Սուտ երդում՝ 8 տարի նույն դասարանում մնացածներից․ «Կարճ ասած»

22 Հուլիսի, 2026

Երեկ՝ հուլիսի 21-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաժանեց պատգամավորական մանդատները․ օգոստոսի 2-ին խորհրդարանը ստանձնելու է լիազորությունները, որից հետո կձևավորվի նոր կառավարություն, և սա կլինի Հայաստանի պատմության երբևէ եղած ամենաոչ լեգիտիմ իշխանությունը։ ՔՊ-ն այդպես էլ չիմացավ, թե իրականում քանի հատ ձայն ունի, քանի որ հարյուր հազարավոր ընտրողների բաժանված պետական կաշառքների, վարչական ռեսուրսի, պետաշխատողների ստրուկի տեղ դնելու, ոստիկանության, դատախազության, հակակոռուպցիոն ու քննչական կոմիտեների ակտիվ շահագործման, ատելության քարոզի, ընտրողի ահաբեկման, պատերազմի սպառնալիքի հնչեցման, այլ պետությունների աջակցության շնորհիվ Նիկոլը ստանցավ 49 տոկոս ձայն։ Ընդամենը։ Եվ որպեսզի ունենա օրենքներ անցկացնելու հնարավորություն, գողացան խորհրդարան անցած ԲՀԿ-ի ձայները։ Հիմա թող ՔՊ-ն ասի՝ քանի՞ ձայն ունի։

Ինչի՞ մասին է այս նոր իշխանությունը լինելու․ հաստատ՝ ոչ պետության պաշտպանության մասին, ոչ՝ անվտանգության ու բարեկեցության կամ իր խոստումները կատարելու մասին․ անելու են ինչպես նախորդ 8 տարիներին։ Դե պատկերացրեք՝ է՛լ ինչերի միջով ենք անցնելու։

Այս իշխանությունը հայտնի է որպես ձևականությունների սիրահար։ Մի ձևականություն էլ արեցին ԱԺ վերջին արտահերթ նիստում՝ փոխելով պատգամավորների երդման տեքստը։ Հիմա տեսնենք, թե ինչ են երդվում անել պատգամավորները հաջորդ 5 տարում։ Սկսելու են հետևյալ տողով․ «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և հզորացման, երդվում եմ»։ Իսկ ի՞նչ են արել իրենց իշխանության 8 տարիներին ՀՀ հարատևության, անկախության, ինքնիշխանության, հզորացման համար։

Պետության հարատևությունն ապահովող հիմնական գործոններից են անվտանգությունը։ Արդյո՞ք Հայաստանը պաշտպանված է արտաքին ագրեսիայից։ Բացարձակ ոչ։ Սրանց բանաձևն է՝ «հանձնենք տարածքներ, որ ագրեսիա չլինի»։ Արտաքին անվտանգության մասին ընդամենը մեկ նախադասություն բավարար է՝ կարծիք կազմելու համար․ պետությունը ղեկավարողն ասում է՝ սեպտեմբերին կլինի աղետալի պատերազմ, և մենք կպարտվենք։ Հարատևության կարևոր պայման է ժողովրդագրական կայունությունը․ իսկ մեր երկրից արտագաղթը շարունակվում է, ծնդլիությունը ամեն տարի անկումէ  ապրում։ Պետության հարատևության կարևոր են արդյունավետ պետական ինստիտուտները, օրենքի գերակայությունը, իրավական համակարգը։ Որևէ մեկը կասի, թե 8 տարի նույն դասարանում մնացածները կայուն կառավարո՞ւմ են, ամենուր բարդակ չէ՞։ Ուզում են ասել՝ մեր երկրում օրենքի գերակայությո՞ւն է, թե՞ Նիկոլի կամքի գերակայությունն է օրենքի վրա։ Հենց այսօր ընդդիմադիր պատգամավորին զրկում են անձեռնմխելիությունից՝ խախտելով օրենքը, բայց կատարելով Նիկոլի կամքը։

Հարատևության համար կարևոր է ազգային ինքնությունը, լեզվի, մշակույթի, պատմական հիշողության պահպանումը։ Քա՞նի անգամ ենք ակցիաներ տեսել և մասնակցել՝ ազգային ինքնությունը քանդելու դեմ, պատմական հիշողությունը սրանց կողմից ջնջելու դեմ։ Եվ ուրեմն՝ երդման տեքստում դա անիմաստ է գրվել։ Հիմա ՔՊ-ականները որ երդվեն, ի՞նչ են անելու։

Պետության հզորացում նշանակում է, որ այն կարողանում է ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ինքնիշխանությունը։ Ներքին անվտանգության մասին քանիցս խոսել ենք․ այն բեսպրեդելը, որ Հայաստանի փողոցներում է, անվտանգության մասին մոռացե՛ք։ Հզորացման համար կարևոր է կայուն տնտեսական աճը, զարգացած արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, ներդրումները։ Պատգամավորները երդվելու են մի բանի համար, որը չկա․ գյուղատնտեսությունը հենց այս պահին մահանում է, ներդրումները փախչում են Հայաստանից, քանի որ սրանք զբաղված են դրանք խլելով, մարդկանց էլ դարձնում են գործազուրկ։ Ու ՔՊ-ն պետք է երդվի պետության հզորացմա՞ն համար։ Հզորացման համար այլ պայմաններ էլ կան, իհարկե, անկախ և արդյունավետ դատարաններ, օրենքի գերակայություն, կոռուպցիայի դեմ պայքար և այլն, որոնք Հայաստանի պարագայում միայն գեղեցիկ ելույթներ են ։

