Այսօր խոսելու եմ իմ երբևէ լսած ամենից խնդալու քրեական գործերից մեկի մասին։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ մոգոնել են նոր մեղադրանք։ Եթե նախկին մեղադրանքը հակասահմանադրական էր, սա՝ պարզապես խնդալու է։ Հունիսի 14-ին, երբ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարեց, որ նա երեք օրով մեկնում է, ինձ մոտ հարց առաջացավ, թե լավ, ինչի՞ են հայտարարում, գնում է՝ լավ է անում։ Պարզվեց՝ գրասենյակը Նիկոլի բզիկներին շատ ավելի լավ է ծանոթ։ Հաստատ մի բան հորինելու էին։ Հեչ որ չէ՝ աէրոպորտում նկարելու էին ու ասեին՝ ա հա՝ փախչում էր երկրից։
Ռոբերտ Քոչարյանին արգելվեց երկիր լքելը։ Առանց պատճառի, արգելանք կա և վերջ։ Հակակոռուպցիոնն էլ, քննչական կոմիտեն էլ ասել էին, որ Քոչարյանի ելքը երկրից սահմանափակված չէ։ Այսինքն՝ մեկ հոգի և կռահում եք, թե ով, պարզապես հրահանգել էր, եսիմ ում, չթողնել կոնկրետ մեկնի։ Վստահաբար, հրահանգողն էլ, կատարողն էլ քրեական հանցանք են գործել։ Երկու օր անց, արդեն, Ռոբերտ Քոչարյանին հրավիրում են և մեղադրանք առաջադրում ամենազավեշտալի քրգործերից մեկով։ Փորձնք մոդելավորել․ մոտավորապես՝ այսպես․ մարդամեկը զանգում է ԱԱԾ ինչոր մեկին, պահանջում է արգելել ելքը երկրից, նա ասում է՝ բայց քրգործ չկա ոնցոր․ ասում է, դու նաղդը մի թող դուրս գա, ես հեսա կզբաղվեմ։ Զանգում է դատախազին, թե՝ դե արագ մի բան հորինեք, հետո զանգում ԿԸՀ, թե՝ հեսա դատախազը մի բան կբերի, դեռ չգիտեմ ինչ, խաբար էլ չեմ, բայց մի բան կբերի, դուք էլ կզրկեք անձեռնմխելիությունից, կտաք հավանություն։ Գուցե այս ամենը անում է ՍՄՍ-ով, արդեն էական չէ, բայց մոտավոր սենց եմ պատկերացնում։
Այդ ընթացքում մեկ այլ, իմ կարծիքով՝ հանցագործություն է տեղի ունենում։ Մեկ էլ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կայքում է հայտնվում «Զվարթնոց»-ում տեղադրված ԱԱԾ սահմանապահ ծառայության իրավասության տակ գտնվող սահմանային անցակետի տեսախցիկիի տեսանյութից մի հատված, որտեղ և Ռոբերտ Քոչարյանի ելքն արգելելու մասին հատվածն է։ Փաշինյանն, առանց կարմրելու արդարացնում է, ասում է՝ ԱԱԾ-ի ինֆորմացիան է, իրենք են որոշում՝ ոնց արտահոսք անեն։ Ունե՞ք մեկնաբանություն։ Ես չունեմ։ Ի՞նչը մեկնաբանեմ, ո՞նց բնորոշեմ։ Փորձենք դա էլ մոդելավորել․ նույն Փաշինյանը, հետո զանգում է էլի մի պաշտոնյայի, թե՝
— Քոչարյանի արգելելու կադրերը տեսախցիկը նկարե՞լ է,
— հա, շեֆ,
— դե հլը հենց էտ կտորը ասա կտրեն տան,
— բայց, շեֆ, էդ անօրինական ա, չի կարելի,
— Ես եմ քեզ ասում տուր, ես եմ որոշում՝ որն ա, օրինական, որն ա անօրինական, ջղայնանում է Փաշինյանը։
