Ի դեպ, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել գազի արտահոսքի պատճառով։ Զոհվել է 6 քաղաքացի։ Ամբողջ երկրում սուգ է հայտարարվել։
Իհարկե Հայաստանի իշխանությունները շատ բան ունեն սովորելու շատ տարբեր երկրներից, օրինակ՝ պետական միջոցների ծախսման, արտաքին քաղաքականության, տնտեսական ու սոցիալական քաղաքականության, կենսաթոշակառուների նկատմամբ վերաբերմունքի, ինչպես նաև պարզապես մարդկային վերաբերմունքի հարցերում։
Սակայն այս դեպքում, կարծում եմ, արժե սկսել հենց մարդկային վերաբերմունքից։
Օրինակ, Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական հարձակման հետևանքով 225 զոհ ունեցանք։ Սուգ հայտարարվե՞ց։ Ո՛չ։
Իսկ հիշո՞ւմ եք Ազատ գյուղի զինվորական կացարանի ողբերգությունը։ Սուգ հայտարարվե՞ց։ Ո՛չ։ Ինչո՞ւ չհայտարարվեց։
Հետո Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին պատերազմն էր, որին հաջորդեց Ստեփանակերտի մատույցներում տեղի ունեցած վառելիքի պահեստի պայթյունը, Արցախի հայաթափումը։ Սուգ հայտարարվե՞ց։ Իսկ 44-օրյա պատերազմից հետո սուգ հայտարարվե՞ց։ Ո՛Չ։
Ինչի՞ մասին է խոսքը, եթե այսօր զոհերի մասին խոսելն անգամ Նիկոլ Փաշինյանը համարում է զոհերի հիշատակը շահարկելու փորձ, եղկելի է համարում Եռաբլուրի մասին խոսելը։ Մինչդեռ ժամանակին ՔՊ-ն հայտարարում էր, թե քաղաքացին իրենց համար գերագույն արժեք է։
Քաղաքացուն զոհ տալը, փաստորեն, շատ հեշտ է, բայց այդ քաղաքացու մահվան համար սգալը, նրա հիշատակը հարգելը, նրա ընտանիքի ցավը կիսելը, պարզվում է, իշխանությունների համար բոլորովին այլ հարց է։ Եվ ակնհայտ է, որ մարդկային վերաբերմունքի այդ տարրական դրսևորումը ևս այս իշխանությունների գործելաոճում բացակայում է։






