«Բարձրակարգ» դասալիքները․ ո՞ր ՔՊ-ականներն են բանակից թռել․ «Կարճ ասած»

7 Ապրիլի, 2026

 

ՔՊ-ն մարդկանց նախ բաժանում էր նախկինների ու ներկաների, հետո՝ սևերի ու սպիտակների, հետո՝ համբալների ու ինտելիգենտների, հիմա էլ՝ բարձրակարգների ու ցածրակարգների։ Հիշո՞ւմ եք 2018 թվականի լոզունգները․ կոկորդ էին պատռում, այլևս արտոնյալներ չեն լինելու, բոլորդ վարչապետ եք։ Եկեք շերտ առ շերտ քանդենք այս «հավասարության» կեղծիքը։ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասում է՝ իմ տղան չի ծառայել բանակում, որովհետև բարձրակարգ տղա է։ Սա չի ասել մի շարքային ուսապարկ, սա ասել է մարդ, որը պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահն է, բանակի բարեփոխիչը՝ ի պաշտոնե։ Հայտարարել է՝ «պետք է բանակում չծառայելն անհնար լինի, ծառայելը՝ պատվաբեր» ու իր որդուն ազատել է բանակից։ Անձամբ եմ հետաքննությունն արել․ Անդրանիկ Քոչարյանի որդին բուհ է ընդունվում և ստանում է բանակից տարկետում։ Հետո տարկետում է ստանում մագիստրատուրայի համար, ապա՝ ասպիրանտուրայի համար։ Ասպիրանտուրան ավարտվում է, պետք է պաշտպանի թեկնածուական ատենախոսություն, որ բանակ չգնա։ Ու այ քեզ զարմանք, մի հատ ստանում է բժշկական տարկետում ու բաց է թողնում զորակոչը․ հաջորդ զորակոչին էլ է ստանում տարկետում ու չի գնում բանակ․ ու այսպես բանակից խուսափում է այդ «բարձրակարգը»։ Անդրանիկ Քոչարյանի տրամաբանությամբ, իր տղան բարձրակարգ է, ինչի՞ գնար բանակ, հենա ցածրակարգերը գնում են, էլի։ Սա ՔՊ-ի մտածողությունն է, ժողովուրդ ջան։

Շարքային քաղաքացու ամենամեծ ցավը ոչ թե պարզապես փողի պակասն է, այլ անարդարությունը, երբ իր երեխան սահմանին է, իսկ իշխանավորինը՝ կաբինետում, երբ նախ ասում են դուք բոլորդ վարչապետ եք, հետո ասում են՝ չէ, մենք ենք բարձրակարգը, դուք՝ ցածր։ Գուցե սա՞ր էր պատերազմը չկանգնեցնելու պատճառը, որովհետև, ՔՊ-ի տրամաբանությամբ, պատերազմողները բարձրակարգ մարդիկ չէին։ Առողջապահության նախարարն ասում է, թե մեծ ցավ է ապրում Անդրանիկ Քոչարյանի անզգույշ արտահայտության համար։ Իսկ տիկին նախարարը ցավ ապրո՞ւմ էր, երբ տոպրակների մեջ էին լցրել հերոսների դիերը, լցրել պահեստում։ Իսկ տիկին Ավանեսյանը ցավ ապրո՞ւմ է, որ 18-ամյա Դավիթը իրենց թիմի ղեկավարի սադրանքի պատճառով վերակենդանացման բաժանմունքում է։ Ի դեպ՝ ինքը իրավաբան է, վստահ եմ՝ պարզ հասկանում է ինչն ինչոց է։ Ուղղակի երևի այնքան է ուրախացել ՔՊ ցուցակի եռյակում հայտնվելու համար, որ այս թեմայով ծպտուն չի հանում։

