմ՝ որևէ մեկը կասկած չունի, որ Ռոբերտ Քոչարյանի, սամվել Կարապետյանի կալանքները նրանց և թիմակիցներին ճնշելու և այդպես Սահմանադրությունն ընդունելու համար է, անգամ ՔՊ-ն չի կաասկածում, ավելին, երևի հենց ՔՊ վարչության նիստում էլ քննարկել են։ Բայց ինչո՞ւ Սամվել Կարապետյանի դեպքում խառնեց ՀԷՑ-ը։ Ինչո՞ւ այսպիսի քրգործ, ինչո՞ւ ուրիշ բան չհորինեցին, մեկ է՝ աբսուրդ էր լինելու ինչ գործ էլ կարեին։ Փաշինյանն ու Քննչական կոմիտեն հայտնում են, թե ՀԷՑ-ում արձանագրվել են չարաշահումներ, հափշտակություններ, որոնց հետևանքով ընկերությանը պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս։ Եթե իրավաբանական ճողվածքները հանենք դուրս, պարզ լեզվով ստացվում է, որ Սամվել Կարապետյանն ինքն իրենից, իր միջոցներից չարաշահում է արել և ինքն իրեն վնաս տվել։ Ընկերության սեփականատիրոջը մեղադրում են իրեն վնաս պատճառելու մեջ։ Փաշինյանն ասում է, իբր այդ գումարը սակագնի մեջ է։ Սուտ է։ Սեփականատերը ներդրում է անում, ստանում է եկամուտ, հանում է ծախսերը, վճարում է բոլոր հարկերը, աշխատավարձերը, տակն էլ ինչ մնա՝ իր զուտ շահույթն է․ հիմա իր շահույթն ինչ կանի՝ փոխառություն կտա, ավտո կառնի, դղյակ կառնի, թե բուխարիում կվառի էդ փողերը, իր գործն է։ Սակագինը որոշում է պետությունը՝ ի դեմս հանրային ծառայությյունները կարգավորող հանձնաժողովի և ֆիքսում է՝ ինչն է մտած սակագնի մեջ։ Թե ումից է գնումները կատարել ՀԷՑ-ը, դա իր գործն է, մասնավոր ընկերության, մանավանդ որ չի գերազանցել էն գումարը, որը սահմանել է պետությունը։ Սրանք թացը չորին են խառնել, պետականը՝ մասնավորին, որ գործ հարուցեն։
Իսկ թե ինչու ՀԷՑ-ը․ այդ ընկերությունը Սամվել Կարապետյանից խլելու վերջին փուլերում են, և մոտենում է փոխհատուցում վճարելու պահը։ Կառավարության վերջին նիստերից մեկում հարց է հնչում, թե կարո՞ղ է վերջում պարզվի, որ ՀԷՑ-ն է պետությանը պարտք, ոչինչ չունեն վճարելու։ Ու ի հայտ է գալիս սա։ Այսինքն՝ ոչ միայն խլել են ՀԷՑ-ը, հիմա էլ, կարծում եմ, հող են նախապատրաստում, որ սեփականատիրոջը ոչինչ չփոխհատուցեն։
Կարճ ասած՝ անկախ նրանից, թե ինչ քրեական գործեր են մոգոնել ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ, դրանք մեկ ընդհանուր գործ են և մեկ պատճառ ունեն՝ Նիկոլի հետ չեն պայմանավորվել։ Գործ ունենք ահաբեկչության հետ։ Թե՛ ընդդիմադիրները, թե՛ ողջ հանրությունը պետք է հասկանա՝ ում հետ գործ ունի, ինչ մեթոդների և ինչի է պատրաստ էս մարդը։ Սա ցույց է տալիս, որ քաղաքականություն չկա, կանոններ չկան, որ պահին ինչ մեթոդ և ինչ իրեն հարմար է, դա անում է, տակից դուրս կգա, թե չի գա՝ կարևոր չէ։ Կարծում եմ՝ պետք է սա անպայման նկատի ունենալ և կազմակերպվելիս հաշվի առնել։
Սևակ Հակոբյան




