ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունն անդրադարձել է բանակում տեղի ունեցած հերթական սպանությանը։ Հոկտեմբերի 31-ին հայտնաբերվել էր Տիգրան Ստեփանյանի դին՝ հրազենային վնասվաածքով։
Նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Հերթական անգամ ականատես դարձանք ողբերգական դեպքի՝ ոչ մարտական պայմաններում զինծառայողի հերթական մահվան մասին։
Թվում էր, թե զինծառայողների կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգները կանխելու և նման ողբերգական դեպքերը բացառելու նպատակով իրականացվող բարեփոխումները, ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը, ինչպես նաև պաշտպանության նախարարության ղեկավար կազմի՝ զորամասեր կատարած չհայտարարված այցերը պետք է նպաստեին խնդրի համակարգային լուծմանը։ Սակայն, ցավոք, մինչ օրս արձանագրում ենք, որ խնդիրը շարունակում է մնալ չլուծված, իսկ ձեռնարկվող քայլերը հիմնականում կրում են ձևական բնույթ։
Փաստացի, զինծառայողների կյանքի պահպանությանն ուղղված միջոցառումների արդյունավետությունը շարունակում է մնալ խիստ կասկածելի, իսկ ակնկալվող արդյունքները՝ անտեսանելի։ Միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը, պաշտպանության նախարարության ղեկավար կազմի՝ զորամասեր կատարած չհայտարարված այցերը, զինվորական ողջույնի ժամանակ գլխարկ կրելու կարգի փոփոխությունը և այլ ցուցադրական նախաձեռնությունները չապահովեցին ակնկալվող արդյունքը։
Թերևս, ժամանակն է հանրային կապերի ապահովման, ցուցադրական ակտիվության և բարեփոխումների իմիտացիայի փոխարեն կենտրոնանալ խնդրի իրական պատճառների բացահայտման և դրանց վերացման վրա։
Անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել, թե ովքեր են ղեկավարում պաշտպանության նախարարությունը, ինչպիսի՞ն է նրանց մասնագիտական պատրաստվածությունն ու ծառայողական անցած ուղին, ի՞նչ սկզբունքներով են իրականացվում ղեկավար կադրերի ընտրությունն ու նշանակումները, և, ամենակարևորը, որքանո՞վ են այդ անձինք համապատասխանում իրենց զբաղեցրած պաշտոններին։
Պետք է հստակ գնահատական տալ ոչ միայն արձանագրված ողբերգական դեպքերին, այլև դրանց հանգեցրած կառավարման թերություններին, պատասխանատվության շրջանակներին և վերահսկողության մեխանիզմների արդյունավետությանը։
Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է մշակել և կյանքի կոչել գործնական ու արդյունավետ միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի իրական կանխարգելմանը, այլ ոչ թե պարզապես կստեղծեն խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու տպավորություն։
Պետք է գիտակցել, որ զինծառայողի կյանքը չի կարող վերածվել հերթական վիճակագրական ցուցանիշի։ Յուրաքանչյուր ողբերգական դեպք պետք է դառնա ոչ թե հերթական հայտարարության կամ ձևական քննարկման, այլ կոնկրետ պատասխանատվության, հետևությունների և համակարգային փոփոխությունների պատճառ։
Զինծառայողների կյանքի պահպանությունը պետական կառավարման համակարգի առաջնահերթ պարտավորություններից է, և այդ պարտավորությունը չի կարող սահմանափակվել հայտարարություններով, հանձնաժողովների ստեղծմամբ կամ ցուցադրական այցելություններով։
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը խորին ցավակցություն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքին, հարազատներին և բարեկամներին՝ կիսելով նրանց վիշտն ու անդառնալի կորստի ցավը»։