Ի՞նչ ենք հասկանում ինքնիշխանություն ասելով, որի պաշտպանության երդումն են տալու։ Պետության ինքնիշխանությունը պետության գերագույն և անկախ իշխանությունն է իր տարածքում, և արտաքին հարաբերություններում ազատ որոշումներ կայացնելու իրավունքը՝ առանց այլ պետությունների կամ արտաքին ուժերի պարտադրանքի։ Նշանակում է, որ պետությունն ինքն է իր տարածքում ընդունում և կիրառում օրենքները, կառավարում երկրի ներքին գործերը և այլն։ Երբ այլ պետություն պարտադրում է Հայաստանին փոխել սահմանադրությունը, մոռացե՛ք ինքնիշխանության մասին։ Երբ այլ երկրներ խառնվում են ՀՀ ներքին գործերին, մոռացե՛ք ինքնիշխանության մասին։ Այսօր Հայաստանում այդպես է և ուրեմն՝ անիմաստ է խոսել ինքնիշխանության մասին։

Ինքնիշխանություն նշանակում է, որ պետությունն ինքնուրույն է որոշում իր արտաքին քաղաքականությունը, անդամակցումը միջազգային կազմակերպությունների, ընտրում դաշնակիցներին և պաշտպանում իր ազգային շահերը՝ առանց այլ երկրների վերահսկողության։ Սրանք ինքնուրո՞ւյն են որոշում մեր երկրի արտաքին քաղաքականությունը, որևէ մեկը դրան հավատում է՞։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վստահելի՞ է, արդյունավե՞տ է, ՀՀ շահերո՞վ է։ Ինձ մոտ ընդամենը թողնում է «փողի դիմաց ծառայության» տպավորություն։ Մեր փոխարեն որոշում են ու մեզ պարտադրում, մեր հարցերը քննարկում են առանց մեզ։

Ինքնիշխան պետության հիմնական հատկանիշներից է պետական իշխանության լիարժեք իրականացումը երկրի ամբողջ տարածքում։ Այսօր ՀՀ կառավարությունն իր ամբողջ տարածքում իր իշխանությունը կարողանո՞ւմ է իրականացնել, քա՞նի հարյուր քառակուսի կիլոմետր է օկուպացված։ ՀՀ շահերի պաշտպանությունից, որի համար երդվում են, ո՞րն էր բխում․ Արցախը հանձնե՞լը, Սև լիճը հանձնե՞լը, Ջերմուկը չպաշտպանե՞լը, ՀՀ տարածքները հանձնե՞լը։

Այդ երդման տեքստում այսպիսի հետաքրքիր նախադասություն կա․ «Անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ՀՀ քաղաքացիների անվտանգության և բարեկեցության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար»։ Մեր երկրում քաղաքացիական համերաշխության միակ խաթարող ուժը ՔՊ-ական իշխանությունն է․ սրանք իրենց գործունեությունը կառուցել են ՀՀ քաղաքացիների մեջ թշնամանք հրահրելու վրա։ Դա եղել է և մնում է Նիկոլի ուժը։ Այն, որ Նիկոլն ընդդիմությանը ձայն տվածներին համարում է կաշառակերներ, իրեն չընտրողներին համարում է թշնամի, «շուն-շանգյալ», ի՞նչ համերաշխության մասին է խոսքը։ Հայաստանն ունի անհամար քաղբանտարկյալներ, ուրեմն՝ ի՞նչ մարդու իրավունքների մասին է խոսքը։ Ընդհանրապես այս բոլոր դեպքերում նրանք, կարծում եմ, նկատի ունեն միայն ՔՊ-ին։ Բարեկեցությունն էլ, համերաշխությունն էլ միայն իրանց մոտ է․ չնայած իրենց մոտ էլ այնքան համերաշխ չեն, այդ մասին դեռ կխոսենք։

Եվ այսքանից հետո ասում ենք երդման տեքստից հանվել է «Հանուն համազգային նպատակների իրականացման» տողը։ Հետո՞ ինչ, որ հանվել է։ Ասենք՝ չէր հանվել։

