Ասում են՝ ախորժակն ուտելիս է բացվում։ Բայց մեր դառը իրականության մեջ իշխանության ախորժակը բացվեց այն ժամանակ, երբ նա անպատիժ, առանց խեղդվելու մարսեց այն ողբերգությունները, որ բերեց մեր գլխին։ 2021թ․ քարոզարշավին նա բեմ բարձրացավ ու ներողություն խնդրեց պատերազմի զոհերի ու գերիների համար։ Հայ ազգը նրան չներեց ու չի ներում մինչև հիմա և սրանից հետո էլ․ ցավոք, չներողները նստեցին տանը, իսկ նրան ներած շուրջ 700 հազարը գնաց ընտրատեղամաս ու ներեց քվեաթերթիկով։ 2021-ից հետո նա էլ ավելի վատ բաներ արեց ու մարսեց։ Ամեն անգամ մի թրքասիրություն արել է՝ սեփական կամքով, դրսից ցուցումով, պահանջով, կոմպրոմատով, թե այլ ձևով ու ասել է՝ եթե դեմ եք՝ հեղափոխություն արեք, եթե չեք անում, ուրեմն համաձայն եք։
Այս արհավիրքի ժամանակագրությունը հիշում եք, Ժողովուրդ ջան, եկեք մի պահ ևս սթափ նայենք․ 5 հազար լուսավոր տղերքի զոհ տվեց, մի հատ չոր «կներեք» ասաց ու… մարսեց։ Արցախը հանձնեց թշնամուն, հայաթափեց, լվաց ձեռքերն ու մարսեց։ Հայաստանից հանձնեց 200 քառակուսի կիլոմետրից ավելի տարածք ու մարսեց։ Ամեն հանձնման հետ միասին բերել է հարձակումներ, զոհեր, անհետ կորածներ, վիրավորներ ու մարսել է։ Ասաց գերիները կներեն մեզ Բաքվի բանտերում մի երկու ամիս մնալու համար․ մինչ հիմա գերի ունենք, ու մարսել է։ Բերեց բռնագաղթ ու հայրենազրկում, ու մարսեց։ Անկլավների անվան տակ երկրի տարածքները զիջեց ու մարսեց։
Ցեղասպանությունը ուրացավ ու մարսեց։ Փաստացի՝ այսօր այն այլևս ՀՀ օրակարգում չկա։ Ասում է՝ ինչ իրավունք ունի Ցեղասպանության թանգարանը օտարերկրյա հյուրին Արցախի մասին գիրք նվիրի։ Բա ցեղասպանության թանգարանը հո «Չիպոլինոյի արկածները» չէր նվիրելու։ Ոչ մի խոստում չկատարեց ու մարսեց, ժողովրդին ասաց հարիֆ եք, 10 հազար տամ՝ չեք կարողանա ծախսել ու մարսեց, բյուջեն մսխեց՝ մարսեց, 8 մլրդ դոլար պարտք կուտակեց ու մարսեց, մի քանի հարյուր միլիոն դոլար պարգևավճար բաժանեց իրենց մեջ ու մարսեց, ձեզ ասաց թամբալ եք ու մարսեց, ասաց համբալ եք ու մարսեց։ Երբ Ավինյանի հայրն ասում է համբալ եք ու մնում է պաշտոնի, ուրեմն Նիկոլն է ասել։
Ու հիմա նա ուզում է այս ընտրություններով հնարավորություն տաք ևս մեկ անգամ մարսել այն ահռելի աղետը, որ բերել է պետության ու ժողովրդի գլխին, և նրանք, որ դեռ բերելու է։ Եթե այս մարդը նորից ընտրվի, է՞լ ինչ աղետներ է բերելու մեր գլխին։ Է՞լ ինչն ենք պատրաստ ներել, թողնել մարսի։ Եթե այսօր Արցախի մասին գիրքն է համարում սադրիչ, ուրեմն մի օր վառելու են Արցախի, Ցեղասպանության մասին գրքերը, ում տանը գտնեն՝ բանտարկելու են, եթե այսպես գնա։ Վաղը սադրիչ է համարելու հայկական ամեն ինչ։ Հայ եք, ուրեմն արդեն սադրիչ եք։ Հանձնարարականը էդպիսին է։ Եկեղեցու դեմ պայքարում է Արցախ բառն ասելու համար, ուրեմն եկեղեցիներին վաղը վախենամ սպասելու է այն նույն ճակատագիրը, ինչ Արցախի ու Ադրբեջանի հայկական եկեղեցիներին։ Եթե սրանց օգնությամբ Շուշիի սուրբ Ղազանչեցոցի խաչը հանեցին, վաղը նույնը չի՞ սպառնալու Մայր Աթոռին։ 5 հազար հուշարձան հանձնողին ի՞նչն է խանգարում 25 հազար հուշարձան էլ հանձնել, 5 հազար զոհ տվածին ի՞նչն է խանգարում, որ 20 հազարին էլ զոհ տալ։ Մարդը, ով մարսել է Արցախի կորուստն ու պետության քանդումը, չի խղճալու ո՛չ ձեզ, ո՛չ ձեր երեխաներին։