Սրանք անջատումը վաղուց են սկսել․ և սրանք միշտ են բանակը համարել պատժիչ հիմնարկ․ նույն Անդրանիկ Քոչարյանը չէ՞ր կոչ անում իշխանության դեմ ակցիա անողներին ուղարկել վարժական հավաքների կամ սահման։ Հիմա կարդում եմ շատ համառոտ ցանկ ՔՊ-ական պաշտոնյաների, որոնք չեն գնացել բանակ՝ երևի համարելով, որ բարձրակարգ են։ Պատգամավորներ Վաղարշակ Հակոբյան, Էդուարդ Աղաջանյան, Սարգիս Խանդանյան, Հայկ Կոնջորյան, Ռուստամ Բաքոյան, Ալեքսեյ Սանդիկով, Նարեկ Գրիգորյան, Կարեն Սարուխանյան, Բաբկեն Թունյան, Արմեն Խաչատրյան և այլն։ Չեն ծառայել նախարարներ Գևորգ Պապոյանը, Արարատ Միրզոյանը, Մխիթար Հայրապետյանը, Շրջակա Համբարձում Մաթևոսյանը, նրան նախորդած Հակոբ Սիմիդյանը և այլն։ Չեն ծառայել մարզպետներ Դավիթ Առուշանյանը, Արեն Մկրտչյանը, Սերգեյ Մովսիսյանը և այլն․ ամեն ոլորտից մի քանի հոգու անուն տամ, բոլորին թվարկելու ժամանակ չկա։ Չեն ծառայել ԱՄՆ-ում դեսպան Նարեկ Մկրտչյանը, Իսպանիայում դեսպան Սոս Ավետիսյանը, Գերմանիայում դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և մի շարք այլ դեսպաններ։ Չի ծառայել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, չի ծառայել Նիկոլ Փաշինյանը, նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, օրերս ՍԴ դատավոր նշանակված Վլադիմիր Վարդանյանը և այլն, և այլն։ Մենակ Անդրանիկ Քոչարյանը չէ, որ որդուն ազատել է բանակից, այդպես են արել ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը՝ երկու որդիներին ազատելով, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ևս՝ երկու որդիներին ազատելով։ Հլը Անդրանիկ Քոչարյանը մեկին է ազատել: Մինչ այս գիտեինք, որ այս բոլորը չեն ծառայել կրթական հիմքով կամ հիվանդության բերումով կամ երակները փրթելով․ բայց պարզվում է՝ որովհետև իրենց համարել են բարձրակարգ։

Նաև այն «բարձրակարգները», որ չեն ծառայել բանակում, ՔՊ-ի օրոք դարձել են ՔՊ-ական խոշոր գործարարներ։ Ովքե՞ր են մասնակցում ու շահում պետական գնումները, հաճախ՝ մեկ անձից․ ՔՊ-ական պատգամավորների ընտանիքների անդամներ, նախարարների ընտանիքի անդամներ, ավագանիներ, նրանց ընտանիքի անդամներ, քաղաքապետերի բարեկամ, քեռի, քաղաքապետի կեսուր, ամուսին, սկեսրայր, եղբայրները։ Այս պահին կարող եմ տալ մոտավորապես 170 անուն, ժամանակը թույլ չի տալիս․ մի օր կանդրադառնամ անվանական, թե ինչպես են հեղափոխական ուսապարկերն ու ազգուտակը հանկարծ դարձել խոշոր ու արտոնյալ բիզնեսմեններ։

Մատը դրեք ցանկացած պետական հիմնարկի վրա, ՔՊ-ականների հարազատներն են, բարեկամները, ազգուտակը։ Դուք գումար եք ծախսել, կրթվել եք, դարձել մասնագետներ, բայց աշխատում եք ուրիշ ոլորտում, ուր պատահի, որովհետև թերի կրթություն ունեցող, իսկ շատ դեպքերում էլ բարձրագույն կրթություն չունեցող շատ ԱՊ-ականներ ու նրանց հարազատները լցվել են պետական կառավարման համակարգ, վարչապետից մինչև պատգամավոր ու ՊՈԱԿ-ի պետ։ Արդեն ՔՊ-ական իշխանությունը պահանջում է իր ԽԾԲ-ին տեղավորել տարբեր խոշոր մասնավոր հիմնարկներում՝ ՀԷՑ, հանքեր և այլն։ ԽԾԲ համակարգը հասցրել են կատարելության, ու այստեղ էնքան անուններ կան, որ վստահեցնում եմ՝ 10 հաղորդում էլ կարդամ՝ վերջ չունի։ Նախարարությունում ու ՊՈԱԿ-ում ժողով են անում, նայում ես նույն ընտանիքի անդամներ ու բարեկամներ են նստած։

