Պետական պարտքը հունիսի 30-ի դրությամբ կազմել է 5 տրիլիոն 116 մլրդ դրամ, դոլարով՝ 13 մլրդ 900 մլն։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Պետական պարտքը դրամային արտահայտությամբ նվազել է առաջին կիսամյակի ընթացքում 3,5%-ով, իսկ ԱՄՆ դոլարով գրեթե անփոփոխ է մնացել, սա պայմանավորված է փոխարժեքի փոփոխություններով, բայց ըստ էության նաև այն պատճառով, որ ունենալով ավելորդային բյուջե, մենք մի փոքր հետ ենք թողել պարտքի ներգրավվման մեր պլանը, իհարկե, թողարկումներ եղել են։ Ըստ այդմ պետական պարտքը հունիսի 30-ի դրությամբ կազմել է 5 միլիոն 116 միլիարդ դրամ՝ դեկտեմբերի 31-ի 5 տրիլիոն 303 միլիարդի համեմատությամբ։ Պետական պարտքը դոլարով արտահայտված կազմում է 13 միլիարդ 900 միլիոն դոլար, իսկ եթե խոսենք հիմնական ուղենիշների պահպանմանը, ապա ըստ էության ունենք բոլոր ուղենիշները։
Պարտքի կառավարման տեսանկյունից մենք կենտրոնացել ենք միջնաժամկետ պարտքի թողարկման վրա, որպեսզի կառավարենք նաև այն ծախսերը, որը մենք անում ենք պարտքի սպասարկման ուղղությամբ, այսինքն մենք չենք թողարկում պարտք հայկական գնով, որը շուկան առաջարկում է, և դա է պատճառը»,– նշել է նա։