Դե պաշտոնյան էլ հո իրական իրավաբան չէ, կամ գործի նվիրյալ, ասում է, դե որ ասում է, ուրեմն տենց ա, զանգում իր հերթին պատվիրում է այդ հատվածը հանել, կտրել ու օրինակ՝ Վոթսափով ուղարկել իրեն։ Հետո, արդեն, այդ նույն վիդեո հատվածի վրան գրում է, ուղեկցող մի քանի տող, թե՝ Քոչարյանը փախչում էր և այլն, ուղարկում է, մեկ այլ իր աշխատակցի, այս անգամ՝ իր կայքի ու հրահանգում, թե՝ հենց հիմա տեղադրեք։ Այդ աշխատակիցն էլ իր հերթին, թե՝ շեֆ, բայց արագ կվառվես, որ հենց դու էլ տվել ես։ Ասում է՝ թքած, նե՜նց բաներ անելուց եմ վառվել, տնաշեն, մի հատ ավել, մի հատ պակաս, դրեք թող լավ տարածվի։
— Բայց շեֆ,- շարունակում է, որքան էլ չլինի՝ լրագրող մեկը, — չենք կարող գրել, որ փախչում է, որովհետև իր գրասենյակը ցերեկը արդեն տեղեկացրել է, որ մեկնելու է, տրամաբանություն չկա, եթե փախնելու լիներ, ինչի՞ պետքա հայտարարեր։ Համ էլ, մենք որպես մեդիա փչանում ենք, մեր ընթերցողները, հետևորդները, մեզ ի՞նչ կասեն, կփչանանք, կվերջանանք։
— Լսի,- անկեղծանում է Փաշինյանը, — ես սե՞նց բաներ եմ փչացրել, վերջացրել, արա՛ ինչ ասում եմ։
Հը՞, նմա՞ն չէ՞ր։ Թե չէ՝ դժվար է պատկերացնել, թե ցանկացած մեկը նույն ՔՊ-ից կարող է ԱԱԾ զանգել-ասել հլը մի հատ դավայ, տվեք էդ վիդեոն։ Իհարկե չի կարող, դա կարող է մեկ մարդ և վտահաբար՝ դա արվել է Փաշինյանի ձեռամբ։ Ու գիտե՞ք, այդքանից հետո այդ ամենը գցել ԱԱԾ ինչ-որ պատասխանատուի վրա, առնվազն բարոյական տեսանկյունից նողկալի է։ Տրամաբանությունը՝ զրո։ Դժվար թե ԱԱԾ-ում աշխատում են մարդիկ, որոնք հատուկ վատ վերաբերմունք ունեն Քոչարյանի նկատմամբ, որ ուզենան տենց ուղղակի իրենց կարիերան վտանգի տակ դնել կամ վատություն անեն։ Ինչու՞ պիտի վատություն անեն մի մարդու, ում օրոք գլուխները բարձր էին քայլում, իրենց լավ զգում, որ հայ են, հաղթանակած Հայաստանն են ներկայացնում, այսօրվա պես չէ, որ գլուխները կախ՝ կատարում են նախկին դեղին լրագրողի ապօրի հրամաններ՝ չիմանալով էլ վերջը ու՞ր է մեզ բոլորիս հասցնելու։
Սա մաքուր լիազորությունների վերազանցում է։ Լավ, եկեք փորձենք հասկանալ Նիկոլի տրամաբանությամբ․ իսկ ինչո՞ւ է ԱԱԾ-ն որոշել հենց Փաշինյանի ընտանեկան կայքին տալ արտահոսք տեսանյութը։ Որ հակակոռուպցիոնը, քննչական կոմիտեն, դատախազությունը մասնակցում են Նիկոլի քաղաքական օպոնենտների վարկաբեկմանը, ֆիքսել ենք․ բայց որ դրա՞նց է միացել ԱԱԾ-ն, նոր բան էր։ Չէ՞, որ սա արվել է վարկաբեկման նպատակով․ որ հանրությանը փորձեն սուտ մակագրված լուրով մոլորեցնել, իբր՝ Քոչարյանը փախչում էր երկրից։
Ֆիքսենք՝ երբ ԱԱԾ-ի պահպանող տվյալը հայտնվում է երկրի ղեկավարի ընտանիքի կայքում, դա վերացնում է սահմանը պետական ռեսուրսների և անձնական քաղաքական նպատակների միջև։ Ժողովրդավարական և իրավական համակարգերում ոչ մի պաշտոնյա անձնական սեփականության իրավունք չունի պետական ինստիտուտների ինֆորմացիոն բազայի վրա։ Այդ ինֆորմացիան տնօրինվում է բացառապես օրենքով, այլ ոչ թե անձնական ցանկությամբ։ Անձնական