Ուղիղ 24 ժամ առաջ Հայաստանի Հանրապետությունում սարսափելի դեպք է տեղի ունեցել՝ մի երկրում, որը վերջին տարիներին արել է հնարավոր ամեն ինչ՝ բոլոր հարևանների հետ լավ հարաբերություններ կառուցելու համար։ Այս մասին հայտարարել է ԱԺ պատգամավոր Նարեկ Կարապետյանը՝ ելույթ ունենալով ԵԽԽՎ նիստում։
«Ադրբեջանցի զինված զինծառայողը ներխուժել է Հայաստան, մտել հայ ընտանիքի տուն և երեխաների աչքի առաջ կրակել մոր վրա։ Սա արդեն վերջին շրջանում երկրորդ դեպքն է, երբ հայ խաղաղ բնակիչներն ուղղակիորեն հարձակման են ենթարկվում հարևան երկրների զինծառայողների կողմից։ Գիտե՞ք, թե ինչու են այդ զինծառայողներն այդքան վստահ իրենց գործողություններում. պատժի չենթարկվելու պատճառով։ Միջազգային դատարաններն ու կառույցները, որոնք պետք է գործեին Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտման համար պատասխանատուների դեմ, բացարձակապես ոչինչ չարեցին։
Այստեղից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա՝ Հունգարիայում, ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ ադրբեջանցի զինծառայողը կացնով սպանեց քնած հայ զինծառայողին, սակայն նրան արտահանձնեցին Ադրբեջանին։ Մարդասպանը նույնիսկ մեկ օր չանցկացրեց ադրբեջանական բանտում։ Փոխարենը Ադրբեջանի նախագահը նրան ընդունեց, հերոսի կոչում շնորհեց և թույլ տվեց ազատորեն շրջել Բաքվի փողոցներում։ Նրան հետ ուղարկելով՝ ԵՄ անդամ պետությունն ակամա կանաչ լույս վառեց այս վտանգավոր վարքագծի համար։ Դրա հետևանքով մենք տեսանք, որ նույնը տեղի ունեցավ երեկ։
Ադրբեջանցի զինծառայողները ներխուժում են Հայաստան, հարձակվում են խաղաղ բնակիչների վրա։ Իսկ երբ նրանք արտահանձնվում են Ադրբեջանին, այնտեղ ընդունվում են որպես հերոսներ։ Այս վտանգավոր շրջանը պետք է ավարտվի։ Եվրոպական համայնքը չի կարող պարզապես դիտորդի դերում մնալ»,- նշել է նա։





