Եկեղեցու ապագան ձեր դեմքն ունի, այն սկսվում է ոչ թե վաղը, այլ այսօր՝ ձեր հավատքից․ Ռուբեն Սրբազան

20 Հուլիսի, 2026

Դվինի Սուրբ Հարություն եկեղեցու հովվության նախաձեռնությամբ կազմակերպվել էր երիտասարդական հանդիպում-քննարկում, որին հրավիրվել էին Մասյացոտնի թեմի տարբեր ծուխերի «ջահակիր» երիտասարդներ։ «Ջահակիր» երիտասարդական շարժման նպատակն է ձևավորել երիտասարդների համախմբված համայնք, որն առաջնորդվելով Ավետարանի արժեքներով՝ կաճի հավատքի մեջ, ակտիվորեն կմասնակցի Եկեղեցու կյանքին և իր խոսքով ու գործով կշողարձակի Քրիստոսի լույսը՝ ծառայելով հայրենիքին ու եկեղեցուն։

Օրը մեկնարկեց միասնական աղոթքով, որը մասնակիցներին համախմբեց մեկ ընդհանուր հոգևոր մթնոլորտում։ Այնուհետև երիտասարդները ներգրավվեցին ծանոթության, համագործակցության և թիմային ոգու ամրապնդմանն ուղղված ինտերակտիվ խաղերում, ինչն օգնեց ստեղծել անմիջական ու ջերմ միջավայր։

«Երիտասարդ եկեղեցի» թեմայի շուրջ ծավալվեց բաց ու արդյունավետ քննարկում՝ նվիրված եկեղեցական կյանքում երիտասարդների դերին, մասնակցությանն ու ներգրավվածության հնարավորություններին։ Այս համատեքստում, սահմանված ձևաչափով, իրականացվեց նաև մասնակիցների կարիքների ու առաջարկների հավաքագրում։

Ծրագիրը շարունակվեց թեմատիկ տեսանյութի համատեղ դիտմամբ, որը նոր խորհրդածությունների ու գաղափարների առիթ տվեց։ Ընդառաջ Դվինի հովվության խնդրանքի` երիտասարդներին այցելեց նաև Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։ Սրբազան Հայրը, անդրադառնալով «Երիտասարդ եկեղեցի» թեմային, իր խոսքում մասնավորապես նշեց.

«Սիրելի՛ երիտասարդներ Մասյացոտնի տիրախնամ թեմի,

Այս հանդիպման խորհրդածության առանցքում Ավետարանի մի կարճ, բայց անչափ խորիմաստ խոսք է. «Մարիամը վեր կացավ և շտապ գնաց…» (Ղուկ. Ա 39)։ Այս երկու բայերը՝ «վեր կացավ» և «շտապ գնաց», կարող են դառնալ մեր երիտասարդական շարժման ամբողջ ծրագրի խտացումը։ Ավետարանի լեզվով «վեր կենալը» պարզապես տեղից բարձրանալը չէ։ Դա ներքին արթնացումն է, հոգևոր նորոգությունը, հարության կյանքին մասնակցելու առաջին քայլը։ Այն մարդու ներսում տեղի ունեցող անցումն է՝ վախից դեպի վստահություն, ինքնամփոփումից դեպի սիրո հաղորդակցություն, անտարբերությունից դեպի առաքելություն։ Իսկ «շտապ գնալը» վկայում է, որ Աստծուն հանդիպած մարդն այլևս չի ապրում միայն իր համար. նա շտապում է այնտեղ, որտեղ իր ներկայությունը կարող է դառնալ օրհնություն, մխիթարություն և կյանքի վկայություն։ Մարիամը կարող էր մտածել միայն իր մասին։ Նրա կյանքը մեկ ակնթարթում փոխվել էր։ Սակայն նա չփակվեց իր մտահոգությունների մեջ։ Նա վստահեց Աստծուն և ճանապարհ ընկավ ծառայելու։

Սիրելի՛ երիտասարդներ,

Այսօր մեր հայոց աշխարհը կարիք ունի երիտասարդների, որոնք ոչ թե հանդիսատեսներ են, այլ մեր կյանքի ու արդի պատմության կերտողները։ Մեզ անհրաժեշտ են երիտասարդներ, որոնք չեն ապրում միայն սոցիալական ցանցերի «հավանումներով», այլ ձգտում են իրական հանդիպման, իրական ընկերության, իրական ծառայության։

«Ջահակիր» անունը պատահական չէ ընտրված։ Ջահը երբեք ինքնանպատակ չի վառվում։ Այն լուսավորում է ուրիշների ճանապարհը։ Դուք կոչված եք լինելու Քրիստոսի լույսի ջահակիրները՝ ձեր ընտանիքներում, դպրոցներում, համալսարաններում, աշխատավայրերում և ձեր համայնքներում։