կյանքի գաղտնիությունը հիմնարար իրավունքներից է։ Պետական մարմինները պարտավոր են ավելի բարձր չափանիշներով պաշտպանել իրենց մոտ գտնվող անձնական տվյալները, քան մասնավոր անձինք։ Եվ առանց իրավական հիմքի ԱԱԾ-ն իրավունք չուներ դա տարածել։ Փաստացի՝ Նիկոլի Հայաստանում ոչ մեկի անձնական տվյալները պաշտպանված չեն։ ԱԱԾ-ն կոչված է պետության և քաղաքացիների անվտանգության ապահովմանը ու եթե նա է արտահոսք անում, որը խախտում է իրավունք, առանց դրա՝ հատուկ ու ազգային անվտանգությանը սպառնալիք լինելու, ուրեմն պետական ինստիտուտից վերծվում է պարզ քաղաքական գործիքի։ Այ էսպես են պետական ինստիտուտները վստահությունը կորցնում, հարգանքը կորցնում, ընդամենը մեկ մարդու՝ պահի տակ եկած կապրիզի խաթեր։
Բա պատկերացրեք՝ ամեն պետական մարմին ինչ ինֆորմացիա ունի քաղաքացու մասին՝ տա Նիկոլի ընտանեկան թերթին, որ նա էլ հրապարակի։ Հարկայինը, ոստիկանությունը, առողջապահության համակարգը, բանկային մարմինները, դատարանները իրենց մոտ եղած՝ քաղաքացիների գաղտնի տվյալները սկսեն ուղարկել «Հայկական Ժամանակ»-ին՝ ըստ ՔՊ քաղաքական կամ Նիկոլի անձնական նպատակահարմարության։ Ժողովուրդ ջան, իմացեք, որ ձեր անձնական տվյալները Նիկոլի կառավարության և ոչ մի օղակում օրենքով պաշտպանված չեն։ Ավելի ճիշտ, այդ օրենքը գործում է, քանի Նիկոլը չէ դա հրամայում, իր հրամանից հետո գործում է Նիկոլի անձնական քմահաճույքը, որը ՀՀ օրենսդրությունից բարձր է։
Հիմա անդրադառնամ մեղադրանքին։ Ռոբերտ Քոչարյանի ելքը երկրից թույլ չտալն արդարացնելու համար տեսեք ինչ են մոգոնել։ Ուրեմն, ասում են, իբր՝ չարաշահել է պաշտոնեական դիրքը և փողերի լվացում է արել։ Ո՞նց է հնչում, ասե՛ք։ Հա, կարող է տպավորիչ լինել, այն էլ սրանց տասնամյակներով տարածած նարատիվների ֆոնին։ Բայց հլը մեջը նայեք, ցնդելու բան է։ Ուրեմն, կառավարությունը 2004 թվականի նիստերից մեկում կայացրել է որոշում, իսկ Ռոբերտ Քոչարյանը լինելով նախագահ՝ վավերացրել է այդ որոշումը։ Պատկերացնու՞մ եք ինչ սարսափ։ Նախագահը վավերացրել է, կառավարության որոշում։ Սա մեղադրանքն է։ Երևի չիմանան մանր-մունր քպականները, բայց այդ ժամանակ գործող սահմանադրությամբ՝ կառավարության որոշումները նախագահը պետք է վավերացներ, հակառակը անելը հետևանք չուներ, օրենքն էր այդպիսին, Սահմանադրությունը։ Պատկերացրեք, վավերացումից առաջ ստուգել այդ որոշումների իրավաչափությունը, կարող էր, բայց անգամ դրա իմաստն էլ չկար, որովհետև ստուգած էլ գալիս էր, պետություն էր, հասնում էր նախագահին, իսկ նախագահը ընդամենը վավերացնողն էր, իր ուղիղ պարտականությունը կատարելով։ Տեսեք, Ռոբերտ Քոչարյանը, ենթադրենք, իր նախագահության ժամանակ վավերացրել է 5 հազար որոշում, դուրս է գալիս՝ կարող է մեր սիրելի դատախազը 5 հազարի համար էլ քրգո՞րծ հարուցել։ Որոշումը կայացրել է կառավարությունը, որը կոլեգիալ մարմին է, նախարարներ և այլն։ Իսկ այն վավերացնելը Հանրապետության Նախագահին տրված լիազորության, պարտականության և նաև անձեռնմխելիության շրջանակներում է, որը չի կարող դառնալ քննության առարկա, եթե ամեն բան օրենքով է: Իսկ այստեղ ակնհայտ է, որ օրենքով է։