Եվ քանի որ արտոնյալ են, բարձրակարգ են, ուրեմն պետք է և վարձատրվեն արտոնյալ․ նայեք ՔՊ-ականների պարգևավճարները․ շարքային աշխատողը, որ ստանում է 150 հազար դրամ աշխատավարձ, ստացել է 30 հազար դրամ պարգևավճար, իսկ նախարարը, որ ստանում է 1,5 մլն աշխատավարձ, ստացել է 9 մլն պարգևավճար․ մի քանի օր առաջ հրապարակեցին գլխավոր քարտուղարներին բաժանած միլիոնները։ Բա պե՞տք է նաև ստացած փողով երևա, որ իրենք բարձրակարգ են։ Ու ՔՊ-ն գուցե մտածի՝ այս ամենի համար եթե ժողովուրդը վատ չի զգում, Անդրանիկ Քոչարյանի անկեղծ պոռթկումից ինչո՞ւ է վատ զգում։

Ձեզ ասեմ, որ ՔՊ-ականներն ու նրանց հարազատները նաև հանցավորության մեջ են բարձրակարգ. հլը մի հատ նայեք ինչքան հանցագործություններ կան, որոնց խառն են ՔՊ-ական պաշտոնյաները՝ թաղապետից մինչև պատգամավոր ու վարչապետ, նրանց հարազատ-բարեկամ-ընկերները ու վրա չհասնող պատիժը։ Ու կտեսնեք, որ այդտեղ էլ են արտոնյալ։

Կարճ ասած՝ սրանք եկան «ժողովրդի ծառայի» համեստ դիմակով, բայց զարմանալի արագությամբ ու չտեսնված ցինիզմով ստեղծեցին գերարտոնյալ, ժողովրդին նվաստացնող, պետական բյուջեն լափող, իրենց բացառիկ համարող, մեր նորագույն պատմության ամենացինիկ արտոնյալ կաստան։ Այսօր Հայաստանում հավասարություն կա միայն մի հարցում՝ ժողովուրդը հավասարապես տուժում է այս «բարձրակարգերի» կայացրած որոշումներից ու վճարում նրանց ճոխ կյանքի գինը, փակում ապաշնորհ կառավարման պարտքերն ու ապրում տագնապով։

Ժողովուրդ ջան, սա, ի դեպ, մեր արտաքին ձախողումների, սահմանային զիջումների, մեզ հասած ոզղբերգությունների գլխավոր պատճառներից է։ Պետությունն անպաշտպան է ու զիջողական, որովհետև իշխանության ողջ էներգիան գնում է այսպիսի բաների վրա:

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչացնել․ «Հրապարակ»

Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչացնել․ «Հրապարակ»

Շուրջ մեկ տարվա պաշտոնավարումից հետո երեկ Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանն անակնկալ հայտարարեց իր հրաժարականի մասին։ «Երկար մտորումներից, քննարկումներից եւ վերջին օրերի խորհրդակցություններից հետո որոշում եմ կայացրել հրաժարվել Արցախի Հանրապետության Ազգային...

Շրջակա միջավայրի նոր նախարարի հայտարարագրերը. ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»

Շրջակա միջավայրի նոր նախարարի հայտարարագրերը. ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի՝ տարբեր տարիներին ներկայացրած հայտարարագրերը՝ հասկանալու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և պարտավորություններ է ունեցել պաշտոնյան պետական...

«Ստուկաչների ինստիտուտ» է ձևավորվել․ «Հրապարակ»

«Ստուկաչների ինստիտուտ» է ձևավորվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ ՊՆ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ 2022 թվականից հետո պաշտպանական գերատեսչությունում, այսպես կոչված, «ստուկաչների ինստիտուտ» է ձեւավորվել։ Ամեն զորամասում նախարար Պապիկյանը նշանակել է մեկ հոգու, որը եղել է իր աչքն ու ականջը: Այդ անձը պետք է...

Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»

Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Մոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտյանուն հայտարարել է հրաժարականի մասին՝ նշելով, որ այլևս չի կարող պահպանել իր սկզբունքներն ու համոզմունքները։ Այս որոշման նախապատմությունն ունի հստակ սոցիալ-տնտեսական և քաղաքական հիմքեր։ Մոլդովան տնտեսական...

Պաշտոնանկություններ են սպասվում․ «Հրապարակ»

Պաշտոնանկություններ են սպասվում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Խորհրդարանական ընտրություններից հետո իշխանական վերնախավի «չիստկան», ըստ որոշ տեղեկությունների, չի շրջանցի նաեւ Երեւանի վարչական շրջանները։ Առաջիկայում փոփոխություններ են սպասվում նաեւ վարչական ղեկավարների շրջանում: Մեր աղբյուրը չի բացառում,...