Ինչո՞ւ է ԱԱԾ-ն լռել զինված ադրբեջանցու՝ օրեր շարունակ Հայաստան ներխուժած լինելու մասին․ «Կարճ ասած»

1 Հոկտեմբերի, 2026

Երկար-բարակ խաղաղությունից էր խոսում մարդամեկը կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 1-ի նիստում։ Մի քանի օր առաջ էլ ՄԱԿ-ի ամբիոնից էր խոսում անշրջելի խաղաղությունից։ Դրանից առաջ շնորհակալություն էր հայտնում Ալիևին։ Այսօր տեղեկացանք, որ ադրբեջանցի զինծառայողն անցել է սահմանը, հասել Սյունիքի մարզի Շաքի բնակավայր և հրազենային վիրավորում հասցրել քաղաքացուն, այն էլ՝ երեք երեխաների ներկայությամբ։

Ուժային կառույցները հնարավորինս մեղմ ու փափուկ են ներկայացնում դեպքը։ Դե հասկանալի է, Փաշինյանը կասի՝ որ պատերազմ չլինի։ Հարց է, թե ոնց է կարողացել անցնել սահմանը և այդքան առաջ գալ։ Հարց է, թե ինչու են ԱԱԾ-ն, ՊՆ-ն լռել, եթե երկու օր ավտոմատով զինված ադրբեջանցի է եղել ՀՀ տարածքում։ Ընդդիմադիրների նկատմամբ անհանդուրժող, թշնամաբար տրամադրված ԱԱԾ-ն ու ոստիկանությունը գոյություն ունե՞ն, երբ խոսքը գնում է մեր սահմանների, անվտանգության մասին։

Սա հերթական անգամ մտահոգություն է առաջացնում սրանց խոստացող խաղաղության, խաղաղ գոյակցության մասին։ Հլը սա փակ սահմանների պարագայում է։ Սա սովորական միջադեպ չէ, սրանց բերած խաղաղության, «խաղաղասեր» Ադրբեջանի և դրան հավատացող ՀՀ իշխանության մասին է։ Ոչ միայն սահմանամերձ, այլև Հայաստանի ոչ մի բնակավայրի բնակիչ, անգամ Երևանի կենտրոնում չի կարող ունենալ ապահովության զգացում։

Մարդամեկին այսօր հարցնում են՝ ինչո՞ւ 44-օրյա պատերազմի տարելիցի օրը տոնեցիք համերգով, պատասխանում է՝ դե հիմա, եթե մեր պատմությունը ուսումնասիրեք, կարող է պարզվի՝ ամեն օր ողբերգություն է եղել, 365 օրն էլ չդնե՞նք համերգ։ Գիտե՞ք, կարող է համաշխարհային պատմությունն ուսումնասիրենք ու, օրինակ, բացահայտվի, որ աշխարհի պատմության մեջ եղած բոլոր դավաճաններից ամենաբացառիկը եղել է Հայաստանում, այն էլ՝ վերջին տարիներին։ Կամ գուցե ուսումնասիրենք ոչ թե համաշխարհային, այլ մեր՝ հայ ժողովրդի պատմությունը և պարզվի, որ այո, ողբերգական են եղել 365 օրն էլ․ բայց պարզվի, որ առնվազն 300 օրվա ողբերգությունների հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, որոշ օրերին՝ կրկնակի։ 44 օր՝ 20 թվականի պատերազմի ողբերգությունները, 3 օր՝ Ջերմուկի պատերազմի ողբերգությունները, 15 օր՝ 2023 թվականի պատերազմն ու բռնագաղթի ողբերգությունը, 9 ամիս՝ Արցախի շրջափակման ողբերգությունը։

2020թ․ այս օրը պատերազմ էր, և միայն իշխանությունները և պատերազմի դաշտում գտնվողների մի մասը գիտեր ինչ է իրականում կատարվում։ Ռազմադաշտից վերադարձողները զարմանում էին Հայաստանում ոգևորության վրա։ Արծրունը ինքնաթիռներ ու ուղղաթիռներ էր զգետնում ֆեյսբուքում․ «Ախպերներ,- գրում էր,- կամաց խփեք՝ հասցնեմ հաշվեմ»։

ՊՆ խոսնակը գրում էր․ «Շուտով՝ լավ լուր»։ Լավ լուրը չեկավ, բայց եկավ պարտությունը՝ զոհերով, տեղահանությամբ։

Նիկոլ Փաշինյանը գրում էր․ «Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ, միջազգային հանրությունը հստակ արձանագրեց, որ ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ»։ Ասում էր՝ արցախյան առաջնագիծը քաղաքակրթական առաջնագիծ է, պայքար միջազգային ահաբեկչության դեմ։

