«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն անդրադարձել է Անկախության հռչակագրի և նոր Սահմանադրության շուրջ քննարկումներին՝ ամփոփելով այսօր անցկացված իրազեկման ակցիան։
Նրա խոսքով՝ Անկախության հռչակագիրը Հայաստանի պետականության հիմնարար փաստաթուղթն է, որն արտահայտում է ժողովրդի կամքը և ներառում կարևոր դրույթներ ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ երկրի ապագայի վերաբերյալ։
«Եղե՞լ է մի դեպք, որ Հայաստանի Հանրապետության հանրության 90 տոկոսը կողմ լինի մի բանի։ Միակ բանը, որին կողմ է արտահայտվել 90 տոկոսը, Անկախության հռչակագիրն է։ Պառակտումից զերծ բան է սա։ Այնտեղ շատ կարևոր բան կա Ցեղասպանության մասին, շատ կարևոր բան կա ամբողջ երկրի ապագայի մասին։ Այդ հիմքը դրված է։
Պատկերացրեք՝ հանենք մեր երկրի հիմքը և հիշենք ամենակարևոր բանը, որ մենք՝ մեր իշխանությունը, մեր պետությունը, ստեղծվել ենք մեր ժողովրդի կամքով։ Անկախության հռչակագիրը մեր ժողովրդի կամքով է, առաջին Սահմանադրությունն ընդունվել է մեր ժողովրդի կամքով։ Իսկ հիմա աննկարագրելի է, երբ քո հակառակորդը՝ երեկվա թշնամին, քեզ պարտադրում է փոխել այն։ Այսինքն՝ լեգիտիմությունը այս ժողովրդից չի գալիս, լեգիտիմությունը գալիս է հարևան ոչ ժողովրդավար ղեկավարից»,- ասել է Կարապետյանը։