Եթե այդ որոշման մեջ կա խնդիր, ապա պետք է դրա համար նախ քրեական գործ հարուցել այն կայացնողի, այն է՝ 2004թ․ ամբողջ կառավարության նկատմամբ․ բայց հարցն այն է, որ դա էլ է աբսուրդ։ Շատ կարճ անդրադառնամ․ ասում են՝ ուսումնական հաստատություն հանդիսացող «Թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին պատկանող՝ հողատարածք և դրա վրայի շինություն է օտարվել։ Այնինչ դա ուսումնական հաստատություն չի եղել, ՊՈԱԿ-ի գույքը չի եղել, կառավարության գույքն է եղել, ընդ որում՝ կիսաքանդ, վթարային, սովետից մնացած մի կառույց․ ինչպես հարյուրավոր այդպիսի կառույց կոչվածներ։ Նա էլ վաճառել է, ինչպես և հարյուրավոր այդպիսի կառույցներ։ Որը, գրեթե մշտապես քանդում ու տեղը նորմալ շինություն են սարքում, ինչի՞ն է պետք ներդրողի սովետից նացած վթարային պատերը, որը հենա-հենա փուլ կգա մարդկանց գլխին։ Մեղադրում են, որ ուղղակի վաճառքի ձևով է մասնավորեցվել, սակայն թե՛ աճուրդով, թե՛ մրցույթով, թե՛ ուղիղ վաճառքը օրենքի շրջանակներում է։ Բացի այդ, հողատարածքը չի վաճառվել, տրվել է վարձակալության, այսինքն՝ այդ մեկն էլ սխալ են գրել։ Ստացվում է՝ դատախազությունը քրգործ է հարուցել առանց ուսումնասիրել-հասկանալու։ Եվ ամենազավեշտներից մեկն էլ այն է, որ մեղադրանքն առաջադրվել է այնպիսի հոդվածներով, որոնց վաղեմության ժամկետը վաղուց լրացած է։ Ասում եմ չէ՞, արագ արագ, մոգոնել են որ մարդու արգելք դնեն, որ պարզապես վատություն անեն, որ մարդամեկի հոգին փառավորվի։ Հիշու՞մ եք չէ՞ մարտի 1-ին ոնց էր ասում։
Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, էս խարդախները Քոչարյանի մասին ինչ ասես, որ չեն ասել, էլ աշխարհի մեղքերի մեջ են մեղադրել, բայց իրականում կա՛մ մեղադրանք են հարուցում հակասահմանադրական հոդվածով կամ էլ՝ վաղեմության ժամկետն անցած, 22 տարի առաջվա կառավարության որոշման համար, որի հետ ինքը կապ չունի։
Ու զզվելի է, երբ պետական բոլոր մարմինները այ այսպես անօրեն ենթարկվում են մարդամեկի պարանոիդ ֆանտազիաների սպասարկմանը։ Պետական անկախ մարմինները այս տարիներին կորցրել են անկախությունը, ինքնուրույնությունը, օգտագործվում են Նիկոլի քաղաքական հակառակորդներին դեմ։ Ոչ միայն Նիկոլի իշխանությունը լեգիտիմ չէ, այլև սրա օրոք՝ պետական անկախ մարմիններն են վարկաբեկվում անխնա։ Բոլորն աշխատում են արտակարգ իրավիճակում, պետական ճգնաժամի մեջ․ մինչ ե՞րբ՝ վստահ եմ՝ իրենք էլ չգիտեն, վստահ եմ՝ արդեն հոգնել են։
Սևակ Հակոբյան






