Այսօր Երևանում մի քանի բողոքի ակցիաներ կային՝ բանկերի դեմ, Փաշինյանի կառավարման դեմ, գերիներին բերելու պահանջով, սոցիալական տարբեր խնդիրներով։ Անդրադառնամ երկուսին։ Վարդաշենի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչները բողոքի ցույց էին անում քաղաքապետարանի մոտ․ ասում էին՝ Ավինյանը 2023թ․ նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել է բնակարաններ տալ, ընտրել են, հետո մի կերպ դարձել է քաղաքապետ ու գցել։ Տիպիկ փաշինյանական վարագիծ։
Մի քանի օրից լրանում է 7 տարին, որ սրանք Գյումրուց քայլելով եկան Երևան, ու իշխանութունը տրվեց նրանց։ Այդ ընթացքում նաև այս մարդիկ իրենց քայլն արեցին՝ մասնակցելով ակցիաներին։ Նիկոլը վթարային շենքերում ապրողներին նոր բնակարան էր խոստանում, բնակարան չունեցողներին բնակարան էր խոստանում։ Մի գլուխ խոստանում էին։ Ասում էին չենք թալանի, էն փողը որ պետք է թալանեինք, դրանով ձեր սաղ հարցերը կլուծենք, հլը թալանն էլ հետ կբերենք, մյուս հարցերը կլուծենք։ Վթարային շենքի բնակիչը գնացել է Նիկոլի հետևից, որ ունենա բնակարան, չունի, էլ չեմ ասում, որ լիքը ունեցողներ էլ զրկվել են, մեկը չէ, երկուսը չէ, 150 հազար հոգի։ 2023-ին ասել են ընտրի Ավինյանին՝ կունենաս բնակարան, ընտրել է ու էլի չունի։ Իշխանությունը 7 տարում մեկ 1 շենք չի կարողացել սարքել-տալ իր քաղաքացուն․ հազարավոր շենքեր քանդել ու հանձնել է, 1 շենք չի սարքել։ Դա 7 տարում հնարավոր չի եղել, բայց 7 տարում հնարավոր է եղել, որ ՔՊ-ական չինովնիկներն իրենց համար առնեն շենքեր, բնակարաններ, առանձնատներ ու նույնիսկ դղյակներ։ Իշխանությունը քո մուծած հարկերով քեզ չի կարողացե մի հատ շենք սարքի, բայց քո մուծած հարկերով քո բերած սաղ սովածները դարձել են տանտեր։ Տիկին Ռիման էնքան է վթարային շենքի խոնավ նկուղում ապրել, որ հաշմանդամություն ունի արդեն․ մի քանի օրից լրանում է 7 տարին, որ տիկին Ռիմայի համար սրանք իշխանություն են ստացել։ Կասեն՝ թող նախկինում շենք տային․ չեն տվել, դրա համար էլ դուք հեղափոխություն եք արել, որ շենք տաք։ Բա տայիք։
Տուն պահանջողներին քաղաքապետարանը պատասխանում է, թե փող չկա, մեծ գումարներ են պետք, մայրաքաղաքի բյուջեն էդքան փող չունի։ Նախ՝ գումար չունեիք՝ չխոստանայիք, չասեիք՝ ասեք՝ կանենք։ Երբ քաղաքապետարանն ասում է գումար չունենք, աչքիս առաջ գալիս-գնում է ամանորյա 2 մլն դոլարանոց զարդարանքը։ Երբ քաղաքապետարանն ասում է գումար չունենք, աչքիս առաջով գալիս-անցնում է Տիգրան Ավինյանի՝ 20 հազար դոլարանոց չվերթը ԱՄՆ։ Նախորդ տարի ավտոկայանատեղիները թանկացնում էիք, ասացիք՝ փողի համար չենք անում, փողի կարիք չունենք, այլ՝ բեռնաթափման։ Փողի կարիք չունեիք, բայց մենակ կարմիր գծերից 5 մլն դոլարից ավելի գումար աշխատեցիք։ 5 մլն դոլարով հա՛մ Վարդաշենի էդ վթարայինի բնակիչների համար շենք կսարքեիք, համ էսօր բողոքի ակցիա անող զոհված ու վիրավոր զինծառայողների հարազատների, կողքից մի երկու հատ էլ կսարքեիք էն մարդկանց համար, որոնց անտուն եք թողել ձեր տարբեր որոշումների պատճառով։