Վաղը ընտրվեց՝ մարսելու է նաև Հայաստանն ադրբեջանցիներով վերաբնակեցնելը, Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» դարձնելը, որը սպառնում է մեզ։ Հայաստանի լիքը բնակավայրերում բնակվել են ադրբեջանցիներ մինչ անկախությունը։ Եթե Փաշինյանն ընտրվեց, նշանակում է՝ վաղը ռեմոնտ եք անելու ձեր տները ու կոկիկ-սիրուն հանձնեք ադրբեջանցիներին, ինչպես որ արեցին Աղավնոյի, Սուսի բնակիչները։ Որովհետև սրա քաղաքականությունը հենց դրա մասին է՝ ադրբեջանցիների բերել Հայաստան։ Եթե նա մարսի իր արածները՝ դա՛ է մեզ սպասում։ Որովհետև Փաշինյանն այլևս «Արևմտյան Ադրբեջան» թեզի կրողն է։
Հենց ընտրվեց, փոխելու է Սահմանադրությունը։ Այս ամենը պատրա՞ստ եք ներել։ Ադրբեջանցիները գալը ներել, Հայաստանը միջանցք դարձնելը ներել, եկեղեցու քանդումը ներել, հավատը փոխելը ներել։ Սա եթե նախընտրական քարոզարշավի է գնում այ էսքան հանդուգն, բան վաղը որ ընտրվեց, ի՞նչ կանի՝ հիմնավորելով ձեր տված մանդատը։
Ժողովուրդ ջան, այս ամենի հետևում, վստահաբար, պայմանավորվածություններն են, բանավոր ու գրավոր համաձայնություններն են։ Պատկերացրեք՝ թուրքերն ու ադրբեջանցիները որքան վստահ են իրենց պլանների մեջ, որ ընտրություններից առաջ այսքան բաց են խաղում։ Ընտրություններից առաջ նրանց ցուցումով, հանձնարարականով, պարտադրանքով, գուցե սեփական համոզմամբ Փաշինյանը հարձակվում է եկեղեցու վրա՝ իմանալով, որ իրենից փախչելու է հայ ընտրողը։ Սա ամեն ինչ է անում մեր թշնամիների շահերով և ուրեմն՝ նաև ցուցումներով։
Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Ադրբեջանի հետ խաղաղություն է այլևս, բայց հիմա ինքն է պատերազմում հայ ժողովրդի դեմ։ Այսօր կարդացի՝ Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման միջազգային ինստիտուտը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը դադարեցնել հայերի դեմ իր անմարդկային հռետորաբանությունը։ Լեմկինի ինստիտուտտը պետք է Ալիևից առաջ էդ կոչը Փաշինյանին հղի։
Կարճ ասած՝ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի հետևից գնացած որևէ մեկը կմտածե՞ր, որ այստեղ ենք հասնելու։ Հիշում ե՞ք, ժողովուրդ, ձեր խոսույթը՝ «տեսնենք լավ չի աշխատում, էլի հեղափոխություն կանենք», «ոնց բերել ենք, նենց կհանենք»։ Տեսել եք, որ ոչ միայն լավ չի աշխատում, այլ աշխատում է թշնամու օգտին, նրա անունից։
Բերել եք, հանեք։ Ոնց բերել եք, հիմա արդեն էդպես հանելու կարիք չկա, 2020-2024 թվականի շարժումների ժամանակ կար, հիմա չկա դրա կարիքը․ 3 ամսից էլ պակաս ժամանակ է մնացել ընտրություններին, ուրեմն հանեք ընտրատեղամաս գնալով։
Բաժանվեք Նիկոլից, ժողովուրդ։ Դուք էն ազգն ե՞ք, որի հետ էսպես պետք է վարվեր։ Իրեն վստահածներին եմ ասում, խաբվածներին եմ ասում, հիասթափվածներին եմ ասում․ տանը չնստեք, Փաշինյանի, Էրդողանի, Ալիևի, Սաֆարովների պատասխանը պետք է տաք ընտրատեղամասում։
Այլապես վաղը մե՛նք ենք մնալու անհայրենիք, իսկ նա հերթական անգամ ամեն ինչ մարսելու է։
Սևակ Հակոբյան






