Արդեն պարզ է՝ հունիսի 7-ի ընտրությունները մտնելու են ՀՀ պատմության մեջ՝ որպես ամենակեղծվածը, ավելին, քան 1996-ի ընտրակեղծիքներն էին։ Երեկ հրապարակվեցին, վստահ եմ, Փաշինյանի սրտի՝ իբր վերջնական արդյունքները․ երեք ուժ է մտնում խորհրդարան՝ ՔՊ-ն, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները։ Երեկ տեղի ունեցածը խայտառակության եզրափակիչը չէր, այլ հերթականն էր։ Տեսել ենք նախկինում դեպքեր, երբ որևէ տեղամասում քվեների մի մասը դրվում է իշխող ուժի ձայների վրա։ Բայց ԲՀԿ-ի պարագայում այդպես արեցին բոլոր՝ 2005 տեղամասերում։ Այդ բոլոր 2 հազար տեղամասերի ձայները ՔՊ-ն ոնց ուզեց՝ գրեց իր վրա։ ՔՊ-ն, ըստ այդ որոշման, ստանալու է մանդատների 3/5-րդը, չնայած որ իրենը չեն։ ԿԸՀ-ն, որի նախագահը Փաշինյանի ընտանեկան թերթի նախկին աշխատողն էր, մինչ նշանակվելը՝ իր կուսակիցը, որոշեց, որ 3 տեղամասի ընտրողների ձայները այդքան էլ կարևոր չեն, կարելի է և չվերաքվեարկել։ Այսինքն՝ կոնկրետ այդ ընտրատեղամասերի քվեարկած մարդկանց, որոշեց ու զրկեց ընտրելու իրավունքից։ Դե էս մի անգամը չենք հաշվում, մյուս անգամ եկեք, տեսնենք, կորոշոնք։ Այ էս սկզբունքով են։ Դառնում է՝ դու ելնում-գնում ես քո ընտրությունը կատարում, հետո իշխող Նիկոլը, զանգում կամ ՍՄՍ է գրում, իր բազմամյա աշխատակցին, ասում է՝ չէ է, սրտովս չի արդյունքը, բեր դրանցը ջնջի ու թազա քվեարկություն-բան, թարգել տուր․ բա որ ուրիշ սյուրպրիզ լինի։ Չորով, ջնջին ու վերջ։
Հիշում եք, չէ՞, ինչ էր ասում․ «Ձեռքերս կկտրեմ, բայց քվեաթերթիկ չեմ կեղծի»։
Այդ մարդը ԲՀԿ-ի 58 հազար քվեաթերթիկները հեչ արեց, համարել տվեց փոշի ու փաստացի դրեց ՔՊ-ի վրա։ Նիկոլ Փաշինյանը այս ընթացքում բոլոր անկախ ինստիտուտների հերն անիծեց՝ ՔՊ-ականներին նշանակելով, հերթը ԿԸՀ-ին էր․ վաղը Սահմանադրական դատարանինն է։ Սա ընտրություն էր, որը կեղծվել է բոլոր փուլերում՝ նախապատրաստականից սկսած․ դեռ նոր էր հայտնի ընտրության օրը, արդեն Նիկոլը քարոզարշավ էր անում մարզերում, ընտրակաշառքներ էր բաժանում։
Քարոզարշավի ժամանակ անխնա օգտագործել է վարչական ողջ ռեսուրսը, պետական բոլոր կառույցները, հատկապես՝ կրթականը, դպրոց մանկապարտեզ, վեջը չէր, ինչ ուզեց՝ արեց։ Ընդդիմադիր հայացքներովներին աշխատանքից ազատում էին, քրգործեր հարուցում, շտաբերի վրա գրոհում, բերման ենթարկում, էլի քրեական գործեր, կալանքների որոշումներ, շտաբերի աշխատանքների պառալիզացում։ Հավասար պայմաննե՞ր, ինչ եք խոսում։ Էս մարդիկ դաղալության ամենից գրոտեսկայինը