Պատերազմի 5-րդ օրվա գիշերը Կոտայքի մարզում հայտնվեց թշնամու անօդաչուն։ Հետո պարզվեց՝ դրանց թիվը 4-ն է։ Նիկոլը գրեց՝ «Հանգիստ, վստահ, դուխով հաղթելու ենք»․ միայն պաշտոնական լուրեր ստացող ժողովրդի մոտ կասկած առաջացավ, թե էդ ոնց է, որ Գետաշեն ու Շահումյան ենք ազատագրում, բայց թուրքի ԱԹՍ-ն հասել է մեր երկրի մեջտեղը։ 6 տարի առաջ այս օրը այ էդպիսի իրավիճակ էր։ Ասում է՝ դե ամեն օր սուգ է մեր պատմության մեջ, ինչի՞ քեֆ-ուրախություն, համերգ չանենք։ Այո՛, սուգ է, քո՛ բերած սուգն է։

Այսօր կառավարության նիստ էր․ երեք հարց էր զեկուցվում, դրանցով ասֆալտապատում էին, կառուցում ինչ-որ բան․ փիարվելու հարցեր էին։ Իսկ ի՞նչ էր կատարվում չզեկուցվող հարցերով․ դա՛ էր ուշագրավը։ Օրինակ՝ դրանցից մեկով 250 մլն եվրո վարկ վերցրին՝ բյուջեի դեֆիցիտը փակելու համար։ Հիմնավորման մեջ գրել են հանրային ֆինանսների որակյալ և կայուն կառավարում, արտաքին ֆինանսավորումից կախվածության նվազեցում։ Արտաքին ֆինանսավորում են վերցնում՝ արտաքին ֆինանսավորումից կախվածությունը նվազեեցնելու համա՞ր։ Կարող է՞ սա վերջին վարկն էր։ էլ չեք վերցնելու, թե՞ տրանսֆերտներ չեք ստանալու։ Կամ ի՞նչ է նշանակում որակյալ պետական ծախսեր։ Ճի՞շտ եմ հասկանում, որ էլ մեր գումարները քոռ ու փուչ չեն անելու այլևս։ Էլ Նիկոլը պետբյուջեի գումարներով սամալյոտ չի՞ վարձելու 30 հոգանոց պատվիրակությամբ անիմաստ գործուղումների համար։ Էլ պետգնումները ամենաթա՞նկը չեն լինելու ու՝ մեկ անձից։ Էլ ՔՊ-ականն իր հնամաշ «Օպել»-ը 2 մլն դրամով վարձով չի՞ տալու պետությանը։ Բայց հետաքրքիր է, մեկ ըստ ՔՊ-ի «Օպել» քշողները համբալ են, մեկ պարզվում է՝ բայց եթե ՔՊ-ական են կամ ՔՊ-ական պատգամավորի եղբայր, ոչ թե համբալ են, այլ հաջողակ ու շուստրի գործարար՝ պետության փողերով։

Բարձրացնում են իրենց աշխատավարձը, փողը չի հերիքում, վարկ են վերցնում՝ ևս 250 մլն եվրո։ Ինձ մոտ հարց է առաջանում, գուցե ձեզ մոտ էլ, թե ինչո՞ւ ենք մենք պահում այսքան թանկ արժեցող կառավարություն․ սաղի պաշտոններն օպտիմալացրեք, մի հատ վարկային գործակալ ընդունեք աշխատանքի։ Մեկ է՝ ձեր գործը միայն վարկ վերցնելն է։

Իրենց աշխատավարձը բարձրացնելու համար քո անունից վարկ են վերցնում, իսկ քեզ ինչ են ասում․ ժողովուրդ ջան, դու մեզնից լավ ես ապրում։ Մարդամեկն ասում է՝ «եթե ունեք տուն, ուրեմն հարստացել եք։ Տան գները կրկնակի աճել են, ուրեմն կրկնակի հարստացել եք»։ Այս մարդը խոստացել է ձեզ բարեկեցություն, 8,5 տարի հետո ասում է՝ «Ժողովո՛ւրդ ջան, տները թանկացել են, ուրեմն բարեկեցիկ եք»։ Ասում ես․ «Բայց ես իմ տունը չեմ ծախում, կամ որ ծախեմ, էլի պետք է նոր  տուն առնեմ, չէ՞, որը էլի թանկացել է»։ Դե ասում է․ «Կարևոր չէ, որ չես ծախում, մեկ է՝ բարեկեցիկ ես»։ Լավ, մտածում ես, բա որ մեր տունը թանկացել է, բա նախարար Պապիկյանի տունը, էն էլիտար թաղամասի նորակառույցում, էն որ շուկայականից շա՜տ էժան էր գնել, որքա՞ն է թանկացել։ Բայց դուք որոշել եք հունվարի 1-ից Պապիկյանի աշխատավարձը կրկնապատկել՝ մի 60 միլիոն կդառնա տարեկան, իսկ թոշակը բարձրացնեք ընդամենը 1000 դրամով, որովհետև ժողովրդի ինչի՞ն է պետք բարձր աշխատավարձը, մեկ է՝ տունը թանկ է։ Իրենք իրենց աշխատավարձերը կրկնապատկում են ու հարստանում, քեզ ասում են․ «Դե որ տուն ունես, արդեն հարուստ ես»։

