«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրում է. «Քննչական կոմիտեն այդպես էլ չի կարողանում նշել Քրեական դատավարության օրենսգրքի և ոչ մի հոդված, որը քննիչին իրավունք է տալիս իրականացնել «կապարակնքում» կամ կիրառել «ժամանակավոր սահմանափակում»։
ՔԴՕ 208-րդ հոդվածով սահմանված քննչական գործողությունների սպառիչ ցանկում նման հասկացություն պարզապես գոյություն չունի։
Կոմիտեի պաշտոնական հայտարարությունը, թե «իրավասու չէ մեկնաբանելու քննիչի լիազորությունները», իրավական ինքնախոստովանություն է, որ իրենք կիրառել են օրենքով չնախատեսված, ապօրինի գործիքակազմ։
Խուզարկությունն ավարտվելուց և փաստաթղթերն առգրավելուց հետո տարածքները շարունակում են փակ մնալ «անորոշ ժամկետով»։
ՊԵԿ աշխատակիցների հնարավոր ստուգումները չեն կարող հիմք հանդիսանալ քրեադատավարական կարգով տնտեսվարողի գործունեությունն ամբողջությամբ կաթվածահար անելու համար։
Կոմիտեի պնդումը, թե նման ապօրինի սահմանափակումների վերաբերյալ «առանձին վիճակագրական հաշվառում չի վարվում», վկայում է այն մասին, որ բիզնեսների ապօրինի փակումը դարձել է անհաշվետու և կամայական պրակտիկա։
Շարքային քաղաքացիների սահմանադրական իրավունքների ոտնահարում. Հարյուրավոր աշխատակիցներ զրկված են աշխատանքի իրավունքից (ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդված) և նույնիսկ իրենց անձնական իրերը տարածքից դուրս բերելու հնարավորությունից՝ առանց որևէ դատավարական հիմնավորման։
Իշխանությունը քրեական դատավարությունը վերածել է տնտեսական ռեկետի և քաղաքական ճնշման գործիքի։ Քննչական մարմինները հորինում են օրենքում չգոյություն ունեցող «սահմանափակումներ»՝ հարվածելու համար իրենց ոչ հաճելի բիզնեսներին։ Սա իրավական պետություն չէ, սա պետականացված կամայականություն է։
Երբ պատգամավորական հարցմանն ի պատասխան պաշտոնապես գրում են՝ «մենք իրավասու չենք մեկնաբանել օրենքը», դա նշանակում է ընդամենը մեկ բան. չունեն ոչ մի հոդված, ոչ մի օրինական հիմք։ Փակում են բիզնեսները՝ «մենք այդպես որոշեցինք» սկզբունքով։
Սպառնալիք Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուն և տնտեսվարողին
Այսօր «Toyota»-ն է, «Orange Fitness»-ը կամ «Play City»-ն, վաղը լինելու է փոքր խանութը, ատամնաբուժարանը կամ արտադրամասը։ Եթե պետական ապարատը կարող է առանց օրենքի հոդվածի, «անհայտ ժամկետով» կապարակնքել խոշոր ընկերությունները, ապա Հայաստանում ոչ մի տնտեսվարող և ոչ մի ներդրող պաշտպանված չէ։
Անորոշությունը տնտեսության թիվ մեկ թշնամին է։ Երբ քննչական մարմինը հայտարարում է, թե «չգիտի» երբ կբացվեն տարածքները և չի վարում նույնիսկ վիճակագրություն, սա ոչ թե հանցագործության բացահայտում է, այլ տնտեսական ահաբեկչություն սեփական տնտեսության նկատմամբ»։