ցույց տվեցին։ Ընտրությունների օրը ևս այլանդակ բռնաճնշումներ էին ընդդիմադիրների նկատմամբ, ընտրողների ազատ կամարտահայտության խոչընդոտում, ուղղորդումներ, մանիպուլյացիաներ, ընթացիկ ու ողջ պետապարատը դրած էր շահագործման ՔՊ համար, կարծես իրենց հոր դուքանները լինեին, ինչ ուզեցին՝ արել տվեցին, ինչ պետք էր՝ ստիպեցին։ Էլ հակակոռուպցիոնը վրա-վրա ինչոր եսիմում ձայնագրություններ էր հրապարակում՝ հաղորդագրության մեջ պարտադիր նշելով «կաշառք» բառը, ու անպայման մի հակառակորդ քաղաքական ուժի անվանումը նշելով։ Կարո՞ղ էր ազդել սովորական քաղաքացու որոշման վրա․ իհարկե, կասեք։ Ինչ նպատակո՞վ էր դա արվում․ կարծում եմ՝ կասկած չկա։ Որովհետև վիճակները վիճակ չէր, էլ էն նախկին նախշունը չեն, ամբողջը ձախողած ուժ, երկիր հանձնած, զոհեր տված, խոստումները չկատարածները մնացել էին պետական մարմինների ահաբեկման ու մանիպուլյացիայի հույսին, բռնության, պետական միջոցների հաշվին կաշառելու հույսին․ բայց անգամ դա չօգնեց՝ չձգեցին այնքան, որ հերիքեր։ Այ դրա համար էլ, քվեարկությունից հետո, դեռ արդյունքների հաշվարկը չամփոփած, տեսանք, թե ինչպես Նիկոլը իրեն հռչակեց վարչապետ, որից հետո ձայների հաշվարկի գործընթացն ընթացավ խափանումներով, իսկ վերջում հրապարակվեց Նիկոլի սրտի ուզած ցուցանիշը։
Նորից ասեմ, այս բոլոր ընտրակեղծիքները չօգնեցին հաղթանակ տանել, անգամ՝ քվեների գողությունը։ Լևոն Քոչարյանն ասում է, որ ընդամենը 200 տեղամասի նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս ստորագրությունների թվից ավելի մոտ 25 000 ձայն։ Իսկ մենք ունենք 2 հազար տեղամաս․ պատկերացնո՞ւմ եք ինչ ահռելի թվի մասին կարող է խոսք լինել։ Այսինքն, կարող եմ, չէ՞, մտածել, որ եթե 200 տեղամասի վրա 25000 ավել ձայն են գրել, ուրեմն նույն տրամաբանությամբ, 2000 դեպքում դա կարող է լինել 250 հազար կեղծած ձայն։ Դե հիմա տեսեք՝ ոնց են ուզում այս ամենը լղոզել։
Կարդացի՝ Հակակոռուպցիոն կոմիտեն առաջարկում է ինչ-որ օրենքներ ընդունել, որով կարգելվեն ընտրական հանցագործությունների մասնակից քաղաքական ուժերին մասնակցել ընտրություններին։ Ալենն էլ հայտնում է, թե՝ ընտրակաշառք տալու և վերցնելու պատիժը կխստացվի։ Սրանք կարդալիս տպավորություն էի ստանում, թե ՔՊ-ն օրենք է ընդունելու ինքն իր դեմ։ Բայց նպատակը ակնհայտ է՝ այդ բոլոր խարդախություն արածները, անվանենք նրանց՝ գող, ասում են՝ «շուտ արե՛ք, բռնեք գողին»։