Սակայն հիշե՛ք. պարզապես մի նոր կազմակերպություն չէ, որ ստեղծվում է։ Ձևավորվում է շարժում՝ երիտասարդների համայնք, որը կապրի Սուրբ Հոգու առաջնորդությամբ, կներշնչվի Սուրբ Գրքից, կսնվի Սուրբ Պատարագից՝ ի խնդիր ծառայության մեր համբուրելի եկեղեցուն ու մեր սիրասուն հայրենիքին։

Եկեղեցու ապագան ձեր դեմքն ունի։ Այն սկսվում է ոչ թե վաղը, այլ այսօր՝ ձեր հավատքից, ձեր ընտրությունից, ձեր նվիրումից։ Մեր տեսլականն է, որ «Ջահակիր» երիտասարդական շարժման միջոցով Մասյացոտնի թեմի յուրաքանչյուր հովվություն դառնա կենդանի հավատքի ընտանիք, որտեղ երիտասարդը ոչ միայն կընդունվի, այլև կաճի Քրիստոսի ճանաչողության մեջ, կծառայի և կբացահայտի իր կոչումը։

Երիտասարդական ձեր միությունները թող լինեն այնպիսի վայրեր, որտեղ ոչ ոք իրեն անտեսված կամ միայնակ չի զգա, որտեղ ամեն երիտասարդ կկարողանա բացահայտել Աստծուց ստացած իր պարգևը և այն ծառայեցնել եկեղեցու և հայրենիքի շենացմանը։ Մի՛ մոռացեք՝ աշխարհն այսօր առավել քան երբևէ կարիք ունի ոչ թե բարձր ձայների, այլ լուսավոր կյանքերի։ Մարդիկ ավելի շուտ կհավատան ձեր ապրած Ավետարանին, քան ձեր արտասանած խոսքերին։ Ուստի նախ դուք եղե՛ք այն լույսը, որը ցանկանում եք փոխանցել ուրիշներին։

Սիրելի՛ երիտասարդներ,

Վեր կենալու և շտապելու ժամանակը հիմա է։ Մեր ժողովրդի, մեր եկեղեցու և մեր հայրենիքի լուսավոր ապագան մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, թե ձեր երիտասարդությունը ինչպիսի խորը հավատքով, մաքրությամբ և հանձնառությամբ կապրեք։

«Ջահակիր» անունը թող լինի ոչ միայն ձեր շարժման անվանումը, այլև ձեր ինքնության դրոշմը։ Կրե՛ք ձեր սրտերում Քրիստոսի լույսը և տարե՛ք այնտեղ, որտեղ տիրապետում է խավարը, հուսահատությունը, պառակտման ավերը։ Դեռատի Աստվածամոր նման վեր կացե՛ք և շտապե՛ք՝ Քրիստոսին տանելով մարդկանց, և մարդկանց բերելով Քրիստոսի մոտ։

Թող Տերն օրհնի ձեր ճանապարհը, Սուրբ Հոգին առաջնորդի ձեր քայլերը, իսկ Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը պահապան լինի «Ջահակիր» երիտասարդական շարժման յուրաքանչյուր անդամի և Մասյացոտնի թեմի բոլոր երիտասարդներին։

Աստված թող շնորհազարդի ձեր կյանքն ու առաքելությունը»։

Քննարկումների փուլն ավարտվեց նոր առաջարկների արձանագրմամբ և հաջորդ հանդիպման պլանավորմամբ։

Նմանատիպ նյութեր

«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա․ «Փաստ»

«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջերս Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հանդես եկավ աղմկահարույց գրառմամբ ու տեսանյութով՝ կոչ անելով քաղաքացիներին քվեարկել այն թեկնածուների, այդ թվում՝ քպականների դեմ, որոնք կիրառում են վարչական ռեսուրս կամ դիմում են ապօրինությունների։ Առաջին...

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրանց գյուղի բնակիչները մեզ հայտնեցին, որ երբ կանգնում են գյուղի կենտրոնում դպրոցի նախկին շենքի մոտ կամ այլ հատվածներում, իրենց հեռախոսների էկրաններին գրվում է «Խեյրիմլի»։ Սովետական տարիներին ադրբեջանաբնակ փոքրիկ Խեյրիմլի գյուղը, որը...

ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից. «Ժողովուրդ»

ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչև նոյեմբերի 15-ը Սահմանադրական դատարանում պետք է կրկին նախագահի ընտրություն անցկացվի։ Սակայն հոկտեմբերի 14-ին տապալված ընտրություններից հետո ՍԴ-ում նոր զարգացումներ են սպասվում։ Մեր աղբյուրների...

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...