Եկեք մի պահ միացնենք մեր երևակայությունն ու պատկերացնենք՝ ի՞նչ կլիներ, եթե Թուրքիայում ու Ադրբեջանում իշխանության գային Հայաստանի գործակալները։ Ի՞նչ քայլեր կանեին նրանք՝ հօգուտ մեզ և ի վնաս իրենց պետությունների։ Վստահաբար՝ կկազմաքանդեին իրենց բանակն ու անվտանգությունը։ Ադրբեջանցի «գործակալ ղեկավարը» կկանգներ ու կասեր. «Հայաստանի հետ հակամարտության էջը փակված է, Արցախը Հայաստան է և վերջ»։ Կբանտարկեր այն բոլոր ադրբեջանցի պաշտոնյաներին, գեներալներին, ովքեր պատերազմել են Հայաստանի դեմ, հետախուզվում են։ Կդադարեցներ զենք գնելը՝ ասելով, թե զենքը նյարդայնացնում է հայերին։ Հայաստանի գործակալ Թուրքիայի ղեկավարը կփակեր «Բայրաքթարների» գործարանները՝ հայտարարելով, թե դա խոչընդոտում է տարածաշրջանային խաղաղությանը։ Անշուշտ՝ կճանաչեր Հայոց ցեղասպանությունը և կփոխհատուցեր, կվերադարձներ մեր պատմական հայրենիքը։ Տարբեր երկրներում ապրող թուրքերի մուտքը Թուրքիա կարգելեր, ովքեր Հայաստանի դեմ քարոզչություն, ակցիաներ են արել։ Ադրբեջանում մեր դրածոն կհաներ իր զորքերը Արցախից, կասեր՝ դժգույն ու դժբախտ է, մեզ պետք չէ։ Կհայտարարեր, որ Ադրբեջանը ընդամենը 100 տարվա արհեստական ստեղծված պետություն է, իսկ Արցախն ու Նախիջևանը հայկական պատմական հողեր են։ Այդ երկու երկրներն էլ կփոխեին իրենց պատմության դասագրքերը։ Թուրքիան կասեր՝ «Եկեք հրաժարվենք մեր կայսերական ամբիցիաներից ու փոխենք մեր Սահմանադրությունը, որպեսզի հայերը չնեղանան»։ Նրանք կարշավեին իրենց իսկ կրոնի, իրենց ավանդույթների դեմ, որպեսզի ազգին դարձնեին անհիշողություն մի զանգված։ Որպեսզի նրանք մնային մենակ ու անպաշտպան, մեր գործակալները կկտրեին նրանց կապերը աշխարհի հետ։ Ադրբեջանը կթշնամանար Թուրքիայի և Պակիստանի հետ, լրիվ կմեկուսանար, որպեսզի հայկական բանակը ցանկացած պահի կարողանար մտնել ու անել ինչ ուզում է։
Ժողովուրդ ջան, աբսուրդ է թվում, չէ՞, գիտական ֆանտաստիկա է։ Շատ լավ հասկանում ենք, որ ո՛չ Թուրքիայում, ո՛չ էլ Ադրբեջանում ժողովուրդն ու պետական ինստիտուտները նման ղեկավարի չէին հանդուրժի անգամ մեկ ժամ։ Բայց մեր ողբերգությունն է, որ այս թվարկածս, որը մեզ համար ծիծաղելի կամ անհավանական է թվում թշնամու պարագայում, այս իշխանությունը արել և անում է մեր երկրի հետ։
Բաքվին ու Անկարային պետք էր ոչ թե Հայաստանի իշխանություն, այլ իրենց սեփական խոսնակները՝ հայկական անձնագրով, որ մեկ արդարացնեն հայկական հուշարձանների քանդումը, մեկ ժողովրդին վախեցնեն պատերազմով, մեկ հայկական կենսաչափական անձնագրերից խոսեն՝ բացառելով մեր ազգային սիմվոլները և այլն։ Թշնամու գծի անթերի սպասարկում։ Եթե թշնամին քասթինգ հայտարարեր Հայաստանը կործանելու լավագույն կառավարչի համար, ավելի լավին չէին ընտրի, քան Նիկոլն է։ Իդեալական գործիք են գտել։
Ադրբեջանը Ստեփանակերտում հայկական եկեղեցիներ է քանդել․ ՔՊ-ական Արսեն Թորոսյանն ասում է՝ «Ադրբեջանն իր ինքնիշխան տարածքում ինչ-որ բան է անում»։ Մեր եկեղեցին է քանդել, մեր պետության պաշտոնյան ասում է՝ իր տարածքում է, մե՞զ ինչ։ Սա ուղիղ մեղսակցություն է։ Ո՞նց է հիմնավորում։ Ասում է՝ երբ ուզում ես հարաբերությունները նորմալացնել հարևաններիդ հետ, ուրեմն պետք է չարձագանքես: Ու դա համարում է իմաստնություն։ Եթե Ադրբեջանը հայկական եկեղեցին քանդում է, ուրեմն ոչ թե խաղաղություն կա, այ՝լ թշնամանք, պատերազմ։ Մշակութային ժառանգության ոչնչացումը հենց քաղաքական ուղերձ է։ Եթե քանդում են քո եկեղեցին, հենց դա արդեն թշնամական դրսևորում է։
