«Վերջին շրջանում դուք և ձեր կառավարության անդամները պարբերաբար հրապարակում եք Հայաստանում աշխատատեղերի թվի աճի վերաբերյալ տվյալներ՝ դրանք ներկայացնելով որպես կառավարության տնտեսական քաղաքականության կարևորագույն արդյունքներից մեկը։ Սակայն պաշտոնական տարբեր աղբյուրների տվյալների համադրումն արդեն հարցեր է առաջացնում ոչ միայն վիճակագրության, այլև այդ աշխատատեղերից առաջացող հարկերի և պարտադիր վճարների վերաբերյալ։
Տեսեք, 2018 թվականին, երբ որ եկաք իշխանության, Զինապահ հիմնադրամին 1000 դրամ վճարողները՝ գրանցված աշխատողները, 522 հազար էին։ Մի քանի ամիս անց արդեն այդ թիվը 601 հազար էր, որը ողջունելի էր, բայց 2026 թվականին պատկերն արդեն դառնում է անհասկանալի։
2026 թվականի հունիս ամսին կառավարության ներկայացուցիչները՝ Գևորգ Պապոյանը, ՊԵԿ-ի ներկայացուցիչները, նաև դուք, հայտարարում եք, որ աշխատատեղերի թիվը կազմում է շուրջ 829 հազար։ Տեսեք՝ ՊԵԿ-ի գրության համաձայն, որը ես ուղղել եմ՝ պահանջելով դրոշմանիշային վճարներ վճարողների քանակը, պարզվում է, որ այդ թիվը 765 հազար է, այսինքն՝ 765 հազար մարդ է վճարում դրոշմանիշային վճար։
Եվ եթե նվազագույն՝ 75 հազար դրամ աշխատավարձի շեմը վերցնում ենք և փորձում ենք իրենցից գոյացող հարկերը հաշվարկել, ստացվում է, որ բյուջե չի մուտքագրվում 1 միլիարդ 277 միլիոն դրամ։ Ընդ որում՝ ավելի բարձր աշխատավարձ և դրոշմանիշային վճարի պարագայում միտումնավոր չեմ հաշվել՝ ի օգուտ կառավարության։
Ես, իհարկե, չեմ համարձակվի կասկածել ձեր կառավարության պաշտոնական թվերին և ենթադրել, որ 64 հազար 673 աշխատատեղ պարզապես ավելացվել է գեղեցիկ վիճակագրություն ստանալու համար։ Ուստի ձեր և ձեր կառավարության հրապարակած շուրջ 829 հազար աշխատատեղերի թիվն ընդունում եմ որպես փաստ։
Հարց․ որտե՞ղ է ամեն ամիս կորում այդ 64 հազար 673 աշխատատեղերից առաջացող շուրջ 1.2 միլիարդ դրամը, և ինչո՞ւ այն չի արտացոլվում Հայաստանի համապատասխան հարկերի և պարտադիր վճարների մեջ»,- այս հարցն է ուղղել Նիկոլ Փաշինյանին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը, որին ի պատասխան Փաշինյանը մեջբերում արեց Աստվածաշնչի «Առակաց» գրքից։
Մանրամասն՝ տեսանյութում։





