Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ հատվածում, Սարավան բնակավայրի վարչական տարածքում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Ռամին Դելավարը իր վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել ու շպրտել դրանք, որոնցից մեկն էլ մխրճվել է մեքենայի մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 11-ամյա Հ․ Դ․-ն նախ օպերատիվորեն ժամանած «Վայոց ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնություն է ստացել և հրաժարվել հիվանդանոց մեկնելուց, ապա ժամեր անց բուժօգնություն ստանալու նպատակով դիմել Երևանի հիվանդանոցներից մեկը։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բուժօգնության դիմած անչափահասը վարորդի դուստրն է։