Լավ, սրանք է՞լ ինչ են ստիպելու ժողովուրդը կուլ տա, հանուն այդ չկարգավցորվող հարաբերությունների․ 200 քառակուսի կիլոմետր օկուպացրել են, հետ չեն ուզում, որ հարաբերությունները չփչանան։ 300 հազար ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու ծրագրին դեմ չեն խոսում, որ չեղած հարաբերությունները չփչանան։ Իրենց վերաբերյալ վիրավորանքներին չեն արձագանքում, որ չփչացնեն հարաբերությունները։ Վարդենիսում ու Ջերմուկում 2025-ին դիրքեր է թշնամին զբաղեցրել, չտեսնելու են տալիս, որ թշնամին չնեղանա։ Լրագրողը հարցնում է՝ դուք ասում եք խաղաղություն է, բա ո՞նց են դիրքեր դրել, Փաշինյանը պատասխանում է՝ բա պատերազմ է, տեղյակ չե՞մ, կոնֆլիկտ կա՞, էսկալացիա կա՞, զոհեր կա՞ն։ Այսինքն՝ քանի դեռ թշնամին Հայաստանի նվաճումն անում է առանց կրակոցի, ուրեմն խաղաղությո՞ւն է։ Վաղը այ էդպես չկրակելով, խաղաղ, հանգիստ գալու են մտնեն մեր տները։ Ինչպես հիմա առանց կրակելու վերցնում են, ինչպես առանց կրակելու Սև լճի կեսը վերցրին, այդպես էլ առանց կրակելու գալու են մեր երկիրը սարքեն Արևմտյան Ադրբեջան։
Կարդում եմ՝ հիմա էլ իսպանական «Գերնիկա» խաղաղության և հաշտեցման մրցանակն է շնորհվել Փաշինյան-Ալիև զույգին։ Սրան պետք էր շնորհել հնազանդության մրցանակ։ Բացառիկ հնազանդություն՝ թշնամու կամքին։ Սրանց պատկերացրած խաղաղությունը դա է՝ չմերժենք, չհակաճառենք, չընդդիմանանք, չքննադատենք, կզենք, որ պատերազմ չլինի։
Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությանը պետք է չհետաքրքրեն հայկական հուշարձանները, անկախ նրանից, թե աշխարհի որ անկյունում են։ 2015 թվականին Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը պայթեցրեց Սիրիայի պատմական Պալմիրա քաղաքը՝ ոչնչացնելով հին տաճարներ։ Ամբողջ աշխարհը արձագանքեց։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն դա անվանեց «մշակութային ցեղասպանություն», և սկսվեցին միջազգային ծրագրեր՝ ժառանգության վերականգնման համար։ Աֆղանստանում 2001 թվականին «Թալիբան»-ը ոչնչացրեց Բամիանի բուդդայական արձանները։ Սա դարձավ մեծ սկանդալ։ Մեր պարագայում արձագանք չկա, որովհետև Հայաստանի իշխանությունն ինքն է ձեռքերը լվացել։ Պետությունները երբ չեն վերահսկում տարածքը, միևնույն է՝ չեն լռում։ Չեն հրաժարվում իրենց մշակույթից։ Չեն ասում՝ «դա այլ երկրի ներսում է, թող անեն ինչ ուզում են»։ Էլ չեմ ասում, որ դա հենց մեր հողի մեջ է գտնվում։
Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, է՞լ ինչ պետք է անի այս իշխանությունը, որ հասկանանք՝ ում կողմից են ներդրված: Ու այնքան բացահայտ, ինքնավստահ, որ անգամ ընտրությունների նախաշեմին չեն շեղվում կուրսից։ ՔՊ-ին ընտրել՝ նույնն է, թե ընտրել ադրբեջանական գաղափարները, ռազմավարությունը, օրակարգը։ Հունիսի 7-իը թուրքական գերությունից ազատվելու ընտրություն է։
Նիկոլն ասում է՝ «Մենք մեր ժողովրդին առաջնորդել ենք դժոխքի միջով ու հասցրել ենք խաղաղ հանգրվանի»։ Սրանք իրականում խաղաղությունից հանել են ու տարել դժոխք։ Այս պահին մեր խնդիրը ավելի շատ Ադրբեջանն ու Թուրքիան չեն, այլ՝ Հայաստանի այս որակի իշխանությունը՝ խեղճացած, արժանապատվությունից զուրկ և սեփական արմատներն ուրացող։ Լավ, ո՞նց են կարողացել էսքան թրքասեր հավաքել իրար գլխի։ Մինչև չմաքրենք մեր պետական համակարգը այս օտարածին մարմնից, մենք ու երկիրը ուշքի չենք գա։
Սևակ Հակոբյան