Կաշառքի անուն են, չէ՞, տալիս․ անդրադառնամ ահռելի ընտրակաշառքին, տրված՝ իրենց իսկ կողմից։ Ընտրությունից մեկ շաբաթ առաջ՝ մայիսի 27-ին, կառավարությունը որոշում է կայացնում, որ 50 հազար դրամ վճարելով՝ վարորդական իրավունքից զրկվածները կարող են վերականգնվել։ Տարբեր երկրներում՝ Սաուդյան Արաբիա, Էմիրաթներ, Հարավային Կորեա, Չինաստան, Հունգարիա և այլն, հարբած վարելու համար հասնում է ազատազրկում, վարորդական իրավունքից ցմահ զրկում, մեքենայի առգրավում և այլն։ Նիկոլն ընտրության օրվանից 10 օր առաջ, ելնում հայտարարում է՝ կվերականգնեմ, ինձ ընտրեք։ Էս ի՞նչ ա, կաշառք չի՞, իսկ ինքնիրավչությո՞ւն, լիազորությունների չարաշահո՞ւմ կամ այլ բան։ Երևի մի 5 քրգործի թեմա էր միայն էս դրվագը։
Անցնեմ առաջ։ Ընտրություններից 6 օր առաջ՝ հունիսի 1-ին, Նիկոլի կառավարությունը շրջանառության մեջ դրեց նախագիծ, որ 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները յուրաքանչյուր երեխայի հաշվով կստանան 4 միլիոն դրամ՝ հիփոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու համար։ Չէ, շատ լավ ա, բայց սա դու չէիր անելու, եթե ընտրություն չլիներ․ ինչո՞ւ եմ վստահ․ որովհետև բյուջեյով նախատեսված չէ, քո ծրագրի մաս չէ և այլն․ ուրեմն ուղիղ ընտրակաշառք է․ կարո՞ղ ենք այսպես մեկնաբանել, հարգելի հակակոռուպցիոն, սիրելի դատախազություն․․․ բա մեկը, իբր իր գործընկերոջ հետ հեռախոսով ամբաղ-զամբաղ խոսում է, ինչոր անուններ է տալիս մարդկանց, ում կյանքում չի տեսել, չէր էլ կարող տեսնել, ինչ-որ 10 հազար դրամներ են խոսում, միանգամից, թե բա՝ Տաշիր Սամոյի կաշառքներ են կիսում․ այ իմ սիրելի իրավապահներ, դրանք եսիմով են․ սա գործող, ավելին՝ արձակուրդում գտնվող վարչապետ ա, ասում ա, այ հանցանք կատարածներ, բերեք ձեզ ներեմ, 50 հազար կմուծեք՝ ջրեմ գնա։ Իրավունքը չունի տենց որոշում կայացնելու, բայց ասում ա, վարչապետի ախռանով, ավտոներով ու առհասարակ իր դեմքով, ուղիղ եթերի տակ, վրայից էլ էն իրա փոքր սուվենիրներն ա բաժանում, բոլորը երջանիկ են, սիրելի իրավապահներ․ զապիսները կան, մաքուր, չմոնտաժված, տեսազապիսներ են, թե չէ, էդ ի՞նչ իրար կպցրած եսիմինչեր էիք մեզ լսացնել տալիս, սաղ քարոզարշավի ժամանակ։
Քվեարկությունից 4 օր առաջ՝ հունիսի 3-ին, շրջանառեցին նախագիծ, թե ինչպես կարող են օրենքով սահմանված ժամկետից հետո կառուցված ինքնակամ կառույցները օրինականացվել։ Էդ ի՞նչ էր, էդ ու՞մ հաշվին, էդ ի՞նչ ծրագրով, ու՞մ որոշմամբ, ե՞րբվա որոշմամբ։