Լավ ասում ես, ընդունենք, որ տան արժեքը կրկնապատկվել է, ուրեմն հարստացել ենք, բայց պետական պարտքն էլ է, չէ՞ ավելի քան կրկնապատկվել։ Եթե քո վերցրած պարտքը մեկ քաղաքացու հաշվով 2 հազար դոլար էր, հիմա 5 հազար դոլար է։ Հենց էսօր վերցրել ես 250 միլիոն եվրո։ Էդ մարդու տունը, ապագան «զալոգ» ես դրել, փող ես վերցնում, որ քեզ աշխատավարձ վճարես։ Տունը գուցե քո օրոք թանկացել է կրկնակի, բայց կարագը թանկացել է եռակի, միսն էլ, տրանսպորտը՝ 50 տոկոսով, գույքահարկը արդեն չեմ հիշում քանի անգամ։ Տունը ծախեն, որ կարագ ու միս առնե՞ն։ Ասում էիր Ադրբեջանից բենզին ենք բերում, կէժանանա․ 600 դրամն անցնում է։ Գնացել էի Արարատի մարզ․ գյուղերից մեկի խանութի վրա մեծ-մեծ տառերով գրված է «նիսյա այլևս չենք տալիս»։ Արագածոտնի փռատերն ասում է՝ հունվարին հաց են տարել, հուլիսին դեռ փողը չեն տվել։ Քաղաքացին ասում է․ «Ես ուզում եմ ոչ թե տունս թանկանալով հարստանամ, այլ ձեր՝ ՔՊ-ի նման․ կարո՞ղ եք էնպես անել, որ իմ հաշվին էլ միլիոններ լինեն»։

Կարճ ասած՝ սկզբում խոսում էի պատերազմում ստերի մասին։ Էսօր էլ են ռեժիմով ստեր ասում։ Պատերազմի ստերը պայթեցին 44 օրումն, ողբերգական հետևանքը շարունակվեց մինչ այսօր։ Այսօրվա ստերի ողբերգական հետևանքներչը դեռ շատ երկար ենք զգալու։  Պատերազմի ժամանակ ասված սուտը բացահայտվեց նոյեմբերի 9-ի թղթում, տնտեսական իրականության մասին ստերը բացահայտվում են խանութում, հացի փռում, սառնարանում, դատարկ գրպաններում։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Հայաստանը չի ապահովել հոր և դստեր վերամիավորումը․ ՄԻԵԴ-ը խախտում է արձանագրել․ Hetq.am

Հայաստանը չի ապահովել հոր և դստեր վերամիավորումը․ ՄԻԵԴ-ը խախտում է արձանագրել․ Hetq.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ ներկայացված գործով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում (Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք)։ Դատարանի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունները բավարար և արագ...

Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազություն

Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազություն

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին։ 1lurer.am-ին գերատեսչությունից փոխանցել են, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 14:17-ին ՀՀ ներքին գործերի նախարարության 112 ՕԿԿ Սյունիքի բաժանմունքում ահազանգ է ստացվել քաղաքացուց այն մասին, որ...

Միրզոյանն ու ԱՄՆ պաշտոնյան մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ

Միրզոյանն ու ԱՄՆ պաշտոնյան մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության...

Ադրբեջանցի զինծառայողի կրшկոցից վիրшվորված կնոջը տեղափոխել են Երևան․ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրшկոցից վիրшվորված կնոջը տեղափոխել են Երևան․ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը տեղափոխեցին Երևան: «Կնոջ վիճակը կայուն է, գիտակցությունը տեղն է»,-հայտնել են Առողջապահության նախարարությունից։ Ավելի վաղ ԱԱԾ-ից հայտնել էին, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ...

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին. ՀՅԴ երիտասարդական միության հայտարարությունը

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին. ՀՅԴ երիտասարդական միության հայտարարությունը

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնակավայր ու կրակ արձակում ՀՀ քաղաքացու վրա։ Եվ սա այն դեպքում, երբ ԱԱԾ-ն խոստովանում է, որ օրեր շարունակ տեղյակ է եղել վտանգի մասին։ Այսպես է լինում, երբ ողջ ուժային համակարգը զբաղված է միայն...