Քրեական վարույթ է նախաձեռնվել ֆինանսների նախարարի նկատմամբ. Factor.am

26 Հունիսի, 2025

Factor TV-ի հրապարակումներից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը 2025-ի մայիսի 15-ին քրեական վարույթ է նախաձեռնել Վահե Հովհաննիսյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը)։ Factor TV-ն ուսումնասիրությամբ արձանագրել է նախարարի կողմից ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու առնվազն 2 դրվագ․ նախ բացահայտել էինք, որ Հովհաննիսյանը 2019 թ-ին հիմնադրել է «Վարդենի» ՍՊԸ-ն, իսկ 2021 թ-ին, ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնելուց առաջ, դրա 100% բաժնեմասը գրանցել է իր ընկերոջ՝ Գրիգոր Խաչինյանի անունով։ Այս մասին գրում է Factor.am-ը:

«Վարդենի» ՍՊԸ-ն Հրազդանում շահագործում է հյուրատուն, որը տեղակայված է Վահե Հովհաննիսյանին պատկանող ամառանոցում։ Հովհաննիսյանը խոստովանել է, որ ամառանոցը վարձակալությամբ է հանձնել «Վարդենի» ՍՊԸ-ին, սակայն դրանից ստացվող եկամուտ նշել է միայն մեր հրապարակումներից հետո 2025 թվականին իր ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրում։ Ընդ որում՝ ՀՀ ֆինանսների նախարարությունն այդ հյուրատանը պարբերաբար միջոցառումներ է կազմակերպում․ օրինակ՝ 2024-ին առանց մրցույթի 1 մլն դրամ է վճարել իր աշխատակիցների համար թիմակառուցողության (teambuilding) խաղ-վարժանքների կազմակերպման և անցկացման նպատակով։

Մեկ այլ հրապարակմամբ՝ «Ո՞ւր է անհետացել Վահե Հովհաննիսյանի 1 մլն դոլար պարտքը․ նախարարի հայտարարագիրը թերի է», անդրադարձել էինք նախարարի ստացած 1 մլն դոլար անտոկոս փոխառությանը, որը, սակայն, 2023 թ-ին «անհետացել» էր։ Ընդ որում՝ նախարարը հայտարարագրում որևէ կերպ չէր ներկայացրել, թե ինչպես է մարել այդ 1 մլն դոլար պարտքը։

Այս հրապարակման մեջ ներկայացված փաստերի հիման վրա ՀՀ դատախազությունը հանձնարարել էր Հակակոռուպցիոն կոմիտեին իրականացնել ստուգում «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։

Մեր հրապարակումների հետքերով և Հովհաննիսյանի հայտարարագրերում առկա անհամապատասխանությունների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությանը դիմել էին մի խումբ փաստաբաններ՝ Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկ պարունակող արարքների առնչությամբ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով: Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն հրաժարվել է քրեական վարույթ նախաձեռնել, հակակոռուպցիոն դատարանն իրենց բողոքները մերժել է, սակայն ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն ապրիլի 3-ին բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի որոշումը և կայացրել դրան փոխարինող դատական ակտ, այն է՝ վարույթի հանրային մասնակցի վրա դրել է քրեական վարույթ նախաձեռնելու պարտականություն: «Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը գտել է, որ «Ջի Կոդեր» ՍՊԸ-ի մասով ներկայացված հաղորդումը պատշաճ հաղորդում է, նշելով նաև հետևյալը՝ – «ըստ «Ջի Կոդեր» ՍՊԸ-ի մասով ներկայացվածի՝ «ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնին նշանակվելու (պետական ծառայության անցնելու) օրը՝ 18.08.2021թ., Վահե Հովհաննիսյանը ստացել է 1,000,000 ԱՄՆ դոլար անտոկոս փոխառություն և 50,000 ԱՄՆ դոլար նվիրատվություն ու գնել «Կարիտաս Իտալիանա» ՓԲ ընկերության 100% բաժնետոմսերը (քանի որ ըստ կանոնադրության՝ Ալլա Ավոյանը եղել է «Կարիտաս»-ի տնօրենը ենթադրվում է, որ գնել է հենց դրա 100% բաժնետոմսը): Ըստ 2021թ. հայտարարագրի՝ «Կարիտաս Իտալիանա» ՓԲ ընկերության բաժնեմասը պատկանում է Վահե Հովհաննիսյանին: – 2022թ. հունվարի 10-ին «Կարիտաս Իտալիանա» ՓԲ ընկերությունը վերակազմակերպվել է, վերակազմակերպվելուց հետո ընկերությունը դարձել է «ՋԻ Կոդեր» ՍՊ ընկերություն:

Ընդ որում, Վահե Հովհաննիսյանի նույն տարվա հայտարարագրում նշված է, որ տարվա վերջում դեռ դրա բաժնետոմսը 1,050,000 դոլարի չափով մնացել է: 2023 հայտարարագրում այդ բաժնետոմսերն «անհետանում են»: – Ընկերությունը վերակազմակերպելուց հետո դրա 100% սեփականատեր է դարձել Ռուբիկ Արմենակի Կարապետյանը, որն ըստ երևույթին (հաստատապես չճշտված տվյալների համաձայն) Վահե Հովհաննիսյանի մորեղբայրն է»,- մեջբերել էր Զոհրաբյանը:

Այնուհետև դատախազությունը դիմել էր Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատ՝ բողոքարկելով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու պարտավորեցման մասին: Սակայն, ըստ երևույթին, անարդյունք և, ի վերջո, քրեական վարույթը նախաձեռնվել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր

ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի

ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի

Ազգային ժողովի աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետ Ռազմիկ Առաքելյանի նկատմամբ կանցկացվի ծառայողական քննություն։ Այս մասին նշված է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի նոյեմբերի 6-ի կարգադրության մեջ։ Ծառայողական քննության նպատակն է պարզաբանել Առաքելյանի...

Ադրբեջանն իր սահմանադրությամբ Հայաստանի մեծ մասը ճանաչում է որպես իր տարածքի մաս. Զարոկյան

Ադրբեջանն իր սահմանադրությամբ Հայաստանի մեծ մասը ճանաչում է որպես իր տարածքի մաս. Զարոկյան

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զարոկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանն իր սահմանադրությամբ Հայաստանի մեծ մասը ճանաչում է որպես իր տարածքի մաս: Անգործունակ ղեկավարները, որոնք կեղծում են ընտրությունները, երբեք չեն կարող ցանկացած երկրի համար բանակցել...

ԹՐԻՓՓ-ի շրջանակում տարածաշրջանային նոր պայմանավորվածությունների շուրջ գործընթացը մտնում է գործնական փուլ․ ԱԳՄԱՆ

ԹՐԻՓՓ-ի շրջանակում տարածաշրջանային նոր պայմանավորվածությունների շուրջ գործընթացը մտնում է գործնական փուլ․ ԱԳՄԱՆ

Այսօր ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրենդան Հանրահանը, Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովն հայտարարել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային...

Թրամփը  Իրանին հասցված նոր հարվածների մասին  է հայտարարել

Թրամփը Իրանին հասցված նոր հարվածների մասին է հայտարարել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 6-ին հայտարարել է, որ ամերիկյան զինվորականները նոր սահմանափակ հարվածներ են հասցրել Իրանին՝ ոչնչացնելով Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզու զենիթային կայանքը, հաղորդում է ABC News-ը։ «Ես չեմ ուզում այդ մասին խոսել։ Մենք փոքր, բայց...

Վերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համար

Վերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Վրաստանում ժամանակավորապես սահմանափակվել է տրանսպորտի երթևեկությունը  Լարս միջազգային նշանակության ճանապարհի վրա։ Ինչպես հայտնում է Վրաստանի...