Իշխանության երդման տեքստը պետք է լինի իր նախընտրական ծրագիրը և կառավարության ծրագիրը, որոնք խախտում են 2018 թվականից՝ ծայրից ծայր։ Երդման տեքստը Նիկոլի ֆեյսբուքյան գրառումն էր, որ արցախցուն խոստանում էր երբեք հուսախաբ չանել։ Էն որ ասում էիք՝ «Աղդամը մեր հայրենիքն է», դա՛ է երդման տեքստը։ Էն որ ասում էր՝ «արագաչափերը կհանեմ», դա էլ էր երդման տեքստ։ Էն որ հարյուրավոր գործարաններ, ջրամբարներ էիք խոստանում սարքել, դա՛ է երդման տեքստ։ Էն որ ասում էիր «Արցախը Հայաստան է և վերջ», դա՛ էր երդման տեքստ։ Զինվորն իր երդումը պահեց ու կյանքը չխնայեց հանուն հայրենիքի, դու էդ հայրենիքը հանձնեցիր։ Ու ամեն երդումից հետո թիմով ասացիք՝ «սխալվել ենք, որ էդպես ենք ասել»։

Կարճ ասած՝ իրականում այս տարիներին սրանք ամեն ինչ արել են իրենց երդման տեքստին հակառակ։ 100 տոկոսանոց ցինիզմը սա է, որովհետև այն ամենը, ինչի համար դուք երդվել եք, տապալել եք վաղուց։ Հիմա այդ բոլորը խախտած՝ գնում եք նույն բա՞նը երդվելու, որ ի՞նչ լինի։ Երդվել եք ու քանդել մեր երկիրը, երդվել եք ու հանձնել մեր հայրենիքը․ հիմա՞ ինչ սպասենք։ Ընդհանրապես, ՔՊ-ին կառաջարկեի երդվել Էրդողանի գրքի վրա․ իրենց շեֆը գրկել էր գիրքը, իրենք կարող եք ձեռքը դնել ու երդվել, որ հավատարիմ կմնան Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջների կատարմանը։ Մեկ է՝ այդպես էլ անում են։ Իրականում 10 հատ էլ երդման տեքստ փոխեք, օրը տաս անգամ էլ երդվեք, քանի դեռ դուք չեք փոխվել, բան չի փոխվելու։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Արցախում ոչնչացվել է 19-րդ դարի հայ-ռուսական գերեզմանոցը․ ահազանգ

Արցախում ոչնչացվել է 19-րդ դարի հայ-ռուսական գերեզմանոցը․ ահազանգ

Ադրբեջանի իշխանությունները Շուշիում հերթական մշակութային վանդալիզմն են իրականացրել՝ հիմնահատակ ավերելով քաղաքի պատմական Հին հայկական-ռուսական գերեզմանոցը: Այս մասին փաստագրված տվյալներ է հրապարակել Caucasus Heritage Watch (CHW) միջազգային մոնիթորինգային...

«Պահանջում են ազատման դիմում գրել՝ Լևոն Քոչարյանի հետ լուսանկար հրապարակելու համար»․ Սյուզի Բադոյան

«Պահանջում են ազատման դիմում գրել՝ Լևոն Քոչարյանի հետ լուսանկար հրապարակելու համար»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ավանի մարզադպրոցում Լևոն Քոչարյանի հետ նկարը ճակատագրական է դարձել մարզչի համար։ Մարզադպրոցի տնօրեն Գենադի Ասլանյանը 6 տարվա աշխատակցի նկատմամբ սկսել է հետապնդումներ այն բանից հետո, երբ...

ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն․ Եվրոպան չի կարողանա դիմակայել Ռուսաստանի հետ պատերազմին

ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն․ Եվրոպան չի կարողանա դիմակայել Ռուսաստանի հետ պատերազմին

ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, որ Եվրոպան չի կարողանա դիմակայել Ռուսաստանի հետ պատերազմին, հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Թերթը ՆԱՏՕ-ի պլանավորողների «ռազմական հոռետեսության» պատճառներից նշում է Եվրոպայում աջ կուսակցությունների ժողովրդականության...

Մարիա Ազիզյանը հաղթող է ճանաչվել Թենիսի միջազգային պատանեկան մրցաշարում

Մարիա Ազիզյանը հաղթող է ճանաչվել Թենիսի միջազգային պատանեկան մրցաշարում

Հայաստանի ներկայացուցիչ Մարիա Ազիզյանը հաղթող է ճանաչվել Բուլղարիայի Բուրգաս քաղաքում անցկացված Թենիսի միջազգային ֆեդերացիայի` ITF-ի J60 պատանեկան մրցաշարում: Եզրափակիչում Ազիզյանը 2։1 (6։2, 3։6, 7։6) հաշվով առավելության է հասել իտալացի Աննա Ներելիի նկատմամբ: Ազիզյանը...

Միջկրոնական համագումարում ընթերցվել է Արամ Ա. Վեհափառի պատգամը

Միջկրոնական համագումարում ընթերցվել է Արամ Ա. Վեհափառի պատգամը

Արամ Ա. Վեհափառ Հայրապետի ուղերձը ներկայացվել է Նյու Յորքում կայացած միջկրոնական համագումարում․ Շաբաթ, 29 Օգոստոս 2026-ին Նիւ Եորքի մէջ տեղի ունեցաւ “One World: One Humanity” («Մէկ աշխարհ՝ մէկ մարդկութիւն») միջ-կրօնական համագումարը, կազմակերպութեամբ Կրօնական...