Ֆինանսների նախարարի մասով հարուցված վարույթը շուրջ 7 ամիս է՝ տեղից չի շարժվում. «Ժողովուրդ»

18 Հուլիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի վերաբերյալ դատարանի պարտադրանքով հարուցված քրեական վարույթով Հակակոռուպցիոն կոմիտեում էական առաջընթաց չկա։ Չնայած վարույթի հարուցումից անցել է շուրջ յոթ ամիս, նախարարը մինչ օրս որևէ դատավարական կարգավիճակ չունի։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վահե Հովհաննիսյանն ու նրա մերձավոր շրջապատի մի շարք անձինք հարցաքննվել են, սակայն դրանից հետո քննությունը փաստացի կանգ է առել․ նոր գործընթացներ չեն իրականացվում, և այն, ըստ էության, մնացել է անորոշ վիճակում։

Հիշեցնենք, որ դեռևս 2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի առերևույթ կոռուպցիոն գործարքների վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է հարուցել բացառապես դատարանի պարտադրանքով։

Վարույթի հիմքում փաստաբան Արա Զոհրաբյանի՝ նախաձեռնող խմբի անունից 2024 թվականի դեկտեմբերի 4-ին Գլխավոր դատախազություն ներկայացրած հանցագործության մասին հաղորդումն էր։ Սկզբնական փուլում իրավապահ մարմինները հրաժարվել էին վարույթ նախաձեռնել, սակայն փաստաբանը բողոքարկել էր այդ որոշումը, և դատարանը պարտավորեցրել էր հարուցել քրեական վարույթ։

Հաղորդման մեջ ներկայացված էին մի շարք հնարավոր կոռուպցիոն դրսևորումներ։

Առաջինը վերաբերում էր 2021 թվականին Վահե Հովհաննիսյանի կողմից հայտարարագրված 1 մլն ԱՄՆ դոլարի անտոկոս փոխառությանը և 50 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվությանը, որոնցից հետո նա 1 մլն 50 հազար ԱՄՆ դոլարով ձեռք էր բերել «Կարիտաս Իտալիանա» ՓԲԸ-ն։

Երկրորդ դրվագը վերաբերում էր «Ջի Կոդեր» ՍՊԸ-ին։ Ըստ հաղորդման՝ ընկերության վերակազմավորումից հետո բաժնեմասերը փոխանցվել էին նախարարի հարազատին, իսկ արդեն 2023 թվականին կառավարությունը նույն ընկերությանը տրամադրել էր 1,8 մլրդ դրամի ներմուծման մաքսատուրքի արտոնություն, որի արդյունքում ընկերությունը ազատվել էր շուրջ 118 մլն դրամ մաքսատուրք վճարելու պարտավորությունից։ Միաժամանակ, նույն ժամանակահատվածում Հովհաննիսյանը ընկերության նկատմամբ ունեցել էր 52 մլն 614 հազար դրամի փոխառության պահանջի իրավունք։

Երրորդ դրվագը վերաբերում էր նախարարին պատկանող հյուրատանը, որը, ըստ հաղորդման, առանց մրցութային ընթացակարգի վարձակալության էր տրամադրվել «Վարդենի» ՍՊԸ-ին։ Հենց այդ ընկերության միջոցով ֆինանսների նախարարության աշխատակիցների համար կազմակերպվել էին խաղ-վարժանքներ, որոնց դիմաց վճարվել էր մեկ միլիոն դրամից ավելի գումար։ Հատկանշական է, որ «Վարդենի» ՍՊԸ-ն 2019 թվականին հիմնադրել էր հենց Վահե Հովհաննիսյանը, ապա այն փոխանցել էր իր մտերիմներից մեկին։

Չորրորդ դրվագը վերաբերում էր նախարարի հայտարարագրերում առկա հնարավոր անհամապատասխանություններին։ Մասնավորապես, հաղորդման հեղինակները մատնանշել էին վերջին երեք տարիների հայտարարագրերում առկա էական շեղումները, այդ թվում՝ 2006 թվականի արտադրության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի 25 մլն դրամով վաճառքի վերաբերյալ տվյալները և այլ հանգամանքներ։

Այս ամենի ֆոնին բաց է մնում գլխավոր հարցը՝ արդյո՞ք Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի ղեկավարած կառույցը քննությունը կհասցնի իր տրամաբանական ավարտին, թե՞ վարույթը կսահմանափակվի արդեն իրականացված հարցաքննություններով և կհայտնվի այն գործերի շարքում, որոնք տարիներով մնում են առանց տեսանելի իրավական հանգուցալուծման»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 18․ 07․ 26

Նմանատիպ նյութեր

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ին անձրևները առանձին շրջաններում կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 23-ի...

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)՝ պահանջելով չեղարկել իրենց աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Այս մասին տեղեկությունները հայտնի են դառնում Datalex դատական տեղեկատվական...

«Որտե՞ղ են ռիսկերի գնահատումները»․ Արեգա Հովսեփյանը՝ ԱԳՆ եզրակացության մասին

«Քննարկվում է կարևոր հարց, իսկ մեզ ուղարկված ԱԳՆ եզրակացությունը ընդամենը մեկուկես էջ է կազմում։ Տեղեկանքը երեք պարբերությունից է բաղկացած։ Ընդ որում՝ եզրակացության մեջ, եթե չեմ սխալվում, մյուս գերատեսչությունների մոտեցումները գրեթե...

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

75 տարեկանում կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆեյսբուքյան...

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև Իրանի շուրջ...