Ընտրություններից առաջ հայտարարեցին քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին։ Ի՜նչ ա ասում, է, բա տարվա սկզբից անեիր գոնե, մնացիք-մնացիք 6 ամիս ա՞նց անեիք։ Ո՞ւր ա դրա կետը ձեր ծրագրերում, թե չէ՝ ուղիղ կաշառք ա սա, պետբյուջեի հաշվին․․․ Ազդեցություն ընտրողի կամարտահայտման վրա։ Հունիսի 4-ին՝ ընտրություններից 3 օր առաջ, կառավարությունը հայտարարեց, որ Արցախից տեղահանված հազարավոր քաղաքացիների կազատի մի շարք վարկային պարտավորություններից: Բա մի րոպե, էդ մարդիք ձեր մեղքով արդեն 3 տարի ստեղ են, նոր հիշեցի՞ք, վախտին անեիք, ծրագրով անեիք՝ իմանայինք, եթե ընտրության օրվանից 3 օր շուտ ես անում, ուրեմն կաշառք ա, կամ խոստում ես տալիս, որի իրավունքը չունես, ձեր իսկ ընդունած օրենքով՝ կաշառք ա և լուրջ ազդեցություն ընտրողի կամարտահայտման վրա։
Հունիսի 4-ին՝ ընտրություններից 3 օր առաջ, կառավարությունը հայտարարեց ջերմատնային արտադրության լոլիկ, պղպեղ, ելակ, ծաղիկ արտահանողներին փոխհատուցում տրամադրել։ Լո՞ւրջ, իբր շտապելը ո՞րն էր, սպասեյիք, ընտրությունը անցներ, կփոխհատուցեիք, մեկ ա՝ դեռ մի ամիս էլ, ամեն դեպքում, իշխելու էիք։ Նայեք՝ մի օրվա մեջ քանի ընտրակաշառքի որոշում է եղել։ Այս որոշումների մի մասը Նիկոլը հենց կարդում էր բնակիչների հետ հանդիպումներում՝ քարոզարշավի ժամանակ։ Բյուջետային տարվա երկրորդ եռամսյակում թոշակի բարձրացումը, սիրելի իրավապահներ, սա ընտրակաշառքից բացի, ինչի ի՞նչ կարելի էր համարել։ Փաշինյանը գնում էր քարոզարշավի ու թոշակառուներին հարցնում՝ գոհ եք, դժգոհ եք, որ բարձրացրել եմ և այլն։ Եթե այդ հակակոռուպցիոն կոմիտեն իր առաջարկը վաղուց աներ, ՔՊ-ն, վստահաբար, ընտրություններին մասնակցելու իրավունք չէր ունենա։
Այս ամենը անելու համար այդ մարդն ունեցել է 8 տարի ժամանակ, բայց չի արել, բերել-հասցրել է ընտրություններից օրեր առաջ ու սկսել է կաշառել ժողովրդին։ Քարոզարշավի մեկնարկից օրեր առաջ՝ մայիսի 2-ին, մամուլը գրեց, որ Թալինի ՔՊ-ական համայնքապետ Տավրոս Սափեյանը 30-100 հազար դրամ օգնություն է բաժանել, փոխանցել է տարբեր քաղաքացիների հոսանքի, ջրի գումարը, դեղի փող տվել։ Դա արել է այն ժամանակ, երբ բարեգործության արգելքը սկսել էր գործել։ Խաբա՞ր եք ինչ եղավ այդ թեմայով․ ոչինչ, ո՛ չինչ։ Փաղերը բաժանել են, քվեն ստացել ու ուրախ զեկուցել շեֆին, սաղ լավ ա, մեզ են ձեն տալու։ Կա՞ ինչ-որ ձայնագրություն, բա գաղտնալսեք, տենանք թալինցիները ինչե՞ր են իրար մեջ խոսել, բա ինչու՞ տենց մի ձայնագրություն էլ այս թեմայով չկա։