Կրկնում եմ, հեսա լրանում է 7 տարին, որ սրանք իշխանության են եկել՝ վթարային շենքերի բնակիչների, սոցիալապես վատ վիճակում ապրողների, աղքատների համար դափոնով խստումներով։ Նիկոլ Փաշինյանը հազար անգամ ասել է, որ քաղաքացին գերագույն արժեք է․ հիմա էդ քաղաքացուն երբ իրենք թողնում են ապրել 4-րդ կարգի վարային շենքում, ուրեմն ասում է գերագույն արժեք ջան, ամեն օր վերջին հրաժեշտ տվեք իրար քնեք, որովհետև վաղը արդեն կարող է ձեր տան փլատակների վրա աշխատի ԱԻՆ-ը։ Ահա թե ոնց են վերաբերում մարդկային կյանքին։ Չնայած՝ նորություն չասացի, նայեք Եռաբլուրին, բոլոր գերեզմանոցներում դրոշներով շիրիմներին, կորոնավիրուսի և մյուս զոհերին ու հարցեր չեն առաջանա։ Հեղափոխության ժամանակ, նախընտրական քարոզարշավների ժամանակ թող ասեիք՝ չենք կարող ձեր խնդիրը լուծել, դրան վախտ չի գալու։ Բայց ասում էիք՝ սաղ կանենք, որն էլ չկարողանանք անել, մեկ է՝ կանենք։ Բա արեք։ Մի թալանեք՝ արեք։
Այսօր Փաշինյանի խոստումներից այլ խաբվածներ էլ էին ակցիա անում։ Երևանի Մուրացան 110 հասցեում ապրում են զոհված, հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով զինծառայողների ընտանիքներ։ Ապրեու տեղ չեն ունեցել, չեն ունեցել կերակրող, պաշտպանության նախարարությունը շատ տարիներ առաջ այս շենքը տվել է, ասել է՝ վերցրեք, ապրեք։ Մի ամիս առաջ Փաշինյանը որոշում է կայացրել շենքը հանել աճուրդի։ Ու որպեսզի շենքում ապրող բազմաթիվ ընտանիքներից ազատվեն, սկսել են ճնշումները՝ հոսանքն անջատում են, նեղում են, թե՝ մեր գործը չէ, ուր ուզում եք՝ գնացեք։ Էդ ընտանիքները ապրում են ծայրահեղ վատ պայմաներում, որովհետև ո՛չ գնալու տեղ ունեն, ո՛չ կյանքը փոխելու հնարավորություն ունեն։ Զոհված, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների հարազատներ են ապրում այնտեղ։ Մի կին, որն արցախյան առաջին պատերազմում կորցրել է ամուսնուն, 44-օրյա պատերազմում անհետ կորել է որդին, Փաշինյանը նաև զրկում է բնակարանից, ապրելու տեղից։ Դու՝ կառավարություն, պետք է ամեն ինչ անեիր, որ նա չունենա սոցիալական որևէ խնդիր, որովհետև ամենաթանկն է կորցրել քո բերած ու պարտված պատերազմում։ Բայց նրա սենյակն էլ ես ձեռքից խլում, ու պետգույքի կառավարման կոմիտեն պատասխանում է՝ շենքի աճուրդի գինը 400 մլն դրամ է, տվեք՝ առեք։
400 մլն դրամը 1 մլն դոլար է։ Պետությունը 1 մլն դոլար չունի՞, որ ինքը էդ շենքը գնի ու նվիրի էդտեղ ապրող մարդկանց, որոնց ընտանիքի անդամները հաշմանդամություն են ձեռք բերել, զոհվել են, անհետ կորել են հայրենիքի համար, Նիկոլի իշխանությունը պահելու համար, նրա համար, որ Նիկոլին չասեն դավաճան։ Պետությունը չունի՞ 1 մլն դոլար։ Փաշինյանի կառավարությունը 750 մլնի եվրոբոնդ է թողարկել, այսինքն՝ պարտք է վերցրել, ահավոր թանկ տոկոսով, պետական պարտքի համար 7 տոկոսը ահռելի թիվ է, բայց այդքան վերցրել է, որ դեֆիցիտ փակի։ Իսկ դա ի՞նչ է նշանակում․ նշանակում է՝ պարտք է վերցրել, որ ՔՊ-ականներին հավելավճար բաժանի, որ կարմիր բերետներին պարգևավճար բաժանի, որ Ալենը գնա Ստրասբուրգ, որ փող տա Նիկոլի աշխատողներին իր ու կնոջ փոդքաստը վարեն, որ փող տա ֆեյքերի ՊՈԱԿ-ին։ Պարտք է վերցրել, որ փող տա թուրքերին, ժուռնալիստների խմբով Հայաստան գան, հետ գնան ու Երևանը ներկայացնեն թուրական։ Պարտք է վերցրել, որ տա մի ռեփ երգչի ոչ մի բանի համար, պարտք է վերցրել, որ 25 մլն դոլար մսխեն միայն մեկ հիմնադրամով, իսկի իզն ու թոզը չերևա։ ՈՊարտք է վերցրել, որ քաղաքացին ապրի չքավորության մեջ, վթարային շենքում, դա էլ ձեռքից խլեն, բայց 23 մլն եվրոյով դեսպանատան շենք գնի Փարիզում։ Իսկի ֆրանսիացիները իրենց երրում 23 մլն եվրոյով շենք չեն առնում։ Էս սաղի համար փող ունեն, բայց փող չունեն տալու, որ 44-օրյա պատերազմում անհետ կորածի մայրը գլխին ծածկ ունենա։ Էն դեպքում, երբ նրանց ուսերի վրա եկավ իշխանության ու իրեն իշխանություն բերողների մի մասին դարձրեց զոհ, անհետ կորած, որդեկորույս ծնող, որբացած զավակ։
7 տարի առաջ այս օրերին սկսել են իրենց քայլարշավը ու եկել տիրացել են պետության ղեկին․ երեկ ըտանիքների լուսանկարներ են ուղարկել, որտեղ 3 երեխա դպրոց չի գնում, որովհետև փող չունեն․ թոշակառուն աղ է առել խանութից, ասում է պանրի փող չունեմ, աղը կցանեմ հացին կուտեմ։ Իր քվեով իշխանության եկած մինիստրը մեկ տարում նրա 20 տարվա թոշակն է ստանում։ Սիրելի թոշակառու, մինչև էն պահը, որ դու հանդուրժում ես, որ մինիստրը քեզանից 50 անգամ ավել փող ստանա, դու իրեն պետք չես լինելու։ Նա քեզանից 50 անգամ առաջ է ընկել, 50 անգամ լավ է ապրում, նա քեզ չի հասկանա։ Էդ մինիստրի իշխանության գալուց հետո քո վզին էլ 4000 դոլար վարկ է ավելացել։ Սոցապնախարարը գնում է Դոհա ու ելույթ ունենում «Հաղթահարելով աղքատության շրջափուլը» խորագրով պանելային քննարկմանը, ներկայացնում աղքատության հաղթահարման իր փորձը։ 7 տարի իշխանության եք, 1 տոկոսով աղքատությունը չեք նվազեցրել, ի՞նչ փորձ։ Ձեր հարստանալու փորձը ներկայացրու, ոչ պաշտոնապես 50 տոոս աղքատություն ունեցող երկրում ձեր 4 հազար դոլար աշխատավարձ ստանալու փորձը ներկայացրու։ Հիշում ե՞ք վերջին անգամ երբ են ձեր թոշակը բարձրացրել։ Դժվար հիշեք, շատ վաղուց էր դա։ Իսկ պաշտոնյաներին գիտե՞ք վերջին անգամ երբ են պարգևավճար տվել։ Դա մշտական գործընթաց է։
Կարճ ասած՝ 7 տարի առաջ էլ էին մեր երկրում բողոքի ցույցեր, հիմա էլ, ու հիմա բոլոր ցուցերը իրականում էն մարդու դեմ են, որը 2018-ի ակցիաների ու այլ աների արդյունքում եկավ իշխանության։ Էն ժամանակ Նիկոլ Փաշինյանն աղբամաններով փողոց էր փակում, հիմա աղբամանների վրա իր նկարներն են։
7 տարի երկիր են ղեկավարում, խոսում են հլը յոլա գնալու մասին։ Հարցին, թե՝ բա 7 տարի ինչո՞վ էիր զբաղված, պատասխանում է՝ իրական ու պատմական Հայաստանի փնտրտուքով․ զբաղված էր Ղարաբաղ հանձնելով։ 30 տարվա սարքածն էր քանդում։ Սա հենց իրական Հայաստանն է, սա ապագան է, որին ընտրել ես, ժողովուրդ ջան։
Սևակ Հակոբյան