Զինծառայության ժամկետի կրճատումը կես տարով, ըստ ձեզ, վա՞տ ընտրակաշառք էր։ Կարո՞ղ եք ասել՝ ընտրությանը մասնակից որևէ քաղաքական ուժ զինվորի ծնողին ի՞նչ ավելի մեծ կաշառք կարող է տալ, եթե ոչ՝ տղայի ծառայության ժամկետը կես տարով կրճատել։ Ընդ որում, նախապես որոշել էին անել 2026թ․ հուլիսին, բայց տեղափոխում են ընտրություններից առաջ։ Սա ի՞նչ է։
Անհուսալի վարկ ունեցող շուրջ 220 հազար անձանց ասացին՝ կարող եք մարել վարկը՝ եկամտահարկի վերադարձով։ Ի՞նչ եք կարծում, ընտրակաշառք չէ՞ր։
Ընտրություններից առաջ կայացած որոշում հլը տեսեք․ տաքսիստների 1 մլրդ 342,2 մլն դրամի պարտքը ներելու մասին, էս ի՞նչ է, ընտրակաշառք չէ՞։ Այդ պարտքը կուտակվել էր մինչև 2019 թիվը, 6 տարի ուներ չեղարկելու, բայց թողեց վերջին օրը։ Եթե հակակոռուպցիոնն ուզում է ընտրակաշառքի ծավալ որոշել, այս ամենը թող դիտարկի՝ հասկանանք, Նիկոլի կառավարությունը, մեր միջոցներից, որքա՞ն է բաժանել ընտրողին, մեկ մլրդ դոլա՞ր, 2 մլրդ թե՞ ավելի շատ։ Այ էդ ժամանակ հասկանանք մենք էլ, գուցե առաջինը հենց ՔՊ պետք է հանել ընտրական պրոցեսներից ու արգելել առհասարակ զբաղվել քաղաքականությամբ։ Թող առաջինը սա հետաքննեն ու այո, արգելեն ընտրակաշառք բաժանողների մասնակցությունը ընտրություններին։ Թե չէ, դրել եք ինչ-որ մարդկանց խոսակցություններ եք տարածում, պարտադիր որ մեջը ընդդիմադիրի անուն լինի ու հա, ցանկալի է ինչ-որ բան էլ Ռուսաստանի հետ կապված, որ Փաշինյանի սաղ ֆանտազիաները էս մանիպուլացվող ժողովրդի մոտ ամբողջանան։
Կարճ ասած՝ Հայաստանում այս իրավիճակն աննախադեպ է, կեղծիքների նման մեծ բազա՝ տարբեր ուղղություններով, երբեք չի եղել ու աշխարհի հետազոտողների համար էլ է սա ուսումնասիրման առարկա, թե ինչպես կարելի է ընտրություններ կազմակերպել-անցկացնել՝ ընտրախախտումների ողջ սպեկտորը վերցնելով։ Ես չգիտեմ՝ կա՞ մի ընտրախախտում, որ չի արվել։ Սա հենց հիբրիդային պատերազմ էր հայ ժողովրդի դեմ։ Ու ուշագրավը վերջն էր, որ այսքանից հետո այդ ուժը 50 տոկոս չհավաքեց։
Լավ, իսկ հետաքրքիր է, եթե այս ընտրակեղծիքների ամբողջ սպեկտրը չանեին, քանի՞ տոկոս ձայն կտանեին։ Եթե բոլոր ուժերի նման ընտրություններին մասնակցեին հավասար հնարավորություններով, խորհրդարան կմտնեի՞ն։ Չգիտեմ, թե որքան կդիմանա Նիկոլի իշխանությունը, բայց այն միանշանակ է որ ոչ լեգիտիմ է։ Կարծում եմ՝ այս ընտրություններն անվավեր պետք է ճանաչվեն՝ որպես երբևէ եղած ամենաայլանդակ ընտրությունները, նոր ընտրություններ լինեն՝ արգելելով ՔՊ-ին մասնակցել, առնվազն՝ իշխել այդ ընտրության կազմակերպման ժամանակ։
Սևակ Հակոբյան






